00:19 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը

Երիտասարդականը նորից պարտվեց

© Федерация Футбола Армении
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Չորս օրվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու պաշտոնական հանդիպում անցկացրեց Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում, և երկու դեպքում էլ պարտվեց նվազագույն հաշվով:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հաշվետու խաղում մեր երիտասարդականը մրցեց խմբի առաջատար Սերբիայի իր հասակակիցների հետ ու զիջեց մրցակցին 0:1 հաշվով:

Իհարկե, երբ թիմը պարտվում է, արդեն իսկ հնարավոր չէ խոսել ինչ-որ հաջողության մասին: Արդյունքը զրոյական է, հետևաբար պարտվողը մեղավոր է: Բայց Ռուսաստանի ու Սերբիայի երիտասարդական հավաքականների հետ խաղերում միայն բացասականի մասին չէ, որ պետք է խոսել: Հաշվի առնելով մեր երիտասարդական ընտրանու նախորդ հանդիպումները, վստահ կարելի է ասել, որ խաղի ու խաղացողների գործողությունների մեջ փոփոխություն կա:

Նախ և առաջ` վերը նշածը վերաբերում է մեր տղաների վստահությանը, որը խաղից խաղ բարելավվում է: Մեր ֆուտբոլիստներն անհամեմատ ավելի համարձակ են գործում, բայց կարգով առայժմ զգալի զիջում են ուժեղ թիմերին: Կարգն ու կայունությունը վարպետության նշան են, հետևաբար, մենք վարպետությամբ էլ ենք զիջում մրցակիցներին:

Իհարկե, անելիքներ շատ ունենք: Իհարկե, արդյունքը չի կարող բավարար համարվել, բայց մեր տարբեր տարիքային հավաքականներում խնդիրը համարյա նույնն է: Հայաստանի ներքին առաջնության թիմերում հանդես եկող պատանի կամ երիտասարդ ֆուտբոլիստների թիվը նախ՝ շատ չէ, ինչն ընտրության սահմանափակում է մտցնում մեր մարզիչների համար, իսկ այդ սահմանափակումն էլ առաջնում է, քանի որ մեր առաջնությունները թույլ են, ու պահանջներին համապատասխանող ֆուտբոլիստներ գտնելը, մեղմ ասած, շատ դժվար է:

Սերբիայի երիտասարդական հավաքականի հետ խաղում գոլային պահերով առավելությունը մրցակցինն էր, բայց խաղի վերջին րոպեին մեր ֆուտբոլիստները չօգտագործեցին հարյուր տոկոսանոց գոլային հնարավորությունն, ընդ որում, ինչպես և ռուսների հետ խաղում: Ստացվեց, որ երկու խաղերում էլ մենք կարող էինք մեկական միավոր ու համապատասխանաբար, երկու միավոր վաստակել, բայց երկու խաղերում էլ պարտվեցինք: Ինչպես ասում են՝ բախտը ժպտում է ուժեղներին

Մեր հավաքական թիմերում գոյացած խնդիրների մասին կարելի է երկար ու անսպառ խոսել ու գրել: Այդ պատճառով, պարզապես, անդրադառնանք մեր երիտասարդական հավաքականի արդյունքին այսօրվա խաղից հետո: Արթուր Ոսկանյանի թիմը յոթ խաղերից հետո ունի նույնքան միավոր ու աղյուսակում երրորդ տեղում է, բայց մյուս թիմերն ավելի քիչ հանդիպումներ են անցկացրել, քան մեր հավաքականը: Խմբի առաջատարը Սերբիայի երիտասարդական հավաքականն է, որը Երևանում տոնեց հինգերորդ անընդմեջ հաղթանակը խմբային փուլում:

Գլխավոր թեմաներ