17:03 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Նիկոլ Փաշինյանը` Սինգապուրում

Հայերը թողել են անջնջելի հետք. վարչապետը մասնակցել է Սինգապուրի խորհրդանիշ կոթողի բացմանը

© official site of the PM of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (826)
78 0 0

Փաշինյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ:

«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաև որպես Սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումը ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում:

Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Գիտեք, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը, սինգապուրյան վարկածով` Ագնես Ջոակիմին: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխարհի բազմաթիվ կողմերում կհանդիպենք իրավիճակների, երբ այդ երկրների կյանքում տեղի ունեցած, ստեղծված խորհրդանշական կարևորագույն արժեքների հետևում կանգնած են հայերը:

«Համոզված եմ, որ սա լիարժեք արտահայտում է մեր ժողովրդի էությունը: Կարծում եմ, որ արդի ժամանակի առանձնահատկությունը նրանում է, որ հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաև Հայաստանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն: Սինգապուրը 20-րդ դարի հրաշքներից մեկն է, վերլուծաբանները, տնտեսագետները հատորներով նյութեր են գրել` հասկանալու, թե ինչպե՞ս տեղի ունեցավ և ի վերջո ստեղծվեց երկիր, որի ամեն անկյունն ունի իմաստ, որը զարգացման և մարդու ստեղծագործական հանճարի, հաղթանակի յուրօրինակ ապացույց է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ դրա պատասխանը մեկն է` մարդկային կյանքը կազմակերպելու, քաջալերելու ընդունակությունը:

Վարչապետի խոսքով`այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում:

Վարչապետը նկատել է, որ Սինգապուրում իր ողջ գոյության ընթացքում բնակվել են մի քանի տասնյակ հայեր և որոնք այս երկրում թողել են անջնջելի հետք: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրում են միլիոնավոր հայեր, դեռ միլիոնավորները պետք է ապրեն և սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն աշխարհի վրա պետք է թողնեն նույնպիսի անջնջելի և հավերժական հետք, նույնպիսի ժառանգություն, ինչպիսին Աշխեն Հովակիմյանն է թողել Սինգապուրի պատմության մեջ: Սա նաև մեր, Սինգապուրի, աշխարհի պատմությունն է, մենք ներկա ենք եղել այդ պատմությանը, մենք կերտել ենք այդ պատմությունը, կերտում ենք և մշտապես լինելու ենք այդ պատմության հեղինակների դերում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ հաճախ մեր երկրի պատմության հեղինակները մենք ինքներս չենք եղել և եկել է ժամանակը, որ ինքներս կերտենք մեր սեփական երկրի պատմությունը, այնպես կերտենք, «որ ոչ թե ուրիշները, այլ մենք ենք ուզում, ինչպես մեր նախնիներն են երազել, ինչպես մենք ենք երազում մեր երեխաների համար»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի կառավարությանը, ժողովրդին` հայ ժողովրդի ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են նաև Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (826)
թեգերը:
Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Սինգապուր

Գլխավոր թեմաներ