11:19 29 մարտի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Եվրատեսիլ-2017. Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը

Ստանալ կարճ հղումը
35303
© youtube

Րոպեներ առաջ կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրեց «Եվրատեսիկ-2017» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն ու տեսահոլովակը:

«Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են: Համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ «Fly with me» երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած:

«Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի և կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:

Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, որն իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արևը մեկն է բոլորիս համար:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն և միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել և ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը:

«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ