06:35 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
թեմա
Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով:

1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

2018թ․ մայիսի 8-ից ՀՀ վարչապետն է։

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: