18:34 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տեսանյութեր

Ինչ է իրականում թաքնված Sputnik Արմենիային վերաբերող ամերիկյան «հետաքննության» հետևում

Ստանալ կարճ հղումը
28510

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է Sputnik Արմենիայի վերաբերյալ ամերիկյան հետազոտողների անհանգստությունը։

Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնը հրապարակել է «հոդված–հետաքննություն», որում պնդում է, թե Sputnik Արմենիան վստահություն ձևավորելու և սփյուռքահայերի շրջանում ճանաչելի դառնալու նպատակ ունի` հայ հասարակության, ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վրա ազդեցություն գործելու համար։

Atlantic Council-ի անհանգստության առիթն այն է, որ տարեսկզբին Sputnik Արմենիա կայքի հայալեզու տարբերակում որոշ նյութեր սկսել են թարգմանվել նաև արևմտահայերեն։ Այդ գաղափարը փորձնական կարգով իրագործվել է զավեշտալի դեպքից հետո։ Խմբագրության աշխատակիցներից մեկի դուստրը պատմել է, որ իր ընկերները` Սիրիայի և Հորդանանի հայ ուսանողները, քաջատեղյակ են Sputnik–ի մասին։ Պարզվել է, որ երբ նրանք որոնական համակարգերում և սոցիալական ցանցերում գրում են լատինատառ Spyurk բառը, համակարգը տառերի համադրության նմանության հետևանքով նրանց հաճախ առաջարկում է Sputnik Արմենիա կայքը։ Խմբագրության համար այդ «հայտնագործությունը» դարձել է թրաֆիկ ձեռք բերելու անսպասելի և ակնհայտ աղբյուր։

Այդպես էլ ծագել է Sputnik Spyurk փորձնական նախագիծը գործարկելու որոշումը, որը տևել է երեք ամիս և փակվել է ամառվա սկզբին` ոչ բարձր արդյունավետության պատճառով։

Ստանդարտ պրակտիկայի «մասշտաբային հետաքննություն»

Atlantic Council–ում հրապարակման հեղինակը պնդում է, որ Sputnik Արմենիան սոցիալական ցանցերում խմբեր է կառավարել, որոնք նվիրված են խոհարարական բաղադրատոմսերին, հայկական մշակույթին և ինքնությանը, նաև ոչ քաղաքական բնույթի նյութեր է հրապարակել ու հարթակ ստեղծել իր լսարանն ընդլայնելու համար։

Հրապարակման մեջ նշվում է, որ գործակալությունը նպատակաուղղված աշխատում է հայկական սփյուռքի վրա (հիշեցնենք` նախագիծն ավարտվել է 3 ամիս առաջ)։

SMM–տեխնոլոգիաների տեսանկյունից արտասահմանում բնակվող հայրենակիցների հետաքրքրությունը պատմական հայրենիքում կատարվող իրադարձությունների հանդեպ գրավելը սովորական երևույթ է։ Սփյուռքը ահռելի լսարան է և տարօրինակ կլիներ այն չօգտագործելը։ Բոլոր ԶԼՄ–ների մասնագետներն անում են դա։

«Դա ահռելի լսարան է, այն գերազանցում է հայաստանյան օգտատերերի թիվը։ Եթե զուտ տեխնիկապես դիտարկենք, ապա եթե ես լինեի էջը վարողը, բնականաբար, սփյուռքը կօգտագործեի»,– ասաց Մարտիրոսյանը։

Կան ԶԼՄ–ներ, որոնք, օրինակ, թուրքերեն նյութեր են հրապարակում` որպես թիրախային լսարան դիտարկելով ոչ միայն թուրքերին, այլ նաև հայերին, որոնք արդեն հայերեն չեն կարդում։ Լսարանն ընդլայնելը բիզնեսի մաս է։

Մարտիրոսյանի կարծիքով` Atlantic Counsil–ի հրապարակումը պետք է դիտարկել Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղեկատվական լուրջ դիմակայության տեսանկյունից, որը սկսվել է 2013-2014թթ–ին։ Sputnik–ի լսարանի ցանկացած ընդլայնում բացասաբար կընդունվի ԱՄՆ–ում։  Այդ գործողություններն այնտեղ գնահատում են որպես տեղեկատվական գլոբալ դիմակայության մաս։ Sputnik–ն այդ մրցակցության մեջ հիմնական նպատակներից մեկն է։ ԱՄՆ–ն 2017թ–ից իրական ազդեցություն ունի Facebook–ի վրա (սոցիալական ցանցը վախենում է պատժամիջոցներից)։ Twitter–ն իր հերթին արգելել է գովազդել RT–ի նյութերը։ Իսկ Google–ը նվազեցրել է ռուսական կայքերի հայտնվելու հնարավորությունը։

Փորձագետը հասկանում է, որ Facebook–ի շատ էջեր, որոնք հիշատակված են Atlantic Council–ի հետազոտության մեջ, արդեն ջնջվել են, ուստի դժվար է դատել այն մասին, թե դրանք ինչպես են գործել։ Ինչ վերաբերում է Երևանում աղբահանության մասին հոդվածին, որում «նկարագրված է աղբակույտի մեջ թաղված մայրաքաղաքը, և այդ հոդվածում կարմիր թելի պես անցնում է միտքը, որ կառավարությունն անզոր է ապահովել իր բնակիչների ամենահիմնական կոմունալ ծառայությունները» (այդպես է նշված Atlantic Council–ի հրապարակման մեջ), ապա Մարտիրոսյանն այդ մասին տեղյակ է ոչ միայն ԶԼՄ–ներից. նա ամեն օր «դրա հոտն ա առնում»:

«Տարօրինակ կլիներ, եթե Sputnik–ը չբարձրաձայներ աղբահանության թեման։ Այդ դեպքում ես ավելի շուտ կկասկածեի, որ քաղաքապետարանը Ձեզ առել է», – կատակում է փորձագետը։

Դա այն թեման է, որի մասին բոլորն են խոսում։ Ամբողջ քաղաքն է ծանոթ այդ իրավիճակին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ–ների նորություններին, ապա մեդիադաշտում հասարակ օգտատերերի կողմնորոշվելու հարցը շատ բարդ է։

Մարտիրոսյանը ծանոթներին խորհուրդ չի տալիս միայն մեկ ԶԼՄ կարդալ, դա բավական չէ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար։ Լրագրողները, խմբագիրներն ունեն իրենց նախասիրությունները, պարբերականը կարող է կախված լինել, օրինակ, հովանավորներից, այդ ամենը կաշկանդում է նրանց։ Ըստ փորձագետի` հնարավոր չէ մեկ–երկու աղբյուր ընթերցելով ինչ–որ եզրահանգման գալ։

թեգերը:
ԱՄՆ, Սամվել Մարտիրոսյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ