15:53 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Место крушения малайзийского Boeing 777

ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամները պարզաբանել են, թե ինչ դիրքորոշում ունեն MH17–ի գործով բանաձևի նախագծի հարցում

© Sputnik/ Маша Росс
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Ռուսաստանը չորեքշաբթի արգելափակել է միջազգային դատարանի ստեղծման բանաձևի նախագիծը, որը ներկայացրել են Դոնեցկի մոտակայքում Boeing–ի ավիավթարի քննությունն իրականացնող երկրները

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամները տարբեր դիրքորոշում են ցուցադրել Boeing–ի ավիավթարի հարցով միջազգային դատարան ստեղծելու մասին բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ, սակայն համաձայն են այն հարցում, որ ավիավթարի անկախ քննություն է հարկավոր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այսպես են ներկայացրել իրենց դիրքորոշումը և′ կողմ քվեարկած ԱՄՆ–ն և Մալայզիան, և′ դեմ քվեարկած Ռուսաստանը, և′ ձեռնպահ մնացած Չինաստանը, Անգոլան և Վենեսուելան, և′ նախագիծը պատրաստած Ուկրաինան, Նիդեռլանդներն ու Ավստրալիան։

Ռուսաստանը չորեքշաբթի կիրառել է վետոյի իրավունքը` արգելափակելով ավիավթարի քննությամբ զբաղվող երկրների խմբի անունից (Ավստրալիա, Նիդեռլանդներ, Մալայզիա, Բելգիա և Ուկրաինա) ներկայացված բանաձևի նախագիծը, որը վերաբերում է միջազգային դատարանի ստեղծմանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԱԽ–ի 11 անդամ, Չինաստանը, Վենեսուելան և Անգոլան ձեռնպահ են մնացել։ Քվեարկությանը մասնակցել են խորհրդի` հինգ մշտական (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) և տասը ոչ մշտական (Անգոլա, Վենեսուելա, Հորդանան, Իսպանիա, Լիտվա, Մալայզիա, Նիգերիա, Նոր Զելանդիա, Չադ և Չիլի (2015)) անդամները։

Խորհրդի անդամները


«Այսօր վետոն չի կարող լինել և չի դառնա արդարադատության ժխտում զոհվածների ընտանիքների համար։ 298 ուղևորով քաղաքացիական ինքնաթիռը գնդակոծողների համար չի կարող և չի լինի անպատժելիություն», – հայտարարել է ՄԱԿ–ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Մալայզիայի տրանսպորտի նախարար Դատո Տինգ Լայը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները չեն ազդի իր երկրի մտադրության վրա, որը վերաբերում է մեղավորների համար պատժի ու զոհված մարդկանց համար արդարության որոնմանը։ «Մալայզիան ևս կդիտարկի և կուսումնասիրի հետապնդման մեխանիզմի այլ հնարավոր տարբերակները այսօրվա քայլի ֆոնի», – ասել է նա։

Քվեարկությունից ձեռնպահ մնացած Անգոլան և Վենեսուելան նշել են, որ չեն կասկածում քննության և մեղավորներին պատժելու հարցում, սակայն համաձայն չեն Մալայզիայի կողմից պատրաստված փաստաթղթի ձևակերպումների հետ։

Ինչպես հայտարարել է Անգոլայի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչ Ջաո Ջիմոլիկան, երկիրը «լրջորեն դատապարտում է ինքնաթիռի կործանումն ու ուղևորների մահը», սակայն նշում է, որ քննությունը դեռևս ավարտված չէ։ «Միջազգային դատարանի ստեղծումը վաղաժամ որոշում է։ Առավել ընդունելի տարբերակ կլինի սպասել քննության արդյունքներին», – հայտարարել է նա։

«Մենք վստահ ենք, որ 2166 բանաձևը (որն ընդունվել է ավիավթարից հետո) շարունակում է մնալ կիրառելի իրավական հիմք միջազգային համագործակցության համար` ելնելով լիարժեք և անկախ քննության շահերից», – հայտարարել է Ջիմոլիկան։

Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ «այս ողբերգության պատասխանատուները պետք է պատժվեն` օրենքին համապատասխան», սակայն բանաձևի նախագծում կային «քաղաքական տարրեր», որոնք կարող են խախտել կողմերի միջև գոյություն ունեցող վստահությունը, որն անհրաժեշտ է շարունակվող քննությանը պատշաճ կերպով աջակցելու համար»։ «Մենք կարծում ենք, որ ՄԱԿ–ի Կանոնադրության VII գլխին հղում անելը դուրս է գալիս 2166 բանաձևի քաղաքական և իրավաբանական շրջանակներից», – նշել է Ռամիրեսը։

Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին հայտարարել է, որ միջազգային դատարան ստեղծելու մասին բանաձևի նախագիծը չի օգնի մեղավորներին բացահայտելու հարցում։

«Հիմա պետք է ուշադրություն դարձնենք միջադեպի մասին իսկությունը սահմանելուն և հասնենք արդարության զոհերի համար։ Չինաստանը հասկանում է, թե ինչ են զգում բանաձևի նախագծի հովանավորները (հեղինակները) և MH17 Boeing–ի վթարի հետևանքով զոհվածների հարազատները, ինչպես նաև հասկանում է մեղավորներին պատժելու իրենց համառ ցանկությունը։ Չինաստանը մասնակցել է բանաձևի նախագծի շուրջ ընթացող խորհրդատվություններին և մշտապես միասնականության կոչ է արել Խորհրդի անդամներին», – հայտարարել է նա։

«Նման հանգամանքներում, երբ Խորհրդի որոշ անդամներ մտահոգություն ունեն բանաձևի նախագծի կապակցությամբ, ապա այն քվեարկության ներկայացնելը միայն կհանգեցնի պառակտման Խորհրդի անդամների միջև, այն չի օգնի թեթևացնել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատների վիշտը, սահմանել փաստերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հիմք ընդունելով այս ամենը` Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից», – ավելացրել է ՄԱԿ–ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը։

Ինչպես քվեարկությունից հետո հայտարարել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, «այսօր նրա զբաղեցրած դիրքորոշումը որևէ ընդհանուր բան չունի անպատժելիության խրախուսման հետ»։ «Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը մալայզիական ինքնաթիռի կործանման պատճառների և հանգամանքների անկախ ու օբյեկտիվ քննությանը`հիմք ընդունելով ԱԽ–ի 2166 բանաձևի դրույթները», – նշել է նա։ Ռուսաստանը պատրաստել է այլընտրանքային նախագիծ, որը նախատեսում է ակտիվացնել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի դերը, ինչը նախատեսված է 2166 բանաձևով։ Այդ նախագծով նախատեսվում է շահագրգիռ բոլոր կողմերի ավելի խորը ներգրավվածություն։

Նա նաև հայտարարել է, որ ավիավթարի հարցում մնում են բազմաթիվ անպատասխան հարցեր, այդ թվում` Կիևին ուղղված հարցեր, օրինակ` ինչու էին քաղաքացիական ինքնաթիռներին ուղևորել մի գոտի, որտեղ պատերազմում են ուկրաինական զինված ուժերը, այդ թվում «ավիացիայի օգտագործմամբ» և ինչու Ուկրաինան դեռ չի ներկայացրել ռազմական կարգավարների բանակցությունների ձայնագրությունները։ Չուրկինը հույս է հայտնել, որ արդարադատություն կլինի «և′ ինքնաթիռը կործանած մարդկանց, և′ նրանց նկատմամբ, ովքեր ինքնաթիռն ուղևորել են ռազմական գործողությունների գոտի»։

Խորհրդից դուրս. նախագծի հեղինակներն ու ռուս քաղաքական գործիչները


Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ միասնությունը MH17–ի ավիավթարի նման ողբերգությունը կանխելու, որքան հնարավոր է շուտ մեղավորներին պատժելու հնարավոր ուղին է։ «Այս հարցով Անվտանգության խորհուրդը պետք է գործի` ղեկավարվելով ՄԱԿ–ի Կանոնադրության VII գլխով», – հայտարարել է նա և ավելացրել, որ «խոսքը հանցագործների անհատական քրեական պատասխանատվության, այլ ոչ թե քաղաքականության մասին է»։

Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Քենդերսը նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերին կհրապարակի ավիավթարի պատճառների քննության արդյունքները։ «Մենք` քրեական քննության ուղղությամբ միասին աշխատող երկրները, չենք դադարի մեր ձգտումը, որպեսզի բռնության այս ակտի համար պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության», – ասել է նա։

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ բանաձևի առաջարկված նախագիծը «գործողության մեջ է դնում պատասխանատվության ենթարկելու պահանջը, որի մասին նշվում է 2166 բանաձևում»։ Բիշոպը նաև ավելացրել է, որ «մինչև քրեական քննության ավարտը հետապնդման մեխանիզմի ստեղծումը համապատասխանում է Խորհրդի պրակտիկային»։

Ռուսաստանի խորհրդարանում հայտարարել են, որ միջազգային դատարանի ստեղծումը չէր նպաստի գործի քննությանն ըստ էության։

«Միջազգային դատարանի ստեղծումը անգամ մեկ քայլով չէր նպաստի գործի քննությանն ըստ էության։ Մենք գործ ունենք…համաշխարհային կարծիքը կոտրելու ձգտման հետ, որն արդեն հակված է համագործակցել Ռուսաստանի հետ», – լրագրողներին ասել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, Պետդումայի Պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը։ Նրա կարծիքով` այդ բանաձևը «ընդհանրապես չպետք է դիտարկվեր ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից անգամ ֆորմալ հիմունքներով», քանի որ «համապատասխան փաստաթղթերում մանրամասն ներկայացված են դրա բոլոր առաջնահերթությունները և Boeing–ի ավիավթարի միջադեպը որևէ կերպ չի ներգրավվում»։  

Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը կարծում է, որ միջազգային դատարանի դեպքում փորձ կարվեր վարկաբեկել Ռուսաստանը, չնայած մի քանի գերմանական ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց հարազատներին այդ ավիավթարի հետևանքով, հայց են ներկայացրել Ուկրաինայի իշխանությունների դեմ։

Բանաձևի նախագծում ուղևորատար ինքնաթիռի վթարը որակվում է որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը և ենթադրում է միջազգային դատարանի ստեղծում` ՄԱԿ–ի Կանոնադրության VII գլխի համաձայն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ռուսաստանը չի աջակցել այդ առաջարկին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինքնաթիռի կործանումը քրեական հանցագործության հետևանք է, այլ ոչ թե միջազգային աշխարհին և անվտանգությանը սպառնացող վտանգ, ինչը ենթադրում է մալայզիական բանաձևի նախագիծը։ Նախարարի խոսքով` ՄԱԿ–ի ԱԽ–ն ինքնաթիռների կործանման դեպքում երբեք դատարաններ չի ձևավորել, և միայն հենց այդ միտքը (դատարան ձևավորելու) ապահովում է նրանց մեղավորությունը, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում։

Գլխավոր թեմաներ