ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երուսաղեմի հայ համայնքը բողոքի հզոր ցույց կկազմակերպի Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հայտնում է «Հայերն այսօր»-ը:
«Իսրայելի հայ համայնքը բողոքի իր ձայնը կուղղի իսրայելական իշխանությանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ»,- ասված է հաղորդագրությունում:
Ցույնը նախատեսված է անցկացնել ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին։
Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարել, որը կիրառվել է հայկական բանակի դեմ։ Մասնավորապես հաղորդվեց, որ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ժամանակ իսրայելական արտադրության ինքնասպան-անօդաչու է կիրառվել:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։