06:12 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6910

Հայաստանում մտահոգված են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ապագայով։ Թուրքիայի խորհրդարանում նա 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն է որակել։ Այսօր թուրք և հայ փորձագետները զուգահեռներ են անցկացնում Փայլանի և 10 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի միջև։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ և թուրք փորձագետները զուգահեռներ են անցկացնում երկու հայազգի գործիչներ` Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանի և 10 տարի առաջ սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի միջև։

«Կարո Փայլանը Հրանտ Դինքն է» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Cumhuriyet» թուրքական պարբերականում և նվիրված է Դինքի սպանության տասնամյակին, հեղինակը`Այդին Էնգինը, զգացմունքային անդրադարձ է արել. «Դուք սպանեցիք Հրանտ Դինքին` այդ երկրի ամենախիզախ որդիներից մեկին, մտածելով, որ դրանով կազատվեք խիզախ սրտի կանչից։ Սակայն սխալվեցիք, քանի որ ռասիզմով և ազգայնական նախապաշարումներով կուրացած ձեր ուղեղն այդպես էլ չկարողացավ հասկանալ դա։ Դուք այդպես էլ չգիտակցեցիք, որ նրա սպանությունը կծնի նրա նման տաս հազարների…։ Հրանտ Դինքն այսօր ապրում է նրա դրոշը կրող երիտասարդ հայերի ձայնի, խոսքի, գիտակցության և գործողությունների մեջ։ Նրանցից մեկն էլ Կարո Փայլանն է»։

«Կարոն, Դինքի նման, նույնքան ուղղախոս և ակտիվ է, նա պայքարում է թուրքական կառավարության անարդարության և բռնապետության դեմ։ Մենք` հայերս, մտահոգված ենք Կարոյի ապագայով, որին կարող են սպանել Դինքի նման», — լրագրողների հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։

Հացպանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել թուրք պատգամավորների Կարոյին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու հայտարարություններին, անկախ նրանից, որ նրան արդեն զրկել են խորհրդարանի առաջիկա երեք նիստերին մասնակցելուց։ Փայլանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչն այսօր Թուրքիայի կառավարությանը ձեռնտու չէ։

«Ազգայնական շարժում» խմբակցության անդամները չեն ընդունում Փայլանին` Հայոց ցեղասպանության մասին նրա հիշատակման համար։ Նրանք ճնշում գործադրեցին էրդողանականների վրա` Փայլանին խորհրդարանի աշխատանքից հեռացնելու համար։ Հացպանյանն ասում է, որ այսօրվա Թուրքիան տասը տարի առաջվա Թուրքիան չէ։ Էրդողանի կառավարությունը ձգտում է Օսմանյան կայսրության և փորձում է իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել` Էրդողանին ժամանակակից սուլթան հայտարարելով։ Այսօր Թուրքիայում ավելի վտանգավոր է, քան տասը տարի առաջ, քանի որ թուրքական բանտերը լի են քաղբանտարկյալներով։

«Հրանտը պատմում էր, որ ծպտյալ հայերից օգնության խնդրանքով բազմաթիվ նամակներ էր ստանում Թուրքիայի տարբեր ծայրերից։ Այդ նամակները բավարար կլինեին մի քանի հատոր գրելու համար», — ասում է Հացպանյանը։

Տասը տարի անց Հրանտ Դինքի սպանության դատավարությունն ավարտվում է, սակայն հայերը հույս չունեն, որ Թուրքիայի կառավարությունը թույլ կտա բացահայտել իրական հանցագործին։

Հայ փորձագետը համոզված է, որ անկախ էրդողանական ռեժիմի դեմ համընդհանուր տագնապից և վախից, Դինքի սպանությունը Թուրքիայի հայերի մոտ ազգային ինքնագիտակցություն է արթնացրել և ստիպել ուսումնասիրել իրենց արմատները։ Կարո Փայլանին, թուրք գրող Օրհան Փամբուկին և այլ հայ ու թուրք հասարակական գործիչներին այն ուժ տվեց պայքարելու անարդարության և դեսպոտիզմի դեմ։

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում, 2007 թվականի հունվարի 19-ին։ Ամեն տարի այդ օրը Դինքի համախոհները և բոլոր նրանք, ովքեր պայքարում են անարդարության դեմ, երթ են կազմակերպում դեպի խմբագրատուն, բացականչելով. «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինքն ենք»։ Երթ կանցկացվի նաև այս տարի։

Русская версия

 

Գլխավոր թեմաներ