ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ձերբակալվել է 55-ամյա տղամարդ, որը Արցախից բերել ու ապօրինի կերպով պահում էր զենք-զինամթերք, տեղեկացնում է ոստիկանությունը։
Փետրվարի 20-ին ոստիկանությունում ստացվել են տվյալներ տղամարդու մասին, նույն օրը իրավապահները նրան հայտնաբերել են Նուբարաշենի խճուղում ու բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին՝ մեքենայով հանդերձ։
Նրա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ։
Նշենք, որ իրավապահները շարունակում են բացահայտել մարտական դաշտից բերված զենքի ապօրինի կերպով պահման դեպքեր։ Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել էր ոստիկանի, որը Արցախի մարտի դաշտից ապօրինի ձեռք էր բերել զենք, տեղափոխել այն Հայաստան և ծրագրում էր վաճառել։