01:07 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գազպրոմ

Վրաստանին դեռ անհանգստացնում է Հայաստան եկող ռուսական գազի հարցը

© Sputnik/ Максим Блинов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Վրացական ընդդիմությունը կրկին աղմուկ է բարձրացրել Ռուսաստանից Հայաստան (Վրաստանի միջով) եկող գազի տարանցման շուրջ։ «Ազգային շարժում» խմբակցությունը երկրի իշխանություններից պահանջում է ոչ միայն հրապարակել ռուսական կողմի հետ ստորագրած պայմանագիրը, այլև ժամանակավոր հանձնաժողով կազմել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի ընդդիմադիր ուժերը կրկին աղմուկ են բարձրացրել երկրի կառավարության և «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության համաձայնագրի շուրջ, որը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարին և վերաբերում է Ռուսաստանից Հայաստան եկող բնական գազի տարանցման պայմաններին։

Նախօրեին խմբակցության առաջնորդ Ռոման Գոցիրիձեն երկրի խորհրդարանում ներկայացրել է մի բանաձևի նախագիծ, ըստ որի` պետք է հրապարակվեն համաձայնագրի բանակցությունների մանրամասները և այդ հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի։

««Ազգային շարժում» խմբակցության ներկայացուցիչները համարում են, որ համաձայնագիրը սպառնալիք է Վրաստանի էներգետիկ անկախության համար», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդդիմադիրները կարծում են, որ տարանցման համար գումար վճարելու տարբերակին անցում կատարելը Վրաստանին բավական անշահավետ դրության մեջ է դրել։ Այն գումարը, որը Ռուսաստանը վճարելու է Վրաստանին գազի տարանցման համար, նախկինում ռուսական ընկերությունից ստացվող 10% գազի կեսը կլինի։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը վրացական ընդդիմության գործողություններն անարդյունավետ է համարում։

«Բանաձևը ոչ մի հետևանք չի ունենա, քանի որ Վրաստանի կառավարությունն ու «Գազպրոմը» փոխզիջման են գնացել և դրամայնացրել են փոխհատուցումը։ Ռուսական գազային ընկերությունն արդեն մի քանի տարի շարունակ ծրագրում էր փոխել Վրաստանի համար սահմանված պայմանները», — ասաց Մելիքյանը։

«Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին արդեն մի քանի տարի շարունակ գազի տարանցման նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են վարում։ Վրաստանը մինչև վերջին պահը ձգձգում էր երկնագույն վառելիքի տարանցման դիմաց գումար ստանալու թեման, ինչի վկայությունն են երկրի իշխանությունների բազմաթիվ ու անպտուղ հանդիպումները ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ։

2017 թվականի հունվարին Վրաստանի իշխանությունների ու «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների միջև ստորագրված երկամյա պայմանագրի համաձայն` առաջին տարվա ընթացքում վճարումը մասամբ կիրականացվի հումքի տեսքով, սակայն հետո, միջազգային չափանիշների համաձայն, կողմերը կանցնեն գումարային հաշվարկների։

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կախաձեն պայմանագիրը ստորագրելուց հետո նշել է, որ այս իրավիճակում կողմերն ամենաբարենպաստ որոշումն են կայացրել։ Անհրաժեշտության դեպքում, սեզոնային կարիքները հոգալու համար Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նպաստավոր պայմաններով։ Այսինքն` հազար խորանարդ մետր գազը կստանա 185 ԱՄՆ դոլարով` 215 ԱՄՆ դոլարի փոխարեն։

«Գազպրոմը» Վրաստանին շահավետ պայմաններ է առաջարկել, սակայն երկիրը կանգնել է մեկ այլ խնդրի առաջ` ումի՞ց և ի՞նչ գումարով գազ գնել տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Առանց «Գազպրոմի» 10% գազի Վրաստանը բացարձակ կախվածության մեջ կընկնի երկնագույն վառելիքի ամենամեծ մատակարարից` Ադրբեջանից։ Վրաստանի էներգետիկայի նախարարը բազմիցս ընդգծել է «Գազպրոմի» «վաստակն ու դերը» այն հարցում, որ Վրաստանը կարողացավ գնի իջեցման մասին բանակցություններ վարել SOCAR-ի հետ»։

Քանի դեռ չի մեկնարկել «Շահ դենիզ 2» հանքավայրի նախագիծը, Ադրբեջանը չի կարող Վրաստանին անհրաժեշտ ծավալով գազ ապահովել։ Այսօր Ադրբեջանն ինքը երկնագույն վառելիքի խնդիրներ ունի և բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ 1 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու շուրջ։

Բրիտանական British Petroleum նավթային ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից գազ տարանցելու համար Թբիլիսին ստանում է 5% կամ 300 միլիոն խորանարդ մետր գազ։ Ընկերությունն արդյունահանում է 6-ից 7 միլիարդ խորանարդ մետր գազ, մնացած 85%-ը կամ 1,5 միլիարդ խորանարդ մետրը Վրաստանը ստանում է SOCAR-ից Գազիմագոմեդ-Գազախ խողովակով։

Հայտնի է, որ Վրաստանը գազային կախվածությունից մասամբ կազատվի միայն 2019 թվականին ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի (նաև Tanap և Tap) նախագծի երկրորդ փուլի մշակման դեպքում։ Կարևոր գործոն կլինի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը, որով նախատեսվում է ադրբեջանական «Շահ Դենիզի» գազը տեղափոխել Եվրոպա։ Tanap գազատարը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյան հատված և կմիանա Tap-ին, որն Ադրիատիկ ծովով հասնում է Հունաստան, Ալբանիա ու Իտալիայի հարավ։

Русская версия

Գլխավոր թեմաներ