00:25 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ամբերդ

Վատ ճանապարհները հոգ չեն. ինչի համար են իսրայելցի զբոսաշրջիկները սիրահարվել Հայաստանին

© Sputnik/ Aram Nersesyan
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
33501

Իսրայելի զբոսաշրջիկները գերադասել են Հայաստանը Եվրոպայից և արձակուրդը որոշել են անցկացնել Երևանում։ Մեր երկրում նրանց տպավորել են լեռնային բնապատկերները, բուրավետ գինին, խոհանոցն ու դաստիարակված երիտասարդությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանում իսրայելցի զբոսաշրջիկներին հաճելիորեն զարմացրել են լեռնային լանդշաֆտները, Սևանա լիճը, համեղ ուտելիքն ու բուրավետ գինին։ Զբոսաշրջիկների խումբը ժամանել է ընկերներից մեկի` Տիգրան Օրբելյանի հրավերով։ Տիգրանը Երևանում գործող զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավարն է։

«Հայերը շատ հյուրասեր են, բարեհամբույր, կարևորը՝ ռուսերեն են խոսում, լեզվային խոչընդոտ չկա, ինչը մեծ նշանակություն ունի զբոսաշրջիկների համար։ Դուք դաստիարակված և գեղեցիկ երիտասարդություն ունեք»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Օլեգ Բարոնը։

Օլեգը Երևան է ժամանել եղբոր` Ռոմանի կնոջ` Նատաշայի և հարսի` Իրինայի հետ։ Բարոնների ընտանիքը սկզբում թերահավատորեն  է վերաբերվել Հայաստանում տոնական արձակուրդն (Իսրայելում նշում են Սուքոթ տոնը – խմբ.) անցկացնելու գաղափարին։ Իսրայելում մնացած ընկերները նույնպես զարմացել են նրանց ընտրության վրա և նույնիսկ հետ են պահել այդ գաղափարից։ Սակայն, ինչպես խոստովանում են զբոսաշրջիկները, նրանք չեն սխալվել այստեղ գալով։

«Լեռնային օդ, գեղեցիկ բնություն, եկեղեցիներ, բազմազան և համեղ խոհանոց` էլ ի՞նչ է հարկավոր իսրայելցուն։ Ցավոք, մեզ մոտ քչերը գիտեն Հայաստանի մասին»,– ասաց Օլեգը։

Նրա խոսքով` Իսրայելում ադրբեջանական համայնքը Հայաստանի և հայերի մասին մշտապես բացասական տեղեկություն է տարածում, ինչը բացասաբար է ազդում մեր հեղինակության վրա։

  • Բարոնների ընտանիքը Sputnik Արմենիայի տաղավարում
    Բարոնների ընտանիքը Sputnik Արմենիայի տաղավարում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Օլեգ Բարոն
    Օլեգ Բարոն
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Ռոման Բարոն
    Ռոման Բարոն
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Նատաշա Բարոն
    Նատաշա Բարոն
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Իրինա Բարոն
    Իրինա Բարոն
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 5
© Sputnik/ Asatur Yesayants
Բարոնների ընտանիքը Sputnik Արմենիայի տաղավարում

«Հարկավոր է զարգացնել զբոսաշրջությունը և ավելի հաճախ դարձնել ինչպես իսրայելցիների այցերը Հայաստան, այնպես էլ հայերի այցերն Իսրայել։ Ժողովրդական դիվանագիտությանը կհաջողվի ցրել կարծրատիպերն ու մերձեցնել երկու ժողովուրդներին»,– ասաց Օլեգը։

Հայաստանում յոթնօրյա ուղևորության ընթացքում նրանք եղել են Գառնիում, Գեղադրում, Նորավանքում, Էջմիածնում։ Բարոնների ընտանիքը հասցրել է մասնակցել նաև Արենիում անցկացվող գինու փառատոնին, լինել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, այցելել Այվազովսկուն նվիրված ցուցահանդես, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի հավերժ կրակի մոտ։

«Մեզ պատմեցին 1915 թվականի իրադարձությունների մասին, մենք ցնցված ենք։ Հասկանում ենք հայ ժողովրդին, քանի որ ինքներս ենք նման ողբերգություն ապրել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոմանը։

Բարոնների ընտանիքին բախտը ժպտացել է` նրանց հաջողվել է տեսնել Արարատն իր ողջ հմայքով, ինչպես նաև վայելել Սևանա լճի գեղատեսիլ բնապատկերը, որը նրանց մեջ ասոցացվում է իսրայելական Կիներետ լճի հետ, որն ավելի հայտնի է «Գալիլեյան ծով» անվամբ։

«Հրաշալի լեռնադահուկային զբոսավայր ունեք Ծաղկաձորում։ Նման լեռների համար մենք Եվրոպա ենք մեկնում, սակայն այժմ Հայաստան կգանք, այստեղ ավելի արագ կարելի է հասնել, քան Բուլղարիա, Շվեյցարիա, Իտալիա»,– ասաց Ռոմանը։

Իսրայելցի զբոսաշրջիկները, որպես միակ բացասական կողմ, նշեցին ճանապարհների վատթար վիճակն ու ցուցատախտակների բացակայությունը։ Այդ ամենը, սակայն, այդքան էլ նկատելի չէ այստեղ ապրող մարդկանց շնորհիվ, որոնք պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի, ասացին Բարոնների ընտանիքի անդամները։

Գլխավոր թեմաներ