17:05 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Սիրիա

Աֆրինում թրքացման քաղաքականություն է իրականացվում. հարվածի տակ են Ղամիշլիի հայերը

© AFP 2018 / ABDULMONAM EASSA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Աֆրինի մի շարք դպրոցներում սկսել են դասավանդել թուրք ուսուցիչները։ Կրթության թուրքական մոդել է մտցվել, լուրջ ուշադրություն է դարձվում նաև կրոնական քարոզչությանը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սիրիական Աֆրինում, որն ավելի վաղ գրավել էր Թուրքիայի բանակը, զանգվածային թրքացման քաղաքականություն է իրականացվում։ Այս մասին երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ Թուրքիան նախատեսում է երկարատև հեռանկարում զավթել սիրիական կանտոնը։ Արդեն այսօր մի շարք բնակավայրերի դպրոցներում սկսել են դասավանդել թուրք ուսուցիչները, մտցվում է կրթության թուրքական մոդել։ Էրդողանը սիրիական տարածքները յուրացնելու նպատակաուղղված քաղաքականություն է իրականացնում», — ասաց Հովհաննիսյանը։

Լուրջ ուշադրություն է դարձվում նաև կրոնական քարոզին։

Նա հիշեցրեց, որ Անկարան ծրագրում է նաև «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում և այդ տարածքները բնակեցնել սիրիացի փախստականներով, որոնք հիմա Թուրքիայում են։ Տարբեր տվյալների համաձայն` նրանց թիվը հասնում է մոտ 2.5-3 մլն-ի։

Թուրքիայի իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ չեն սահմանափակվելու Աֆրինի գրավմամբ, մտադիր են շարունակել «հակաահաբեկչական գործողությունները» Մանբիջում, այնուհետև մարտական գործողությունները տեղափոխել Եփրատի արևելյան ափեր։

Կայքի մեկ այլ վերլուծաբան Սոնա Սուքիասյանի կարծիքով` այդ ծրագրերի իրականացումը վտանգավոր է հայկական համայնքի համար։

«Սա ենթադրում է, որ Թուրքիան հասնելու է Սիրիա-Իրաք սահմանին, իսկ այդ հատվածների որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Ղամիշլի քաղաքում հայեր են ապրում: Եթե թուրքական զինուժի գործողությունները մինչև Իրաքի սահման շարունակվեն, հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Մանբիջին, ապա այստեղ տեսականորեն գոյություն ունի բախման վտանգ այստեղ գտնվող ամերիկացի հրահանգիչների և թուրքական բանակի միջև, այն դեպքում, եթե վերջինը որոշի ռազմական գործողություններ սկսել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ։

Մանբիջում գործողություններ սկսելու մասին հայտարարությանն ի պատասխան ամերիկյան կողմն արդեն հասկացրել է, որ իր զինվորականներն այնտեղից դուրս չեն գա։

Միևնույն ժամանակ Տարոն Հովհաննիսյան քիչ հավանական է համարում ամերիկացիների և թուրքերի միջև զինված հակամարտությունը` պնդելով, որ կողմերն ի վերջո «կսակարկեն և պայմանավորվածություն ձեռք կբերեն»։ Թուրքական բանակի գործողությունների հավանականությունը մեծամասամբ կախված է նրանից` ամերիկացիները կորոշեն հանձնել «Մանբիջը», թե ոչ, կարծում է փորձագետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջովին «ազատագրված» է քրդական զինված ուժերից:

Գլխավոր թեմաներ