Իսպանական հանրահայտ Elpais-ն անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով մեր երկրի խորհրդավոր եկեղեցիները, տեսարժան այլ վայրերը։ Elpais-ի հոդվածը, վերնագրված՝ «Արարատ լեռան ստվերում», ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ երկիրն է, որի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, սահմաններից դուրս է գտնվում` Թուրքիայի տարածքում, ինչն Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք է, գրում է պարբերականը:
Հայկական Խոր Վիրապ վանքի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, պարզ երևում է երկու գագաթների շքեղ ուրվագիծը, որոնցից ամենաբարձրն ավելի քան 5000 մետր է:
Էջմիածնի վանական համալիրը, որը հիմնադրվել է չորրորդ դարում, Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի (կաթողիկոսի) նստավայրն է:
Էջմիածնից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որտեղ ապրում է Հայաստանի երեք միլիոն բնակչության մեկ միլիոնը: Այն լավ հյուրանոցների և խոշոր պողոտաների քաղաք է, որի կենտրոնում համադրված են խորհրդային և հայկական ճարտարապետությունները: Բազմաթիվ ռեստորաններն առաջարկում են մատչելի, բայց շատ համեղ խոհանոց, որում օգտագործվում են բազմաթիվ բույսեր, համեմունքներ: Գինին լավն է, կա նաև կոնյակ ու այլ ոգելից խմիչքներ, ինչպես նաև տարբեր տեսակի մրգերից պատրաստված տնական օղի:
Երևանում է գտնվում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշահամալիրը, գրում է պարբերականը: Երևանը գրավում է նաև իր թանգարանների բազմազանությամբ, որոնք ազգային արվեստը ներկայացնում են տարբեր կողմերից: Այստեղ է նաև «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ պատկերազարդ հազարավոր ձեռագրեր կան: Այստեղ է գտնվում Սերգեյ Փարաջանովի իր ձևի մեջ եզակի տուն-թանգարանը: Այստեղ գլուխգործոցների պակաս չի զգացվում:
Մայրաքաղաքից կարճ ժամանակում կարելի է հասնել ցանկացած վայր: Գառնիում գտնվող հռոմեական տաճարից րոպեներ անց կհասնեք 12-րդ դարում կառուցված Գեղարդի վանքը, որն առավել բարդ կառուցվածք ունի: Այն ժայռի մեջ փորված վանական համալիր է:
Արևմուտքում ընկած է Քասախ գետի կիրճը, որի երկարությամբ նույնպես կան գեղեցիկ եկեղեցիներ:
Սևանա լիճը մեծ լեռնային լիճ է: Սևանա կղզում, որն այսօր մի փոքրիկ թերակղզի է դարձել, նույնպես վանք կա: Լճի հյուսիսից թունելը տանում է, այսպես կոչված, հայկական Շվեյցարիա: Նրա աստղային կետը Գոշավանքն է՝ երեք եկեղեցիներով, խաչքարով, թերևս, Հայաստանի ամենագեղեցիկ քարե խաչը: Դրանք վանքեր են եղել և քաղաքակրթության կենտրոններ:
Հյուսիս-արևելքում՝ Լեռնային Ղարաբաղի երկար ճանապարհին կանգնած է կարմրավուն լեռներում կառուցված հիանալի Նորավանքը, որ գտնվում է Արենի գյուղի մոտակայքում: Շրջագայության վերջին կետը Տաթևի վանքն է, ուր կարելի է հասնել ճոպանուղու միջոցով: Համալիրը գտնվում է հիասքանչ լեռնային գոտում: Լեգենդի համաձայն՝ շինարարներին թևեր են պետք եղել Տաթևի վանքը կառուցելու համար, գրում է իսպանական Elpais պարբերականը։