ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի հարավում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման զոհ են դարձել չորս երեխա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դպրոցական ավտոբուսի բախումը շրջանային TER գնացքի հետ տեղի է ունեցել Միլլա կոմունայի անցումի վրա` Պերպինյանի մոտ։ Վնասվածքներ են ստացել 20 մարդ, որոնցից 16-ը` երեխաներ։
Ավտոբուսում եղած 11 տարեկան աղջկա տատիկը հայտնել է, որ թոռնիկն ամեն ինչ տեսել է։
«Ուղեփակոցն իջեցված չի եղել։ Թարթող ազդանշանների կարմիր լույսերը չեն վառվել։ Կին վարորդն անցել է (ուղեփակոցով), կանգ է առել ճանապարհի կեսին, և այդտեղ նրանց է բախվել գնացքը, այդպես է ինձ ասել թոռնիկս», — պատմել է կինը։
Բախման հետևանքով ավտոբուսը բաժանվել է երկու մասի։ Պերպինյանի դատախազ Ժան-Ժակ Ֆանյին հայտարարել է, որ հետաքննություն են սկսել։