18:08 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
119220

Հայկական ֆուտբոլում տիտղոս բերող հաղթանակները շատ չեն եղել: Միշտ հիշում ենք «Արարատի» դուբլը նախկին ԽՍՀՄ առաջնություններում՝ 1973 թվականին: Բայց youtube պորտալի միջոցով վերհիշել ենք ևս մեկ հաղթանակ, որը ռազմավարական տեսանկյունից պակաս կարևոր չէր:

Խաչիկ Չախոյան Sputnik Արմենիա

1979 թվականին համախորհրդային մրցաշարի՝ «Կաշվե գնդակի», մրցումներում չեմպիոն դարձավ Լենինականի (այժմ` Գյումրի) «Գյումրին»:  Ինչպե՞ս այս ակումբին հաջողվեց 2 անգամ հաղթել ադրբեջանական թիմին, որը, այսպես ասած, ոչ միայն մարզադաշտում էր հակառակորդ, ինչ միջադեպ գրանցվեց ու ինչպես վերջում ադրբեջանցիները ճանապարհեցին հաղթող թիմին։ Sputnik Արմենիային հաջողվել է խոսել 41 տարի առաջ կայացած եզրափակիչի մասնակիցների հետ:

Архивная фотография юношеской футбольной команды Гюмри
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբը. 1979թ.

«Կաշվե գնդակի» մինչև 14 տարեկան ֆուտբոլիստների մրցումներում 1979 թվականին Լենինականի «Գյումրին» միայն հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցն էր Ադրբեջանի «Քյափազ» ակումբը:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Ռուսաստանի Սամարա (այն ժամանակ` Կույբիշև) քաղաքում սպասվող «Կաշվե գնդակի» եզրափակիչը` «Գյումրիի» և «Քյափազի» միջև, սկզբունքային նշանակություն ուներ ադրբեջանական թիմի համար: Դրանից երկու տարի առաջ՝ 1977թվականին, մինչև 12 տարեկան ֆուտբոլիստների մրցաշարում «Գյումրին» հաղթել էր «Քյափազին» 1:0 հաշվով ու դարձել չեմպիոն: Երկու տարի անց հայկական թիմի մրցակիցն ամեն ինչ անելու էր «պատասխան» հաղթանակը կորզելու համար: Եվ դա շատ լավ հիշում է «Գյումրիի» մարզիչներից մեկը՝ Ժորա Բարսեղյանը:

Медаль победителя детского футбольного турнира Кожаный мяч 1979 года (СССР)
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբի շահած մեդալը «Կաշվե գնդակ» մրցաշարում. 1979թ.

«Մրցումների կազմակերպիչները «Գյումրիի» խաղին շատ բարձր գնահատական էին տալիս ու համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Եզրափակչից առաջ ադրբեջանական թիմը համալրվեց վեց նոր ֆուտբոլիստներով:  Հիշելով երկու տարի առաջ կրած պարտությունը` ադրբեջանցիները նոր ֆուտբոլիստներ բերեցին իրենց երկրից, որպեսզի անպայման հասնեն հաղթանակի: Մենք, ճիշտ է, ուսումնասիրել էինք մրցակցին, բայց պարզվեց, որ լրիվ այլ թիմի հետ ենք խաղալու եզրափակիչում»- հիշում է Ժորա Բարսեղյանը:

«Գյումրիի»  գլխավոր մարզիչ, երջանկահիշատակ Հայկ Ավետիսյանը ֆուտբոլիստներին անընդհատ ոգևորում էր ու իր խրոխտ ձայնով գոռում, որ չեմպիոնը «Գյումրին» է լինելու, և ոչ մի թիմ մեզ հաղթել չի կարող: Սա արդեն այն ժամանակ «Գյումրիի» հարձակվող Սամվել Նիկոլյանի հիշողություններն են խաղից 41 տարի անց։ Նիկոլյանը երկար տարիներ խաղացել է մեծ ֆուտբոլում խորհրդային և անկախ Հայաստանի առաջնություններում։

Самвел Николян во время интервью агентству Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ

«Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի ու այլ արդյունքի մասին չէինք էլ մտածում: Խաղի ընթացքում երևաց, որ «Քյափազի» հիմնական նպատակը իրենց դարպասն անառիկ պահելն է: Մենք ունեցանք գոլային բազմաթիվ պահեր, բայց մրցակցին հաջողվեց կատարել իր առաջադրանքը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որոնցում մենք ավելի դիպուկ էինք: Բոլորս ցատկում ու գոռում էինք ուրախությունից, իսկ «Քյափազի» ֆուտբոլիստներն արտասվում էին եզրափակիչից հետո» ,- պատմում է Նիկոլյանը:

Самвел Николян
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը

Իհարկե, ծեծկռտուքից խուսափել չեղավ։ Նիկոլյանը հիշում է, որ մրցումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլիստների միջև տհաճ միջադեպ` թեթև ծեծկռտուք գրանցվեց: Ու եզրափակիչում բնականաբար հաղթանակի ձգտումը երկու կողմի ֆուտբոլիստների համար էլ ավելի սրվեց։

«Չնայած, որ մենք, մեղմ ասած, իրար նկատմամբ լավ տրամադրված չէինք, եզրափակիչից հետո, երբ մեր թիմն արդեն պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, «Քյափազի» ֆուտբոլիստները հաճելի անակնկալ մատուցեցին: Նրանք մեր թիմի ֆուտբոլիստների պայուսակները տեղափոխեցին ավտոբուս` այսպես արժանին մատուցելով չեմպիոն թիմին» - հիշում է Նիկոլյանը:

«Կաշվե գնդակի» մրցումներում հայկական թիմերից շատերն են հաղթանակի հասել տարբեր տարիքային խմբերում: Այդ հաղթանակներն ապացուցում էին, որ ֆուտբոլի հայկական դպրոցը կա ու ապագան էլ մշուշոտ չէ: Այդ պատճառով էլ վարպետ թիմերի մարզիչները հետագայում ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն ունեին: Ցավոք, այդ հնարավորությունը չունեն հայկական թիմերի ներկայիս մարզիչները:

1979 թվականին չեմպիոն դարձած թիմի կազմում կային շատ հեռանկարային ֆուտբոլիստներ: Նրանցից Սամվել Նիկոլյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Արմեն Ղուկասյանը հետագայում իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում նաև մեծ ֆուտբոլում:

Ըստ թեմայի

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
թեգերը:
Ծեծկռտուք, մեդալ, ԽՍՀՄ, Ադրբեջան, հաղթանակ, Գյումրի, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ