08:18 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Թռչող տաքսի

Այ քեզ բան. մետրոն դառնում է «խելացի», իսկ տաքսու վարորդը նոր աշխատանք պիտի փնտրի

© AP Photo / Armin Weigel
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (76)
45920

Եթե չինական փորձը հասնի Հայաստան, մենք էլ առանց կանխիկ գումարի կմտնենք մետրո։ Եթե Դուբայի փորձը հասնի Հայաստան, կիմանանք, թե մեզնից քանիսն է իսկապես երջանիկ։ Իսկ եթե եվրոպական նորարարությունը օրերից մի օր հասնի մեր երկիր, տաքսու վարորդները ստիպված կլինեն փոխել մասնագիտությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik, Գոռ Մարգարյան. Մետրո մտնող չինացիներն այլևս գրպանում գումար պահելու անհրաժեշտություն չեն ունենա, Դուբայում երջանկությունը նկատող տեսախցիկներ են տեղադրել, տեսողական խնդիրներ ունեցողները «կարդալու» հնարավորություն են ստացել իրենց իսկ սմարթֆոնների միջոցով, իսկ նորագույն տաքսիները օդում են երթևեկելու։ Եվ այսպես, ամփոփում ենք այս շաբաթվա ընթացքում ինովացիոն ոլորտում գրանցված նորությունները։

Մետրոների «խելացի» համակարգը դեմքով կճանաչի բոլորին

Տեխնոլոգիական փոփոխությունները հասել են «գետնի տակ» ։ Չինական Շենժեն քաղաքի մետրոյի կայարաններից մեկում տեղադրվել է դեմքերի ճանաչման համակարգ։ Նորարարությունն անհամեմատելիորեն կկրճատի այն ժամանակը, որ մարդիկ ծախսում են մետրո մտնելու համար։ Այլևս քարտ կամ գումար պետք չի լինի։ Ուղևորը պարզապես պիտի մոտենա խելացի արգելափակոցին, դեմքի իդենտիֆիկացիոն համակարգը կճանաչի ուղևորին ու ներս կթողնի։ Միաժամանակ կներկայացնի տեղափոխությունների վերլուծությունը և մետրոյում գտնվելու ժամանակը։

Համակարգից օգտվելու համար ընդամենը հարկավոր կլինի գրանցվել և վճարման եղանակ կցել, որից հետո անհրաժեշտ գումարը մեխանիկորեն կգանձվի։

Խելացի համակարգն առայժմ թեստավորման փուլում է և գործում է միայն մեկ կայարանում, բայց վստահ եմ, որ այն շատ արագ տարածում կգտնի Չինաստանում։ Հիշեցնեմ, որ Պեկինում վաղուց արդեն գործում է «սոցիալական վարքագծի համակարգը», որը դեմքը ճանաչելու սկզբունքով հետևում է հետիոտներին ու արձանագրում սխալ վայրից փողոցն անցնելու կամ չնախատեսված վայրում աղբ թափելու փաստերը և գրանցման վայր ուղարկում զանցանքի համար նախատեսված տուգանքը։

Պատկերացրեք, ինչ հրաշալի կլինի, եթե այս համակարգը կիրառվի նաև մեր տրանսպորտային համակարգում։ Տաքսիստները ստիպված կլինեն «զդաչի» չունենալու պատճառաբանության փոխարեն նոր բան մտածել։ Մտավախություն ունեմ, որ այս համակարգն անզոր կարող է լինել մեր երթուղայիններում, քանի որ ի վիճակի չի լինի ճանաչել կռացած ուղևորների դեմքերը։

Դուբայում հաշվում են ժպտացող դեմքերը

Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսական և տուրիստական կենտրոնի` Դուբայի մի քանի շրջաններում տեղադրվել են մարդկանց երջանկության մակարդակը չափող տեսախցիկներ։ Արհեստական բանականությամբ օժտված տեսախցիկները տեղակայված են ճանապարհատրանսպորտային կառավարման համակարգի այցելուների սպասարկման կենտրոններում։ Այս նորարարության միջոցով կենտրոնների աշխատակիցները կկարողանան ստուգել` այցելուները գոհ են սպասարկման որակից, թե ոչ։

Ժպիտ չափող համակարգը վերլուծում է դեմքի արտահայտությունը, բայց իր հիշողության մեջ ոչ մի լուսանկար չի պահպանում։ Փաստորեն այս տեխնոլոգիան ոչ միայն վերլուծաբանի ու հոգեբանի հատկանիշներով է օժտված, այլև իրավապաշտպանի։

Հետաքրքիր է` Հայաստանում պետական կամ համայնքային քանի՞ կառույց կցանկանա այսպիսի համակարգ տեղադրել։

Գերժամանակակից տաքսին վարորդ չի ունենալու և երթևեկելու է օդում

Շատերը բողոքում են, որ տաքսիների վարորդների մեծամասնությունը երթևեկության ընթացքում ձանձրացնում են իրենց ռուսաստանյան բիզնեսների մասին պատմություններով։ Իսկ եթե տաքսին չունենա՞ր տաքսիստ։

Եվրոպական Airbus ավտոշինական ընկերությանը մտահոգել է այս թեման և ներկայացրել է շատերի երազանք դարձած բազմատեղանոց ինքնակառավարվող էլեկտրական տաքսու` CityAirbus–ի նախատիպը։

Տաքսին ավելի շատ, սովորական դարձած դրոն է հիշեցնում կամ էլ կարելի է հեշտությամբ շփոթել ուղղաթիռի հետ։ Երևի թե հասկացաք, որ բացի 4 նստատեղից, էլեկտրական շարժիչից և ինքնակառավարման համակարգից, տաքսին ունենալու է նաև թռչելու հնարավորություն։

Իսկ նոր տրանսպորտի ուղղահայաց վերելք ու վայրէջք կատարելու ֆունկցիայի շնորհիվ կայանելու համար ո՛չ շատ ժամանակ կծախսի, ո՛չ էլ մեծ տարածք կզբաղեցնի։ Ոլորտի փորձագետները համոզված են, որ թռչող տաքսիները մեծ քաղաքներում կհայտնվեն 2025 թվականին։

Սմարթֆոնները հեշտացնում են նույնիսկ կույրերի կյանքը

Այս մեկն այնքան էլ նորույթ չէ, ուղղակի օգտակար կլինի, որ այս տեղեկությունը հնարավորին շատ մարդ լսի։ Սմարթֆոնների համար նախատեսված հավելված գոյություն ունի, որը հեշտացնում է վատ տեսողություն ունեցողների և կույրերի կյանքը։ Seeing Al հավելվածը բարձրաձայն կարդում է տեքստերը։ Այսինքն տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հեշտությամբ կարող են «կարդալ», թե ինչ է գրված ցուցանակներին, գրքերում կամ էլ սրճարանների մենյուներում։ Ծրագիրը կարող է նաև բնութագրել այն մարդուն, որի վրա պահել եք սմարթֆոնի տեսախցիկը։ Օրինակ` կարող է ասել, թե դեմքի ինչ արտահայտություն ունի ձեր զրուցակիցը կամ էլ ինչ է հագել այդ պահին։

Ցավոք, այս ծրագիրը հասանելի է միայն iOS համակարգերի համար, բայց Android–ականնե՛ր, չհուսահատվեք, մեր հարթակում ժամանակի ընթացքում նույնպես կհայտնվեն նմանատիպ հավելվածներ։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (76)

Գլխավոր թեմաներ