14:23 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
591 0 0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել հրավիրվածների ցուցակում որոշակի փոփոխություններ մտցնել։ Sputnik Արմենիան ստեղծված իրավիճակի մասին խոսել է հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի հետ։

Երևան, 14 նոյեմբերի Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլիստների ընտրության մեծ հնարավորություն չունի, բայց կան ընտրանու թեկնածուներ, որոնք հավաքականից հրավեր չեն ստացել։ Գլխավոր մարզիչը հերթական անգամ թիմ է հրավիրել բազմաթիվ նորեկների։

Նոր Խորենի սպասումով. ժամանակն է, որ նա սկսի գրել սեփական կենսագրության նոր գլուխը

Հայաստանի հավաքականի կազմի հրապարակած լայն ցուցակում առաջին անգամ տեղ էին գտել «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը։ Առաջինը հավաքականին չմիցավ կորոնավիրուսի պատճառով։ Կորոնավիրուսը խանգարեց հավաքական գալ նաև «Ուրարտուի»  երկու դարպասապահների՝ Արսեն Բեգլարյանին և Անատոլի Այվազովին։ Երկարատև ընդմիջումից հետո հավաքականից հրավեր է ստացել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը։ Որոշակի ընդմիջումից հետո հավաքականի կազմում նախապատրաստվում է հանդես գալ Սարգիս Ադամյանը։ Եվ ամենակարևորը` կորոնավիրուսի պատճառով իտալական «Ռոման» իր կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին չթույլատրեց միանալ մեր ընտրանուն։ Վնասվածքի պատճառով բացակայելու է նաև Խորեն Բայրամյանը։

Նոր անուններ, հին խնդիրներ

Հայաստանի հավաքականի կազմի կորիզը պահպանվել է, բայց միևնույնն է Կապառոսը հերթական անգամ կանգնել է խնդիրների առջև, որոնք շտկելու համար ժամանակ է հարկավոր։ Իսպանացի մարզիչը Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո նույն խնդրի առջև է կանգնում վճռորոշ երկու խաղերից առաջ։ Ինչպե՞ս կարելի է լուծել առաջացած խնդիրը, կամ ինչպե՞ս էր դա անում Վարդան Մինասյանը։

Первая тренировка после длительной изоляции футболистов ФК Арарат-Армения (23 апреля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Մինասյան

«Հավաքականում կամ ակումբում այդ խնդիրը լուծելու նույն աշխատանքն է պահանջվում, բայց հավաքականում նպատակին հասնելու համար հաճախ չի բավարարում ժամանակը։ Խաղաոճի խնդիր է առաջանում։ Եթե հրավիրված ֆուտբոլիստը «դավանում է» այն խաղաոճին, որը նախընտրում է մարզիչը, ավելի հեշտ է լինում նրան ընդգրկել խաղային ձեռագրի մեջ։ Բացի այդ, ֆուտբոլիստի ֆուտբոլային ինտելեկտն էլ նշանակություն ունի։ Ինչքան այն բարձր է, այդքան հեշտ է արագ արդյունքի հասնել»- ասում է Մինասյանը։

Նա շեշտում է, որ խաղընկերների հետ հարմարվելու համար ժամանակ է պահանջվում։ Եվս մեկ կարևոր հանգամանք է այն, որ պաշտոնական խաղերից առաջ ընկերական կամ ստուգողական խաղ լինի, որի ընթացքում ֆուտբոլիստին հնարավոր է տեսնել գործի մեջ։

Մինասյանը նշում է, որ այս առումով, մեր հավաքականի համար ընկերական հանդիպումը Քուվեյթի հետ (որը, ցավոք, չեղարկվեց) ինքնանպատակ չէր նախատեսված։

Ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվել

Հայաստանի ազգային ավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է թիմի կազմի անդամների  ընտրության աշխատանքը։ Հրավիրվում են նորեկներ, բայց կան նաև ֆուտբոլիստներ, որոնք ընտրանու կազմում խաղացել են շատ անգամ, սակայն հիմա հրավեր չեն ստանում։

Դարպասապահ Արամ Հայրապետյանին ու կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին կարո՞ղ ենք համարել հավաքականի ֆուտբոլիստներ։ Կապառոսը Հայրապետյանին չհրավիրվելը բացատրել է նրա խաղային պրակտիկայի բացակայությամբ, իսկ Պետրոս Ավետիսյա՞նը։ Ղազախական «Տոբոլի» կազմում թիմի անցկացրած 17 խաղերից 13-ին Ավետիսյանը մասնակցել է (թեև հիմնականում փոխարինողի դերում)։

«Ես երբեք չեմ քննարկում կամ քննադատում որևիցե մարզչի կողմից իր թիմի խաղացողների ընտրությունը։ Հիմա էլ կասեմ նույնը. Կապառոսն ինքն է թիմի արդյունքների պատասխանատվությունը կրողը և ինքն էլ պետք է կատարի ընտրությունը։ Իսկ Ավետիսյանի համար կասեմ, որ ոչ ստանդարտ մտածող ու կրեատիվ  ֆուտբոլիստ է, որոնց կարիքը ժամանակակից ֆուտբոլում զգացվում է»,–նշեց  Վարդան Մինասյանը։

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

Նա նշեց, որ հիմա բոլոր թիմերն էլ շատ «ցածր» ու կոմպակտ են պաշտպանվում, իսկ այսպիսի վիճակում մեր ազգային հավաքականին հենց Պետրոսի նման կրեատիվ ու տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է պետք։

«Նա յուրաքանչյուր մրցակցի հետ խաղում կարող է խնդիրներ առաջացնել։ Իհարկե, կարևոր է նաև, թե ինչ մարզավիճակում է գտնվում հիմա նա։ Համենայն դեպս, իմ թիմերում («Արարատ-Արմենիա» և Հայաստանի հավաքական) ես նրան միշտ էլ տեղ եմ տվել ու վստահել» - ասաց Մինասյանը։

Մխիթարյանի բացակայությունը մեծ նշանակություն ունի

Հավաքականի առաջիկա երկու խաղերին չի մասնակցելու Հենրիխ Մխիթարյանը, որին իտալական «Ռոման» թույլ չտվեց հավաքականին միանալ կորոնավիրուսի պատճառով։

«Հենրիխը մեր ֆուտբոլիստներին ենթագիտակցության մեջ վստահություն է ներշնչում։ Համաձայն եմ, եղել են խաղեր, երբ նա չի կարողացել իր ամբողջ ներուժը ցուցադրել։ Բայց Մխիթարյանը հավաքականի առաջատարն է անխոս։ Հիշո՞ւմ եք` երբ Բերեզովսկին էր պաշտպանում մեր դարպասը, ինչքան վստահ էր պաշտպանվում մեր թիմը»,–շեշտեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը։

Հենրիխի որակների մասին խոսելը նա ավելորդ համարեց. նա ներկայում արդեն «Ռոմայի» առաջատար խաղացողներից մեկն է, լավ մարզավիճակում է, գոլեր է խփում։

Սարգիս Ադամյանը գոլ խփող ֆուտբոլիստ է

Ազգերի լիգայում կայացած նախորդ չորս խաղերում Հայաստանի հավաքականի կազմում հանդես չի եկել Սարգիս Ադամյանը, որը վնասվածք ուներ։ Հիմա գերմանական «Հոֆֆենհայմի» ֆուտբոլիստը նախապատրաստվում է առաջիկա երկու խաղերին։

«Այն, որ Ադամյանը լավ ֆուտբոլիստ է, կասկած չկա։ Հակառակ դեպքում չէր խաղա Բուդեսլիգայում, բացի այդ, Սարգիսը գոլ խփող ֆուտբոլիստ է։ Երկու ոտքով էլ կարող է հարվածել ու հասնել արդյունքի, ընդ որում` մի իրավիճակում, որը երբեք գոլային չես անվանի։ Ուղղակի ես դեռ չեմ տեսել, որ Ադամյանը դա անի հավաքականի կազմում։ Ինչ– որ հարմարվելու խնդիր կա, թե ուրիշ պատճառ, չգիտեմ»- ասաց Մինասյանը։

Մրցակիցների տրամադրությունը

Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներն իրար դեմ խաղում վիճարկեցին Եվրո-2020-ի ուղեգիրը և հաղթելով 1։0 հաշվով, մակեդոնացիներն իրավունք ստացան հանդես գալու Եվրոպայի առաջնությունում։

«Չեմ կարծում, որ այդ խաղի արդյունքն էականորեն կազդի մեր թիմի հետ խաղերի վրա։ Մակեդոնացիներն իհարկե ցնծում են ու բարձր տրամադրությամբ կներկայանան խաղին, վրացիներն էլ հիմա փորձելու են իրենց վրիպումն ուղղել ու աշխարհի 2022 առաջնության ուղեգիր նվաճել Ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Մի բան պարզ է`երկու խաղում էլ դժվար մրցակցություն է սպասվում մրցող բոլոր կողմերի համար»- ընդգծեց Մինասյանը։

Հայաստանի հավաքականը առանց իր առաջատարի կամ առանցքային ֆուտբոլիստների հանդիպումներ անցկացրել է։ Ու եղել են խաղեր, երբ մերոնք զարմացրել են իրենց կարգապահ ու որակյալ խաղով։ Առջևում Ազգերի լիգայի վերջին երկու հանդիպումներն են, որոնցում վճռվելու է խմբի հաղթողը։ Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»

Ըստ թեմայի

Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղերում հանդես կգա նոր մարզաշապիկով. լուսանկար
«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում  
Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Վարդան Մինասյան, Խոակին Կապառոս, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ