14:33 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Տեսանյութեր

Ադրբեջանը ծայրաստիճան ցինիկ է միջազգային կառույցների նկատմամբ. Եղիշե Կիրակոսյան

Ստանալ կարճ հղումը
329 0 0
© Sputnik

Այս պահի դրությամբ Հայաստանից ՄԻԵԴ միջանկյալ միջոցի կիրառման դիմում է ներկայացվել ավելի քան 240 անձի վերաբերյալ։ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի խոսքով` այս անձանց վերաբերյալ հայկական կողմին հասանելի են որոշ ապացույցներ` տեսագրություններ, լուսանկարներ և այլն։

ԵԽԽՎ–ում Ադրբեջանի հասցեին արված հայտարարությունները տարբեր երկրների խորհրդարանական խմբերի ներկայացուցիչների կողմից ցավոտ էին Ադրբեջանի համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հույս հայտնելով, որ դրանք պետք է նաև դրական ազդեցություն ունենան, հատկապես գերիների վերադարձման հարցում։

«Ես չեմ կարող ասել, թե Ադրբեջանն ինչպես կպահի իրեն այս ամենից հետո, որովհետև, ցավոք, իրենց պահվածքը միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների հանդեպ, հատկապես վերջին տարվա ընթացքում շատ ցինիկ է դարձել։ Եվ այդ ցինիզմի պարագայում իրենք շարունակում են ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ցանկացած միջազգային կառույցի նկատմամբ։ Դա իրենց մոտ արդեն դարձել է սովորություն»,– ասաց Կիրակոսյանը։

Ադրբեջանը շարունակում է համառել նաև գերիների մասին տեղեկատվություն տրամադրելու` ՄԻԵԴ–ի կիրառած միջանկյալ միջոցի իրականացման հարցում։ Եղիշե Կիրակոսյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում անգամ տեսանյութերով հաստատված անձանց` իրենց երկրում գերի լինելու հանգամանքը։

Այս պահի դրությամբ Հայաստանից ՄԻԵԴ միջանկյալ միջոցի կիրառման դիմում է ներկայացվել ավելի քան 240 անձի վերաբերյալ։ Կիրակոսյանի պարզաբանմամբ` սա այն անձանց շրջանակն է, որոնց վերաբերյալ հայկական կողմին հասանելի են եղել որոշակի ուղղակի ու անուղղակի ապացույցներ` տեսագրություններ, լուսանկարներ, այլ հիմնավորումներ։ Այդ ավելի քան 240 անձանցից Ադրբեջանը հաստատել է միայն 72-ի գերեվարության փաստը։

Ցավոք, 3 դեպքերով էլ արդեն հաստատվել է, որ ադրբեջանցիները գերեվարված անձանց սպանել են պատերազմի ավարտից ամիսներ անց։ Նրանց սպանության փաստերը հաստատվել են արդեն որոնողական աշխատանքների արդյունքում կատարված դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

«Օրինակ` դեպքերից մեկը ենթադրաբար տեղի էր ունեցել հունվարի առաջին կեսին, երբ Հադրութի շրջանում կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել էր քաղաքացիական անձի դի` թաղված, որի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ մահը վրա է հասել օրեր առաջ։ Այնտեղ առկա էր հրազենային վնասվածք, և դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ անձը կտտանքների է ենթարկվել»,– ասաց Կիրակոսյանը։

Երկու այլ սպանվածներից մեկը նույնպես քաղաքացիական անձ է, մյուսը` ռազմագերի։

«Սրանք այն դեպքեր են, որ հստակ ապացուցված են։ Բայց, ցավոք, սրանք կարող են միակը չլինել, կարող են լինել նաև դեպքեր, որոնց մասին մենք այս պահին չգիտենք»,– ասաց մեր զրուցակիցը։

ՄԻԵԴ ներկայացված գանգատի մեջ Հայաստանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության, կրոնական վայրերի սրբապղծման ու ոչնչացման, դավանանքի իրավունքի խախտման դեպքերով։ Այս գործընթացը ևս, Կիրակոսյանի խոսքով, դեռ ավարտված չէ, փաստերի հավաքագրումը շարունակվում է։

Գանգատում ներառված են նաև գույքային կորուստների փաստեր։ Դրանց համալրումը ևս շարունակվում է։ Կիրակոսյանը նշեց, որ հետագայում այս բոլոր փաստերի հիման վրա հայկական կողմը նաև գույքային վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացնելու Ադրբեջանին։

«Դա ամենակարևոր հատվածն է լինելու այս ամբողջ պրոցեսի, որովհետև ի վերջո ՄԻԵԴ–ում այս ամբողջ գործընթացի վերջնական նպատակը հատուցում ստանալն է` խախտված իրավունքների ու կորցրած գույքի դիմաց»,– ասաց նա։

Թե ինչ վնասի ու ինչ չափի փոխհատուցման պահանջի մասին է խոսքը, Կիրակոսյանը չհստակեցրեց, բայց նշեց, որ խոսքը շատ մեծ պահանջի գումարի մասին է։ Հաշվառվում է ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում մնացած ամբողջ շարժական ու անշարժ գույքը։

Ըստ թեմայի

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի
Արման Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն Քոքսին
Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան
թեգերը:
գերի, Եղիշե Կիրակոսյան, Ադրբեջան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ