ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Հունաստանի բանկային համակարգը գտնվում է սնանկացման եզրին, չորեքշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Բանկային համակարգը սնանկացման եզրին է», – ասել է նա լրագրողներին Բրյուսելում։
Ավելի վաղ հայտնել էին, որ ԵԿԲ–ն պատրաստ է հունական բանկերի համար հինգշաբթի բարձրացնել վարկավորման շեմը արտակարգ վարկավորման ծրագրով (ELA), այդ պարագայում Հունաստանում ֆինանսական հաստատությունները կարող են բացվել երկուշաբթի` հուլիսի 20-ին։
Ֆինանսների նախարարի որոշման համաձայն` Հունաստանում «բանկային արձակուրդները» մինչ այդ երկարաձգվել էին մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Եվրագոտու երկրների առաջնորդների գագաթնաժողովը Հունաստանին կարգադրեց մինչև հուլիսի 15-ը մի շարք օրինագծեր անցկացնել խորհրդարանում, այդ թվում` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների և ԱԱՀ մասով։ Միայն եթե այդ օրենքներն ընդունվեն, կարող են բանակցություններ սկսվել Հունաստանի ԵՄ–ի կողմից վարկավորման երրորդ ծրագրի վերաբերյալ։