03:01 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Սիրիա, արխիվային լուսանկար

Հայերին տարհանել են Սիրիայի Թել Աբյադից. անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխեն Հայաստան

AP Photo/ Hussein Malla
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Հայկական ընտանիքների մեծամասնությունը լքել է Թել Աբյադը, որը գտնվում է թուրքերի առաջխաղացման ճանապարհին, Կամիշլիում առայժմ հանգիստ է։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ընտանիքների մեծամասնությունը լքել է Սիրիայի` թուրքական ներխուժման գոտու առավել վտանգավոր շրջանը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը։

«Այդ շրջաններում հայերի ընդհանուր թիվը մոտ 3,5 հազար է։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի քաղաքում (մոտ 400-500 ընտանիք)։ Նրանք նաև բնակվում են Դերիկ, Թել Աբյադ բնակավայրերում, Ռաս Ալ Այն քաղաքում», – ասաց Մելքոնյանը։

Թել Աբյադում գտնվող 16 ընտանիքներից 13–ը տարհանվել են Հասեկե քաղաք (ներխուժման գոտուց դուրս է)։ Ընտանիքներից մեկը շուտով կուղևորվի այնտեղ, մնացածները հրաժարվել են լքել տները։

Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այդ քաղաքի մի մասը գտնվում է Սիրիայի կառավարության հսկողության տակ։ Հայաբնակ թաղամասերը գտնվում են հենց Դամասկոսի հսկողության տակ, ուստի անվտանգ են։ Այդ մասին հաղորդում են տեղի հայերը։

«Հիմա հայերը Կամիշլիի մյուս բնակիչների պես ապրում են սովորական կյանքով. երեխաները դպրոց են գնում, խանութներն աշխատում են», – ասաց Մելքոնյանը։

Տպավորություն է ստեղծվում, որ թուրքերը չեն ցանկանում բախում ունենալ սիրիական կառավարական ուժերի հետ։

Իհարկե, իրավիճակն անկանխատեսելի է։ Եթե տարհանման անհրաժեշտություն ծագի, ապա Դամասկոսում դեսպանատունը և Հալեպում հյուպատոսությունը տեղի համայնքների հետ պատրաստ են կազմակերպել այն։

«Մենք պատրաստ ենք ընդունել նրանց Դամասկոսում և Հալեպում, ապահովել անհրաժեշտ պարագաներով, բնակարանով, սննդով։ Եթե ցանկացողներ լինեն, կապահովենք նրանց թռիչքը Հայաստան», – ասաց Մելքոնյանը։

Վերջին տվյալներով` թուրքերը 5 կմ խորացել են Սիրիայի տարածք, հիմնական ուղղություններից մեկը Թել Աբյադ շրջանն է։ Տեղեկություններ կան ռազմաբազաներ ստեղծելու մասին։ Թուրքերի հետ միասին ներխուժմանը մասնակցում է այսպես կոչված «Ազատ սիրիական բանակը» և, ամենայն հավանականությամբ, իսլամիստների խմբավորումները։

Որոշ տեղերում քրդերը դիմադրություն են ցույց տալիս, սակայն առայժմ դժվար է ասել, թե որքան է զգալի այդ դիմադրությունը։

Մելքոնյանի խոսքով` Թուրքիայի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը բավական վտանգավոր է տարածաշրջանի և հենց Սիրիայի կայունության համար։

«Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ, սպառնում է երկրի հյուսիսարևելյան շրջաններում ժողովրդագրության փոփոխությամբ։ Ներխուժումը սպառնալիք է Սիրիայի խաղաղ բնակչության համար և կարող է հանգեցնել հումանիտար նոր աղետի», – ասաց Մելքոնյանը։

Ավելին, նրա խոսքով, կա կվնասի Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային ջանքերին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ըստ թեմայի

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը
ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի Սիրիայում ստեղծված վիճակն ու ՀՀ դիրքորոշումը
Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել
թեգերը:
Արմեն Մելքոնյան, հայ, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ