02:53 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
267 0 0

«Գանձասար-Կապան» թիմի 39-ամյա փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարել էր, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու իր մարզական կարիերայում: Բայց 4 տարվա ընդմիջումից հետո ազգային հավաքական հրավիրվելը կարող է փոխել այդ որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նոյեմբերի 15-ին և 18-ին կայանալիք Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ խաղերին հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Այդ հայտացուցակում երկարատև ընդմիջումից հետո տեղ է գտել նաև հավաքականի կազմում 29 խաղ անցկացրած դարպասապահ Գևորգ Կասպարովի անունը:

2015 թվականին Եվրո-2016-ի ընտրական` Հայաստան-Ալբանիա խաղից հետո (Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտություն կրեց 0:3 հաշվով) Գևորգ Կասպարովն այլևս հավաքական չէր հրավիրվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձառու դարպասապահը նշեց, որ հերթական անգամ ուրախանալու առիթ ունեցավ: «Անկեղծ ասած` միշտ էլ սպասել եմ այս պահին: Չորս տարի, մեկ ամիս ես սպասում էի, որ մի օր ինձ նորից կկանչեց ազգային թիմ, ու այդ օրը եկավ»,- նշեց Կասպարովը:

Հարցին, թե արդյոք իր որոշումը` կարիերան ավարտելու հետ կապված, կմնա անփոփոխ, Կասպարովը նշեց՝ գաղտնիք չէ, որ ֆուտբոլում դարպասապահն ավելի երկարակյաց է: «Չի բացառվում, որ փոխեմ որոշումս, որովհետև ևս մեկ ռեկորդ կարող եմ սահմանել` դառնալով Հայաստանի առաջնությունում հանդես եկած ամենատարեց դարպասապահը: Ամեն դեպքում, հավաքական հրավիրվելն արդեն նշանակում է, որ ինձ չեն մոռացել ու վստահում են, իսկ ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ հավաքականի մարզաշապիկը կրելուն»,-ասաց Կասպարովը:

Աբրահամյան. «Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց օրակարգում չկա»

Նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը պատկանում է 1992 թվականին «Կանազի» դարպասը պաշտպանած Ռոբերտ Պալյանին, որն իր վերջին խաղն անցկացրել է 40 տարեկան 94 օրականում: Հետևաբար Կասպարովը, որը ծնվել է 1980 թվականի հուլիսի 25-ին, այդ ռեկորդը կարող է գերազանցել, եթե շարունակի իր ելույթները Հայաստանի հաջորդ առաջնությունում առնվազն մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը:

Իր մարզական կարիերայի ընթացքում Կասպարովն ունեցել է և՛ լավ հանդիպումներ, և՛ եղել են սխալներ: Դարպասապահը հիշում է, որ խաղեր են եղել, որոնց ընթացքին խանգարել են ոչ ֆուտբոլային հանգամանքները։ «2007 թվականին Եվրո-2008-ի Բելգիա –Հայաստան հանդիպման ընթացքում մեր թիմը շատ լավ էր խաղում ու հավասար պայքար էր մղում ավելի ուժեղ մրցակցի հետ: Բայց երկրորդ խաղակեսի միջնամասում մի մերկ տղամարդ երկրպագու ներխուժեց խաղադաշտ, ու դրանից հետո մեր թիմը երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: Չեմ ուզում ասել, որ այդ երկրպագուն փոխեց խաղի ընթացքը, բայց մեր ֆուտբոլիստների կոնցենտրացիայի վրա այդ պահը ազդեց»,- ժպտալով պատմում է Կասպարովը:

Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հիմնականում դարպասապահի խնդիր ունեցել է, որն ավելի ակնառու դարձավ Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելուց հետո:

«Դարպասապահի համար ամենակարևորը կայունությունն է: Հարձակվողը կամ կիսապաշտպանը կարող են սխալվել, հետո ուղղել այդ սխալը, իսկ դարպասապահի սխալը կարող է լինել ճակատագրական»,–ասում է փորձառու դարպասապահը:

Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ

Զրույցի վերջում Գևորգ Կասպարովը խոստանում է ամեն ինչ անել, որ մեր պաշտպանները զգան՝ իրենց թիկունքն ամուր է և այնտեղից խնդիր չկա:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Նոյեմբերի 7-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից նշանակումից հետո, տեսչության գործկոմը հաստատեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը:

Ըստ թեմայի

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Հաստատվեց` Էրիկ Վարդանյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Սոչի» թիմում
Դաշտ դուրս գալուց երկու րոպե անց` գոլ. Ադամյանը հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին». տեսանյութ
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Գևորգ Կասպարով, դարպասապահ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ