17:53 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ստրասբուրգ

Երթ Ստրասբուրգում. Եվրոպան պետք է չլռի Հալեպի հայերի մասին

© Sputnik/ Владимир Федоренко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված են այն հանգամանքից, որ քրիստոնեական Եվրոպան լռում է խաղաղ բնակչության դեմ իրականացրած բռնության մասին:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ստրասբուրգի հայ համայնքի անդամները երթ են կազմակերպել ի պաշտպանություն Հալեպի հայերի, գրում է tert.am-ը:

Ակցիան անցկացվել է Եվրախորհրդարանի, Եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի շենքի մոտ, «1915-2016. Ցեղասպանությունը շարունակվում է», «Եվրոպան պետք է գործի», «Փրկեք Հալեպը» գրությամբ պաստառներով, ինչպես նաև «Ոչ նոր պատերազմին», «Խաղաղություն Սիրիային, Իրաքին և Լիբանանին», «Խաղաղություն Հալեպի հայերին» վանկարկելով:

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև սեպտեմբերի 30-ին Հալեպի հրթիռակոծության հայ զոհերի լուսանկարներով պաստառներ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Հալեպ
© Sputnik/ Михаил Воскресенский

«Երբ 1915 թվականին միլիոնավոր հայեր, հույներ, ասորացիներ և այլ քրիստոնյա ժողովուրդներ ոչնչացվում էին թուրքերի և քրդերի կողմից, քրիստոնյա Եվրոպան անխղճորեն լռում էր: Հետագայում իր լռությունը բացատրեց Առաջին համաշխարհային պատերազմի փաստով, նշելով, որ այդ ժամանակաշրջանում եվրոպական երկրները գտնվում էին պատերազմական վիճակում, այդ իսկ պատճառով չկարողացան մեզ օգնության գալ: Ցավոք, այսօր, ցեղասպանությունից 100 տարի անց, պատմությունը կրկնվում է: Այսօր ցեղասպանության են ենթարկվում 20-րդ դարի ցեղասպանությունից փրկվածների սերունդները, իսկ քրիստոնյա Եվրոպան կրկին լռում է անխղճորեն», — հայտարարել է երթի մասնակիցներից ՝ Համլետ Հովսեփյանը, Եվրախորհրդարանի շենքի մոտ ելույթ ունենալիս:

Հայկական համայնքի ակցիային միացել է նաև Ստրասբուրգի ասորիների համայնքը:

Սիրիայում մինչև հակամարտության սկիզբը հայկական սփյուռքը շուրջ 110 հազար մարդ էր կազմում: Հայերը նշանակալի դեր էին խաղում երկրի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում:

Նրանց մեծամասնությունն այն հայերի հետնորդներն էին, որոնք փրկվել են 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում զանգվածային ջարդերից և արտաքսումից հետո` ապաստան գտնելով Սիրիայում:

Հայերի մեծամասնությունն ապրում էր Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում (շուրջ 7 հազար մարդ), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ Քամիշլում:

Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքեց երկիրը, սակայն պատմական հայրենքի վերադարձան նրանցից քչերը:

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, դա ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Գլխավոր թեմաներ