10:42 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Տեսանյութեր

Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը

Ստանալ կարճ հղումը
174 0 0

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը ծիծաղելի է համարել ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելը՝ հիմք ընդունելով սոցիոլոգիական հարցումները կամ բազմամարդ հանրահավաքները։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Արամ Սարգսյանը շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդին, նրա թիմի հաղթանակը «շատ համոզիչ» անվանել ու բեղմնավոր աշխատանք մաղթել։

Փաշինյանը նշել է, որ հետևում էր «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավին և շատ լավ տպավորություն է ստացել։ Նաև անկեղծացել է․ կարծում էր՝ Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսի շեմը, բայց ընտրությունները անկանխատեսելիության գործոն ունեն։

«Կուզեի լսել ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի հետագա զարգացումների, ձեր կուսակցության և անձամբ ձեր պատկերացումները ձեր անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները»,- նշել է Փաշինյանը։

Նա մանրամասնել է՝ այս ամենի նպատակն այն է, որ կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը փոխադարձաբար ավելի լսելի լինեն։ Փաշինյանը նկատել է, որ կան գաղափարներ, առաջարկներ, որոնք աղմուկի մեջ կորչում են և չեն լսվում։

Արամ Սարգսյանը նախ շեշտել է, որ ընտրություններն «ամեն ինչ դրեցին իրենց տեղը»։

Նրա կարծիքով՝ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի այն, որ քննարկումները տեղափոխվեն ԱԺ հարթակ, և այնտեղ առաջին հերթին ԱԺ անցած խորհրդարանական ուժերի հետ «փորձվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այսս իրավիճակից հանելու հիմնական բանաձևը»։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերի խնդիրը հիմա շատ ավելի հեշտ է, ազդեցություններն էլ շատ ավելի փոքր։

«Այստեղ հիմնական բանալի բառը ձեր՝ «բոլորի վարչապետ լինելն է», անկախ նրանից, թե նրանք որ թիմից են։ Իհարկե, հասկանում եմ, որ էն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետն իսկապես արժի լինել, մյուսներն այլևայլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ազդեցությունները վերականգնելու, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով՝ շտաբներում աշխատելով էդ քվեները ձևավորվել են»,- նշել է Սարգսյանը։

Նա նաև ծիծաղելի է համարել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը՝ որպես հիմք ընդունելով սոցիոլոգիական հարցումները կամ բազմամարդ հանրահավաքները։

Ինչ վերաբերում է իրենց քաղաքական ուժին, ապա անկախ ընտրությունների արդյունքներից՝ մշտապես լինելու են պետության ու պետականության կողքին։

«Մեզ համար գերկարևոր է ՀՀ անկախությունը, էդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով»,- նշել է Արամ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ իրենց թիմն այդ մոտեցումներով կարող է օգնել թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող գործիչներին։ Նշել է նաև, որ իրենք տնտեսական ոլորտում էլ առաջարկներ կներկայացնեն կառավարությանը, հետամուտ կլինեն, որ դրանք իրականություն դառնան կամ էլ «հիմնավոր մերժվեն», որ հնարավոր լինի չնեղացնել բիզնեսին։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ