00:01 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արսեն Հարությունյան

Ինչպես 19–ամյա Արսենը հաղթեց վրացուն, իսկ Թևանյանը պարտվեց Ալիևին

© Sputnik / Asatur Yesayants.
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
6910

Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցած հայ ըմբիշներից երկուսը հաստատ չեն մոռանա իրենց առաջին մրցաշարը մեծ գորգի վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, 19–ամյա Արսեն Հարությունյանն ամբողջ կյանքում կհիշի Բուխարեստում գրանցած հաղթանակը։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Այդ հաղթանակն անմոռանալի էր ինձ համար»,– ասաց Հարությունյանը` անդրադառնալով վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ հաղթանակին։

Բուխարեստում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Հայաստանի հավաքականն Արսեն Հարությունյանի շնորհիվ ապրիլի 10-ին 61 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեկ մեդալ: Արսենի հաղթանակն այնքան էր տպավորել բոլորին, որ եզրափակիչ գոտեմարտից հետո ամբողջ դահլիճը քննարկում էր հայ ըմբիշի նվաճումը:

Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն էլ նշեց, որ Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Արսենի հաղթանակը շատ էր զարմացրել բոլորին:

«Ոչ ոք չէր մտածում, որ երիտասարդ ըմբիշը կարող է այսպես գոտեմարտել անհամեմատ փորձառու ըմբիշների հետ ու հաղթել նրանց»,– ասաց նա:

Եվրոպայի չեմպիոնն էլ ավելացրեց, որ պարզապես կարողացել է ցույց տալ այն, ինչ կարողանում է, և մարզչական աշխատանքը նպատակին է հասել։

«Եզրափակիչում, երբ պարտվում էի 0:8 հաշվով, ակնթարթորեն հիշեցի, թե ինչքան ենք չարչարվել մրցաշարից առաջ: Եվ դա եղավ իմ խթանիչը վերջնական հաղթանակի հասնելու գործում»,– ասաց նա:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ համարում է, որ թեև ըմբշամարտը մենապայքարային մարզաձև է, այդուհանդերձ աշխատանքը, որ կատարվում է մրցաշարերից առաջ, թիմային է։

Նրա խոսքով` յուրաքանչյուր հաղթանակ կամ պարտություն մեկինը չէ, այլ բոլորինը։

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը, որը Բուխարեստում անցկացված առաջնությունում վնասվածք ստացավ ու պարտվեց ապագա չեմպիոնին`ադրբեջանցի Հաջի Ալիևին:

«Մրցավարական վրիպում էր այն, որ Վազգենի գոտեմարտը Ալիևի հետ ավարտվեց 0:1 հաշվով: Մեր ըմբշամարտում, ըստ կանոնակարգի, գոտեմարտն այդպես ավարտվելու իրավունք չունի: Բայց ես սրանով չեմ ուզում ասել, որ մրցավարական խնդիր ենք ունեցել: Ամեն ինչ այդ առումով նորմալ էր, իսկ բացթողումները, անկասկած, հաշվի կառնվեն: Վազգենի համար էլ կարող եմ ասել, որ եթե չլիներ վնասվածքը, մենք բրոնզե մեդալ կարող էինք վաստակել»,– ասաց Կուրղինյանը:

Նշենք, որ ըմբիշն Ալիևի հետ գոտեմարտի ժամանակ վնասել էր մատը։

«Ես տպավորված չեմ իմ գոտեմարտերից, որովհետև մեկը շատ կարճ տևեց, մյուսում էլ պարտվեցի: Բայց զգացի, թե ինչ բան է նման կարգի մրցաշարի մասնակցելը։ Հուսով եմ` գալիք մրցումների ընթացքում ավելի լավ ելույթներ կունենամ», - ավելացրեց Վազգեն Թևանյանը:

Հիշեցնենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը (ապրիլի 8-14) Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 9 ըմբիշ, և միակ մեդալը նվաճեց Արսեն Հարությունյանը։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ