06:05 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
93620

Արայիկ Գևորգյանը ազատ ոճի ըմբշամարտում միակ հայ ըմբիշն է, որին հաջողվել է 3 անգամ դառնալ աշխարհի չեմպիոն: Իհարկե, դա միակ նվաճում չէ .Եվրոպայի չեմպիոն, մրցանակակիր...: Sputnik Արմենիայի հետ զրույցում հանրահայտ ըմբիշը պատմել է իր կարիերայի մասին, հիշել զվարճալի դեպքեր։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Օլիմպիական պատվանդանի կողքին

Երեք անգամ՝1995, 1997 և 1998 թվականներին աշխարհի չեմպիոն հռչակվելով` Արայիկ Գևորգյանը յուրահատուկ ռեկորդ է սահմանել ազատ ոճի հայ ըմբշամարտիկների համար: 1996 և 2000 թվականների օլիմպիական խաղերում հայ ըմբիշն իր քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդ էր համարվում: Հատկապես Ատլանտայում՝ 1996 թվականին, նա շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն։

Араик Геворкян
Արայիկ Գևորգյանը

«Անպայման հաղթելու ցանկությունն ինձ խանգարեց նպատակիս հասնելու գործում: Կիսաեզրափակիչում ամերիկացի Թաուսեն Սանդերսը գորգ էր դուրս եկել մի նպատակով` պաշտպանվել ու միավոր չտալ: Գոտեմարտի ավարտին մնում էր 15 վայրկյան, ու 0:0 հաշվի պայմաններում հաղթանակը կշնորհվեր ինձ, քանի որ մրցակիցս ավելի շատ նկատողություններ ուներ: Չորեքթաթ վիճակում որոշեցի անպայման միավոր վաստակել, բայց պարզապես սահեցի Սանդերսի մարմնի վրայով, ու միավոր վաստակեց նա: Շատ ցավալի պարտություն էր, որը փակեց իմ առջև օլիմպիական պատվանդանի ճանապարհը»,- պատմում է Գևորգյանը:

Առաջ մղող ուժը

Արայիկ Գևորգյանը գտնում է, որ իր մարզական կարիերայում հաջողությունները լիարժեք կիսում է երկու մարդու՝ իր հոր՝ Հրաչյա Գևորգյանի և անձնական մարզիչ՝ Ռազմիկ Գոլեցյանի հետ: 2000 թվականի օլիմպիական խաղերից առաջ Ռազմիկ  Գոլեցյանը մահացավ, ու դա մեծ հարված էր ըմբշամարտիկի համար։

«Հաճախ են ասում, որ անփոխարինելի մարդիկ չկան: Բայց իմ մարզիչն անփոխարինելի էր ինձ համար: Ես շատ ծանր տարա նրա կորուստը։ Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Գոլեցյանի մահը ազդեց իմ ելույթի վրա»,-հիշում է Գևորգյանը:

Չլսող ըմբիշը

Կարիերայի ընթացքում Գևորգյանը հայտնի էր ոչ միայն իր նվաճումներով.մարզիչները շատ լավ հիշում են մարզական ռեժիմի նրա խախտումները։

«Երբեմն քնել-հանգստանալու փոխարեն սպիտակ սավանները կապելով պատուհանից դուրս եմ եկել ու ման եկել քաղաքով: Երիտասարդ էինք, չէինք հասկանում, որ մրցումներից առաջ կարևոր է հանգիստը»,–պատմում է մարզիկն ու հիշում, թե 1993 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ ինչպես փրկվեց հավաքականից հեռացվելուց, երբ արդեն մի զգուշացում ուներ։

Ուկրաինայի Ալուշտա քաղաքում  ցերեկվա հանգստի ժամին մի քանի թիմակիցների հետ Արայիկը գնում է կինո ու վերադառնալու պահին նրանց նկատում են:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

«Ասեցին, որ հեռացված ենք հավաքականից: Ամբողջ օրը սպասում էինք, որ մեզ ուղարկելու էին Հայաստան: Երեկոյան մարզիչներն ասեցին, որ ներելու միակ տարբերակը մարզադաշտում 30 շրջան վազելն է: Իսկ մենք այդ օրն արդեն 30 շրջան վազել էինք: Բայց ինչ արած: Հորդառատ անձրևի տակ լրիվ վազեցինք տարածությունը»։ Պարզվեց արժեր վազել, անգամ անձրևի տակ, չէ որ Եվրոպայում Արայիկ Գևորգյանը նվաճեց արծաթե մեդալ:

Խոսքի տեր ըմբիշը

Մրցումների ընթացքում զավեշտալի շատ դեպքեր են լինում, Գևորգյանը հիշեց 1998 թվականի աշխարհի առաջնությունում իր հետ պատահածը։

Араик Геворкян
Արայիկ Գևորգյանը

«Եզրափակիչ գոտեմարտերից առաջ, բոլոր ըմբիշները մարզվում էին նախավարժանքի դահլիճում, ու միևնույն ժամանակ զրուցում: Բարեկամական մթնոլորտ էր, չնայած մրցակիցներ էինք: Ես գոտեմարտելու էի Ուկրաինան ներկայացնող Զազա Զազիրովի հետ: Նա մտավ դահլիճ ու բարևելուց հետո առանձնացավ` փորձելով չխոսել ոչ մեկի հետ: Ես փորձեցի զրույցի բռնվել, բայց նա հրաժարվեց: Ու Զազային ասեցի՝ քեզ հաղթելու եմ 1:0 հաշվով: Ու եթե նույնիսկ էլի միավոր վաստակելու հնարավորություն ունենամ չեմ անի»,–պատմում է Գևորգյանը:

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

Թերևս, նրա խոսքերը շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Զազիրովի վրա: Գոտեմարտը հայ ըմբիշը հաղթել է հենց 1:0 հաշվով ու  2–րդ միավորը վաստակելու հնարավորությունը հատուկ բաց է թողել իր ձեռքից։

Ըմբշամարտում թշնամություն չի եղել

Հիմա գոտեմարտեր դիտելիս մենք ավելի ենք լարվում, երբ հայ ըմբիշի մրցակիցը լինում է ադրբեջանցի կամ թուրք: Արայիկ Գևորգյանը հիշում է, որ անկախ ազգությունից այն ժամանակ գորգից դուրս բոլորն էլ ընկերներ էին։

«1997 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ես գոտեմարտեցի ու հաղթանակ տար թուրք Յուքսել Շանլիի նկատմամբ: Մինչև հիմա էլ սոցցանցերում շփվում ենք: Կար նաև ադրբեջանցի Ալախվերդիև ազգանունով մի ըմբիշ, որին միշտ հաղթել եմ: Վերջինս մի քիչ շփվող չէր, բայց միևնույնն է թշնամություն չկար մեր մեջ: Չգիտեմ, միգուցե դա մեր սերնդից էր, կամ մեր ժամանակ էր ուրիշ։ Բայց ըմբշամարտում գորգի վրա էինք միայն մրցակից, գորգից դուրս` ընկերներ»,- ասում է Գևորգյանը:

Արայիկ Գևորգյանը Հայաստանում մարզչական աշխատանքով երբեք չի զբաղվել: Ասում է, որ իրեն չեն հրավիրել, չնայած դեմ չէր լինի օգուտ տալ մեր ազատ ոճայիններին: Իսկ ապագայում Գևորգյանն ուզում է Ռազմիկ Գոլեցյանի անվան դպրոցի մի քանի պատանի ըմբիշի տեղափոխել Գերմանիա՝ Բեռլին ու մարզել, որովհետև տեսնում է, որ կան ուժեղ ըմբիշներ, բայց նրանց ունակությունները զարգացնել է պետք:

Ըստ թեմայի

Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը
Սպորտի զարգացումն Առաջին հանրապետությունում. ինչպես մոխիրներից հառնեց ամեն ինչ
Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ
թեգերը:
աշխարհի չեմպիոն, մեդալ, Օլիմպիական խաղեր, Արայիկ Գևորգյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ, ըմբիշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ