Կոտայքի մարզում տնտեսագետ մաթեմատիկոս Սուրեն Դավթյանը հիմնել է ջեռուցման համար ծղոտից էկո բրիկետների արտադրություն։
Նրա մոտ այդ գաղափարը մի քանի տարի առաջ է ծնվել։ Նա վստահ է` բրիկետները կարող են մի քանի խնդիր լուծել` տնտեսական ու բնապահպանական։ Բացի այն, որ բրիկետներն ավելի շահավետ են, կարելի է նաև խուսափել ծառահատումից։ Ընդհանրապես բրիկետի հումքը` ծղոտը, մարդիկ այրում են դաշտերում, ինչն իր հերթին փչացնում է էկոլոգիան։
«Բրիկետների արտադրության մեջ որևէ հավելումներ չեն օգտագործվում, բացառապես ծղոտ։ Բրիկետների առավելությունն այն է, որ դրանք կոմպակտ են ու հեշտ են դասավորվում», – ընդգծում է Դավթյանը։
Նա հումքը գնում է մեկ կիլոգրամը 25 դրամով։ Մեկ տոննա բրիկետ արտադրելու համար նույնքան հումք է պահանջվում։ Այս պահին մեկ տոննա բրիկետն արժի 80 հազար դրամ։ Ջերմահաղորդման առումով բրիկետը չի զիջում փայտին։ Նա ընդգծում է, որ սեզոնի ընթացքում տասը խորանարդ մետր փայտի փոխարեն կարելի է այրել 3 տոննա բրիկետ։ Նրա խոսքով` պահանջարկը հետզհետե աճում է։ Հիմա օրական մոտ չորս տոննա բրիկետ է արտադրվում, ամեն ամիս մոտ 100 տոննա բրիկետ է իրացվում։