ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը: Այս մասին գրում է «Ակօսը» պարբերականը։
Թուրքիայի Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:
Փայլանն ավելի վաղ դիմել էր դատարան՝ պահանջելով վերականգնել խոսքի ազատության իր իրավունքը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Կարո Փայլանն ասել էր, որ Թուրքիան ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ հայերի կողմից կազմված Սահմանադրության առաջին օրինակը մերժվեց, և իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես հիմա:
Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքը հանվել էր նիստի արձանագրություններից: