14:28 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
23310

Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա խիստ բացասական ազդեցություն են ունեցել կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը։ Ձմեռային սեզոնն ավելի բարենպաստ է եղել։

 

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում ձմեռային զբոսաշրջության սեզոնը գրեթե ավարտվել է, իսկ այցելուների ակտիվությունը նկատելի է դարձել միայն փետրվարին։ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում հիմա էլ ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ կան, սակայն ոլորտի ներկայացուցիչների ծախսերն ու կարիքները ծածկելու համար նրանք բավական չեն: Համենայն դեպս, հենց այդ են պնդում ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք ստիպված են դիմել զանազան մարքեթինգային հնարքների և ակցիաների՝ այցելուներ գրավելու համար։

«Համագործակցում ենք ճոպանուղու, ճախրուղի (զիփլայնի), ռեստորանների և մյուս զվարճանքի կենտրոնների հետ, որպեսզի միմյանց հաճախորդներին զեղչեր տրամադրենք։ Հիմա հիմնականում կենտրոնացած ենք տեղացիների վրա, իսկ նրանք վճարունակի չեն, հետևաբար՝ եկամուտներն էլ մեծ չեն»,-ասում է Արամը՝ Ծաղկաձորում գտնվող փոքր հյուրանոցներից մեկի տերը։

Դրա հետ մեկտեղ միջազգային ցանցը ներկայացնող հյուրանոցներից մեկի աշխատակիցը նշեց, որ ձմեռային սեզոնին հաճախորդների խնդիր չեն ունեցել, սակայն նախորդ տարիների համեմատ հոսքն ամեն դեպքում փոքր է եղել: Նրա խոսքով՝ ամբողջ տարին հյուրանոցային համարների կեսն անընդհատ դատարկ էր, սակայն փետրվարին հյուրանոցում ազատ տեղեր չէին մնացել։

«Եթե ձմեռը ևս մեկ ամիս ձգվեր, ապա հյուրանոցային ոլորտն իրավիճակից առանց վնասների դուրս կգար։ Զբոսաշրջիկները վերջապես սկսել էին ժամանել, բայց ձյունը մեզ «քաշեց»»,-նշեց նա։

Իսկ ահա Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գերասիմ Մկրտչյանը Sputnik Արմենիային պատմեց, որ մինչև հունվարի կեսերը քաղաքում արտասահմանցիներ փաստացի չկային, բայց ներքին զբոսաշրջիկները շատ էին։ Նա նշեց, որ մեր երկրի քաղաքացիներն այցելում են հիմնականում լեռնադահուկային հանգստավայրը, սրճարաններն ու ռեստորանները, բայց մեծամասամբ չէին գիշերում հյուրանոցներում, քանի որ միջին վիճակագրական քաղաքացու համար դա թանկ է։

«Բայց մեր քաղաքը երբեք դատարկ չի եղել, ակտիվություն եղել է ինչպես խիստ կարանտինի ժամանակ, այնպես է հիմա»,-ասաց պաշտոնյան։

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Նրա խոսքերը հաստատեց համացանցի օգտատեր Գոհար Մնացականյանը, որը պատմեց, որ հաճախ է ընտանիքի հետ Ծաղկաձոր գնում, բայց նախորդ շաբաթ առաջին անգամ որոշեցին շաբաթվա հանգստյան բոլոր օրերն այնտեղ անցկացնել։ Երկու մեծահասակի և մեկ երեխայի համար ընտանիքը երկու օրում մոտ 300 դոլար է ծախսել։ Գումարը ծախսվել է հյուրանոցային համարի, դահուկների և արտահագուստի վարձակալության, սննդի վրա։

«Դա փոքր գումար չէ մեր ընտանիքի համար, բայց քանի որ անցած տարի արտասահման չէինք գնացել, կարողացանք մեզ այսպիսի փոքրիկ արձակուրդ թույլ տալ»,-նշեց նա։

Համացանցի մեկ այլ օգտատեր՝ Վարդան Ենգիբարյանը, պատմեց, որ փետրվարի ընթացքում հասցրել է երեք անգամ լինել Ծաղկաձորում։ Որպես կանոն, ամբողջ օրն անցկացնում էր լեռնադահուկային հանգստավայրում, բայց երեկոյան Երևան էր վերադառնում։

Քանի որ նա հագուստ և դահուկներ վարձելու կարիք չուներ, օրական 50-80 ԱՄՆ դոլար էր ծախսում։ Իսկ նրա ընկերները՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, Ծաղկաձորում մեկ շաբաթ են ապրել, բայց գերադասել են ոչ թե հյուրանոցում, այլ վարձած բնակարանում մնալ։

«Անկասկած, զբոսաշրջիկների ոչ մեծ հոսքը և ներքին այցելուները թեթևացրել են տուրոլորտի ներկայացուցիչների բարդ ֆինանսական դրությունը, բայց գլոբալ չեն լուծել նրանց խնդիրը։ Ներքին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 40 տոկոսով, արտաքին զբոսաշրջիկների՝ 80 տոկոսով, հետևաբար՝ եկամուտների մասին խոսելը տեղին չէ»,-ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա հավելեց, որ պետությունը պետք է համավարակի և պատերազմի հետևանքներից զբոսաշրջության ոլորտի վերականգնման առանձին ծրագիր մշակի, այլապես այն լիովին կքանդվի և սահմանները բացվելուց հետո չի կարողանա վերականգնվել։

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում՝ 2020թ.- համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

թեգերը:
ձմեռ, ճոպանուղի, Հյուրանոց, կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ծաղկաձոր

Գլխավոր թեմաներ