18:51 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
314 0 0

Քանի դեռ պատերազմն Արցախում շարունակվում է, ՈւԵՖԱ-ի ժամանակավոր արգելքը` Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականներին սեփական հարկի տակ խաղեր չանցկացնելու, շարունակում է գործել։ Մեր ընտրանու հաջորդ «սեփական հարկը» Կիպրոսն է։

ԵՐԵՎԱՆ 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես նաև երիտասարդական հավաքականը, նոյեմբերի ամսին սեփական հարկի տակ անցկացվելիք հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում։

Ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլի ազգային  հավաքականի, որը Ազգերի լիգայի մրցաշարում առանցքային հանդիպումներ է անցկացնելու, ու լավ հնարավորություն ունի խմբում վերջնական հաղթանակի հասնելու համար, երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական խմբում նման շանս չունի։ Բայց միևնույնն է, սեփական հարկի տակ խաղերը էականորեն տարբերվում են մրցակցի հարկի տակ անցկացվող խաղերից։ Հիմա մեր «սեփական հարկը» ստիպված պետք է համարենք Կիպրոսը։ Իսկ ինչո՞ւ են հենց Կիպրոսը նախընտրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները։

Սեփական հարկի տակ խաղի կազմակերպչական բոլոր ծախսերը իրականացնում է ընդունող երկիրը։ Տվյալ դեպքում Հայաստանը։ Բայց ֆինանսականը չէր Կիպրոսն ընտրելու պատճառ դարձել։ Մեր ազգային հավաքականը Կիպրոսում բազմաթիվ խաղեր է անցկացրել` և՛ պաշտոնական, և՛ ընկերական մակարդակով։ Վերջապես այս երկրի ներքին առաջնությունում հանդես են եկել և գալիս են շատ հայ ֆուտբոլիստներ։ Ինչո՞վ է Կիպրոս տարբերվում մյուս երկրներից։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 54 խաղ անցկացրած Արթուր Ոսկանյանը, որը նաև հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Դիգենիս» Մորֆու և «Էթնիկոս» Ախնա թիմերում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսը կոնկրետ հայերի համար բարեկամական երկիր է։ Նա պատմում է, որ Կիպրոսում ավելի զարգացած է ակումբների երկրպագուների շարժումը։ Հավաքականների մակարդակով  այնքան էլ շատ երկրպագուներ չեն գալիս մարզադաշտ։

«Ես շատ եմ հանդիպել կիպրոսցիների, որոնք հաղթական խաղից հետո շնորհավորել են ինձ, առաջարկել մի կտոր հաց կիսել իրենց հետ։ Խաղերից մեկի ժամանակ էլ լսում էի, թե ինչպես էին վանկարկում Ոսկանյան, Արմենիա։ Կարճ ասած` զգացել եմ ինձ ինչպես տանը, չնայած տանը չեմ եղել։ Բացի այդ Կիպրոսում ադրբեջանցիներ և թուրքեր չկան։ Սա էլ շատ կարևոր գործոն է։ Չնայած նրան, որ երկրպագուներ չեն լինելու տրիբունաներում, միևնույնն է` Կիպրոսում խաղալը, երևի թե Հայաստանում խաղալուց բացի, մյուս լավ տարբերակն է»,- ասում է Ոսկանյանը։

Артур Восканян
Федерация Футбола Армении
Արթուր Ոսկանյանը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ևս մեկ ֆուտբոլիստ՝ Արթուր Եդիգարյանը, մեր ընտրանու կազմում 2012 թվականին Կիպրոսում մասնակցել է Հայաստան-Կանադա ընկերական խաղին։ Այդ խաղում մեր հավաքականը հաղթել է 3։1 հաշվով։

«Դե հաղթական խաղից հետո միշտ էլ բարձր տրամադրություն է լինում։ Տեղացի հայերը ամբողջ խաղի ընթացքում մեզ աջակցում էին, իսկ հանդիպումից հետո էլ շատերը մոտեցան ու շնորհավորեցին։ Մի երկրպագու էլ սեղմեց ձեռքս ու ասեց՝ բրավո։ Զգացի, որ հայ չի, բայց տեսա, որ անկեղծ ուրախացել է։ Այս փոքր միջադեպը շատ բան է պատմում Կիպրոսի և այնտեղ ապրող մարդկանց մասին։ Հայերին այնտեղ շատ լավ են ընդունում ու սիրում են։ Բարեկամ երկիր է»,–ասում է Եդիգարյանը և հույս հայտնում, որ մեր ֆուտբոլիստները կկարողանան Կիպրոսում հասնել ցանկալի արդյունքի։

Նոյեմբերի 18-ին մեր ընտրանու հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում է։ Այս խաղը որպես սեփական հարկի տակ անցկացվող կդառնա Հովհաննես Համբարձումյանի համար, որը հանդես է գալիս Կիպրոսի հայտնի «Անորտոսիս» թիմում։

«Համոզված եմ` եթե թույլատրվեր երկրպագուների ներկայությունը, մեր ընտրանին Կիպրոսում շատ մեծ աջակցություն կունենար։ Տեղի հայերը երբեք չեն մոռանում իրենց արմատներն ու ամեն ինչ անում են Հայաստան բառը հպարտորեն արտահայտելու համար։ Կարող եմ ասել, որ հայերիս համար Կիպրոսը յուրային միջավայր է»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Համբարձումյանն ու պատմում, որ այս օրերին խանութում մի երկրպագու իրեն մոտենալով, բռուցքը սեղմելով`ասել է, որ իրենք մեր հետ են այս դժվար պահին։ Այս քայլը  չի զարմացրել Կիպրոսում ապրող ֆուտբոլիստին, որովհետև արդեն բազմիցս համոզվել է, որ ազգային պատկանելությունը խնդիր չէ Կիպրոսում։

«Մարդիկ մոտենում են, գրկախառնվում ու ասում, որ հաղթելու ենք։ Միգուցե դա վերաբերվում է «Անորտոսիսի» հաղթանակներին,  երկրի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ Բայց դե այդ թևավոր խոսքերը մեզ համար հիմա նաև այլ ու մեծ նշանակություն ունեն», - ասում է Համբարձումյանը։

Предматчевая тренировка сборной Армении по футболу (14 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Համբարձումյան

Ֆուտբոլիստները՝ նախկին, թե ներկա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում են, որ շատ դժվար է թեկուզ մեկ ու կես ժամով կտրվել այն իրականությունից, որն Արցախում է հիմա։ Բայց մրցավարի առաջին սուլիչը ազդարարելու է հաղթանակի հասնելու մեկնարկը։

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական երկու հանդիպումներն էլ անցկացնելու է Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում՝ նոյեմբերի 13-ին ու 18-ին։

Ազգերի լիգայի մրցաշարում մեր ազգային ընտրանին С լիգայի իր խմբում վաստակել է 5 միավոր, և մեկ միավորով է հետ մնում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցնող Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներից։ Վրաստանի հետ մերոնք մրցելու են Թբիլիսիում նոյեմբերի 15-ին, երեք օր անց Կիպրոսում մեր մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան է։

Ըստ թեմայի

ՀՖՖ-ն դատապարտում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարի հայտարարությունը
Երևանյան ակումբի ֆուտբոլիստը զոհվել է առաջնագծում
Ֆուտբոլային հանդիպումներն Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կամ ավելի վատ էլ է եղել
թեգերը:
Պատերազմ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Կիպրոս, Հայաստանի երիտասարդական հավաքական, Հայաստանի ազգային հավաքական

Գլխավոր թեմաներ