10:09 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Կարապետյանը դեռ վարչապետ չէր, երբ Հայաստանում ոռոգման կաթիլային համակարգ կար

Ստանալ կարճ հղումը
37430
© Sputnik. Նելլի Դանիելյան , Արամ Ներսեսյան

Այն, ինչ վարչապետն ու գյուղնախարարը նոր են քարոզում, հայ գյուղացիներից ոմանք արդեն մի քանի տարի իրագործում են։ Ոռոգման կաթիլային համակարգն այնքան է թեթևացրել գյուղացու հոգսը, որ ժամանակը բավարարում է նույնիսկ գաճաճ ու դեղին ձմերուկների տեսակներ փորձարկելու համար։

Հայաստանի կառավարությունը նոր է մտածում կաթիլային ոռոգման անցնելու անհրաժեշտության մասին, իսկ Արագածոտնի մարզի բնակիչ Կարեն Համբարձումյանն արդեն 4 տարի իր հողատարածքը հենց այդ համակարգով է ոռոգում։

«Այս կաթիլայինի գործը մենք 2014 թ.–ին առաջին անգամ դաշտում ենք կիրառել։ Ով սովորել է՝ մեզնից է սովորել։ Մինչ այդ ոչ լսել էինք, ոչ էլ տեսել»,–  ասում  է Կարեն Համբարձումյանը։

Ոռոգման այս եղանակի գոյության մասին Կարեն Համբարձումյանը ժամանակին տեղեկացել է համացանցից և որոշել է փորձարկել այն Հայաստանում։ Դժվարությամբ ձեռք բերված ու այն տարիներին դեռ բավական թանկարժեք համակարգի օգուտները, սակայն, երկար չեն սպասեցրել։ Համագյուղացու կիրառած նորամուծության ու դրա արդյունավետության մասին լսած ծանոթներից ևս 10 հոգի արդեն հետևել են նրա օրինակին։

«Սրա համար գումարը նախապես պիտի ծախսես։ Ճիշտ է` մի քիչ թանկ է, բայց  դաշտը հին ձևով ոռոգելու համար երկու աշխատող պիտի առավոտից երեկո կանգնեն, որ մի երկու–երեք հա հող նորոգեն»,– ասաց Կարենը։

Կարենն ու իր եղբայրը կաթիլային համակարգի առավելությունները ներկայացնելուց հետո  մեզ առաջնորդում են իրենց 14 հեկտարանոց հողատարածքում շրջելու ու անձամբ տեսնելու կաթիլային համակարգի արդյունքը։

«Հողը միշտ խոնավ է լինում, բայց ցեխ չի դառնում, ուղղակի խոնավանում է»,– ասում է Կարենի եղբայրը` ձեռքի մեջ ցույց տալով փխրուն հողը։

Մշտապես խոնավ հողի ու տված բերքի տարբերությունն առավել ակնառու է դառնում հարևան հողակտորների հետ համեմատելիս ։

«Սա նախկին ոռոգման համակարգով սնվող հողատարածք է։ Ջուր չկա, բույսերը ծարավ, հիվանդ են։ Հիմա այս դաշտն էլ նայեք, սա էլ»,– հարևան հողակտորի չորացած տնկիները ցույց տալով՝ ասում է գյուղացին։

Արմավիրի մարզում, որտեղ ոռոգման խնդիրը չափազանց սուր է, չոռոգվող հողն արագորեն անապատի է վերածվում։ Համատարած ամայացած դաշտում Կարեն Համբարձումյանի կանաչ հողակտորն օազիս է հիշեցնում։

Իր հաջողությունից ոգևորված Կարենն այսօր հող մշակելուց զատ, նաև ձմերուկի տարբեր տեսակների սերմեր է պատվիրում տարբեր երկրներից ու ոգևորվում դրանցից ստացվող հետաքրքիր բերքով։

Դեղին, կարմիր, գաճաճ, կորիզով ու անկորիզ, տեղական ու ներմուծած ձմերուկների բազմազանության մեջ Կարեն Համբարձումյանը մի հայացքով է տաբերում հասած ձմերուկն ու չի սխալվում երբեք։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ