18:24 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
346 0 0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շատ լավ հնարավորություն ունի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի խմբային փուլում հաղթող ճանաչվելու, եթե կորոնավիրուսը չխանգարի։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. C լիգայի խմբային փուլի վերջին խաղին` Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը, մեր հավաքականի կազմում կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով խաղադաշտ դուրս չեն գա Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Կալիսիրը և Գրիգոր Մելիքսեթյանը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ընտրանին մրցակցի հարկի տակ շատ կարևոր հաղթանակ տոնեց Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Մեր թիմի կազմում գոլով աչքի ընկան Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը։ Այդ խաղին էլ մեր ընտրանուն կորոնավիրուսի պատճառով հնարավորություն չունեցան օգնել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս խաղերին չի մասնակցում նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քանի որ իտալական «Ռոման», որի կազմում հանդես է գալիս նա, գրություն էր ուղարկել ՀՖՖ` խնդրելով ազատել հայ  ֆուտբոլիստին հավաքականին միանալու հնարավորությունից, քանի որ ջալոռոսիների կազմում հանդես եկողներից մեկի թեստը դրական է եղել։

Վնասվածքի պատճառով թե՛ նախորդ, թե՛ այս խաղից բացակայում է նաև Խորեն Բայրամյանը։

Ստացվում է, որ տասը ֆուտբոլիստ չեն կարողանում մասնակցել մեր ընտրանու խաղերին։ Այսինքն` մի ամբողջ կազմ։ Բայց Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղը կայանալու է, ու հաղթանակի հասնելու առաջադրանքը չի փոխվելու։ Իսկ ինչպես կա՞րելի է հասնել այդ հաղթանակին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը, որը 41 անգամ խաղադաշտ է դուրս եկել մեր ընտրանու կազմում, կարծում է, որ մեր թիմի համար դժվար է լինելու, բայց անհնարին ոչինչ չկա։ «Հաշվի առնելով, որ առաջատար ֆուտբոլիստներից շատերը բացակայում են, հոգեբանորեն իրոք դժվար է մյուսների համար, բայց հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը լավագույններից մեկն է համարվում իր դիրքում։ Պետք է  տրամադրվել ու դուրս գալ խաղադաշտ խնդիրը լուծելու համար։ Այսպիսի պայմաններում նրանք, ովքեր փոխարինման էին դուրս գալիս, հնարավորություն ունեն խաղալու մեկնարկային կազմում, ու պետք է ապացուցեն, որ արժանի են հավաքականում խաղալուն»,– ասեց Թադևոսյանը։

Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին

Նա նշում է, որ Վրաստանին հաղթելուց հետո մեր թիմում բարձր տրամադրություն է տիրում։ Եվ մարզչին էլ պետք է կարողանա տղաներին փոխանցել մեծ վստահություն, որ իրենք կարող են հասնել արդյունքի։ Թադևոսյանն ընդգծում է, որ մակեդոնաիցներն այնպես չէ, որ շատ ուժեղ մրցակից են, բայց նրանց հետ խաղում պետք է զգույշ լինել ու օգտագործել ստացված հնարավորությունը` արդյունքի հասնելու համար։

Որո՞նք են մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Ինչպե՞ս մեր թիմը կարող է հասնել արդյունքի։  Հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը գտնում է, որ հոգեբանական վիճակը մեր թիմի համար հիմա ամենակարևոր գործոնն է։ «2014 թվականին էլ նման խաղ եղավ։ Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը չէին մասնակցում Մխիթարյանը, Մովսիսյանը, Ղազարյանը, բայց մենք շատ լավ խաղացինք ու ավելի մոտ էինք հաղթանակին, քան մրցակիցը։ Ես համոզված եմ, որ մրցակցի խաղն ուսումնասիրվել է։ Ինչ- որ լուրջ տակտիկական խնդիր չեմ կարծում, որ մրցակիցը կարող է առաջացնել»,–ասաց նա։ Եդիգարյանը նշում է, որ իր տեղեկություններով` մակեդոնացիների կազմում էլ յոթ ֆուտբոլիստ բացակայելու են ու կրկին կորոնավիրուսի պատճառով։

«Իրենք հիմնականում ապավինում են երկար փոխանցումներին, կարծես սպասում են մերոնց սխալվելուն, ու մերոնք պետք է պատրաստ լինեն դրան։ Այդ առումով Անդրե Կալիսիրի բացակայությունը էական է, բայց դե ունենք նաև այլ լավ ֆուտբոլիստներ»,- ասեց Եդիգարյանը։

Հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Հակոբյանն էլ գտնում է, որ մարզչի գործոնը շատ կարևոր է ստեղծված իրավիճակում։

«Հավաքական հրավիրվում են լավագույնները։ Հասկանալի է, որ առաջատար խաղացողների բացակայությունը զգացնել տալու է, բայց մարզիչը թիմ հրավիրում է ֆուտբոլիստների, որոնք կարող են փոխարինել այս կամ այն պատճառով շարքից դուրս մնացած խաղընկերոջը։ Ճիշտ է, դա ոչ միշտ համարժեք փոփոխություն կարող է լինել։ Լուրջ խնդիր է։ Հիշում եք` Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ ոչ ոք չէր մտածում, որ Բերեզովսկին կարող է խաղադաշտում չլինել։ Նա հեռացվեց, ու երիտասարդ Արսեն Պետրոսյանը իհարկե այդ խաղում չէր կարող համարժեք փոխարինել։ Հիմա էլ, Աստված մի արասցե ինչ- որ բան լինի Յուրչենկոյի հետ, ստիպված ենք լինելու խաղադաշտ դուրս բելել Վարդան Շահատունուն, որը այս կարգի խաղերի փորձ չունի»,– ասեց Հակոբյանը։

Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին

Նա նաև հիշեցնում է մակեդոնացիների հետ վերջին խաղը։ Մրցակիցը ոչ մի արտասովոր բան չարեց։ Երկու 11 մետրանոց, ու հաղթանակ։ Հակոբյանի կարծիքով` մերոնք պետք է շատ կարգապահ ֆուտբոլ խաղան ու մասքիմալ զերծ մնան սխալներից։ Մեր թիմի խաղը, նրա խոսքով, այս իրավիճակում կարող է կառուցվել հակագրոհների վրա։

Հավաքականի նախկին երեք ֆուտբոլիստներն էլ միակարծիք էին, որ մերոնք կարող են ու ձգտելու են հաղթել, որովհետև Արցախյան պատերազմի ընթացքում մեծ սթրես ապրած մեր ազգին հաղթանակներ են հարկավոր։

Հիշեցնենք, որ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 21:00-ին՝ Կիպրոսի Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում:

Ըստ թեմայի

Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»
«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել
Առանց Հենոյի ու Խորենի, բայց «գոլ խփողով». ի՞նչ ակնկալել նորեկներով լի ազգային հավաքականից
թեգերը:
կորոնավիրուս, հաղթանակ, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, ՀՖՖ, ֆուտբոլիստ

Գլխավոր թեմաներ