05:47 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Նիկոլ Փաշինյան

Անձնական կապեր կամ «ցուցադրական ծրագիր». ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Ստրասբուրգ

© Sputnik / Asatur Yesayants.
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (786)
15620

Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնում է Ստրասբուրգ. փորձագետներն այդ այցի մեջ ինչպես անձնական կապեր հաստատելու, այնպես էլ արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայությունը ծածկելու հնարավորություն են տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Երկխոսության հաստատո՞ւմ, թե՞ PR ակցիա. փորձագետները տարբեր կերպ են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա կատարելիք այցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11–ն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին։

«Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրից հետո որոշ եվրոպական երկրներ արդեն վավերացրել են այն։ Մի շարք խորհրդարաններում այդ հարցը օրակարգում է, թեև կարծես, սայլը տեղից չի շարժվում», – Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ և առաջ` մի շարք երկրների խորհրդարաններում սպասվում են ընտրություններ, ինչպես նաև Եվրախորհրդարանում։ Բայց գործընթացը շարունակվում է, օրերս համաձայնագիրը վավերացրել է Գերմանիան` Եվրոպայի «լոկոմոտիվը»։

Հայաստան-ԵՄ պայմանագրի վավերացման գործընթացի դանդաղեցումը Հայաստանի մեղքով չէ, քանի որ Հայաստանի ստորագրությունը համաձայնագրի տակ կա 2017թ.-ից։ Ըստ էության, նա արդեն անցել է դրա իրագործմանը։

«Հայաստանը պետք է ակտիվ աշխատի բոլոր խաղացողների հետ` թե՛ առանձին պետությունների, թե՛ առանձին մարմինների։ Այստեղ խոսքը խորհրդարանական ակտիվության մասին է, որն առայժմ չկա», – նշեց Սարգսյանը։

Сурен Саркисян
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Սարգսյան

Այդ առումով փորձագետը կարևորում է վարչապետի այցը և ընդհանրապես անձնական շփումը, հարաբերություններ հաստատելը։ «Նման կապերը կարևոր են ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային հարաբերությունների դիրքերից։ Հուսով եմ, որ վարչապետին կհաջողվի հաջողությունների հասնել այդ դաշտում», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` անձնական կապերը կարող են օգտագործվել երկրի շահերի համար։ Արդեն հայտնի են Փաշինյանի գալիք հանդիպումները, և դրանք շատ կարևոր են։

Այլ դիրքորոշում ունի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը հստակ հայեցակարգ չունի։

«Հայաստանի վարչապետը սովորաբար մասնակցում է ինչ–որ կոլեկտիվ միջոցառումների, լինեն դրանք ԵՄ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ միջոցառումներ։ Առանձին այցերը շատ քիչ են։ Դա խոսում է այն մասին, որ երկրում չկա բազմավեկտոր արտաքին քաղաքականության հայեցակարգ», – նշեց Բադալյանը։

Նրա խոսքով` Հայաստանի քաղաքականությունը լիովին ուղղված է Ռուսաստանի կողմը։ Որպեսզի դա չափազանց ակնհայտ չլինի, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են այցեր այլ երկրներ։

Դրանք կոչված են ցույց տալու, որ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում, այդպես են գործել նաև նախկին իշխանությունները։

ԵԽ այցը ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստան–ԵՄ համաձայնագրի հետ։ Այն Եվրամիության կառույց չէ, որը որոշում է ֆինանսական կամ այլ հարցեր։ Ամենայն հավանականությամբ, այցը կօգտագործվի փիառի համար ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։

«Ստացվում է, որ ցուցահանդեսից բացի (նվիրված «թավշյա հեղափոխությանը»` խմբ.) Հայաստանը նրանց ներկայացնելու բան չունի։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այցի հիմնական նպատակը հենց ցուցահանդեսի բացումն է` չնայած մի շարք ղեկավարների հետ հանդիպումներին», – նշեց Բադալյանը։

Армен Бадалян
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգի կարծիքով` Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են նույն մակարդակում, ինչ հանրապետականների օրոք։ Չկա օրակարգ ուժեղացող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ` էլ չասած այլ ուղղությունների մասին։

Փաշինյանի` Ստրասբուրգ այցի ընթացքում ծրագրված են նրա հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեի, ԵԽ վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ։

Վարչապետը նաև կմասնակցի «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում» ցուցահանդեսի բացմանը և կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (786)

Ըստ թեմայի

Ինչ կլիներ, եթե ՀՀԿ–ականներից մեկին քերծեին. Փաշինյանը խոսեց «ֆեյքերի» դեմ պայքարի մասին
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Հայաստան

Գլխավոր թեմաներ