Կիրակի օրը տասնհինգ հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուխտավորների մուտքը համալիրի տարածք թույլատրվում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ:
«Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են