Մեծ աշխատանք է արվել Լաչինի միջանցքը մաքրելու, ականազերծելու ու ջարդված տեխնիկայից ազատելու ուղղությամբ։ Երեկվանից քաղաքացիական բնակչությունը կարող է անարգել անցնել այդ հատվածով։
Ռուսական խաղաղապահ ուժերն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը Լաչինի միջանցքի ամբողջ տարածքում։
«Երբ մեքենա է գալիս, դիտակետի ավագը մոտենում է, մարդկանց խնդրում է դուրս գալ մեքենայից, որպեսզի ավտոմեքենան զննվի։ Խնդրում է նաև ներկայացնել փաստաթղթերն ու նշել ժամանելու կամ այդտեղով անցնելու նպատակը։ Հետո զեկուցում են հրամանատարին, նա էլ անցնելու թույլտվություն է տալիս։ Խաղաղ բնակիչներն ուրախ են, որ եկել ենք»,– ասում է վաշտի հրամանատարի ռազմաքաղաքական աշխատանքի գծով տեղակալ Նիկոլայ Լոբանովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: