17:54 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակի» (ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Չինաստան) գագաթնաժողով անցկացնել։ Նրա գաղափարին բանավոր համաձայնություն են տվել բոլոր ղեկավարները, բայց հանդիպման վայրն ու օրակարգը դեռ համաձայնեցված չեն։

Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկո. Sputnik-ի համար

Մարդկությունը չի համախմբվում սպառնալիքներին դիմագրավելու համար

ՌԴ նախագահը գագաթնաժողովի առաջարկը հնչեցրել էր Երուսաղեմում Հոլոքոստի 75-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։ Նա մտավախություն էր հայտնել, որ մարդկությունը չի համախմբվում սպառնալիքներին դիմագրավելու համար։

«Ռազմավարական կայունության հարցերն այն օրակարգի մի մասն են, որն անհապաղ ու ոչ սովորական քայլեր է պահանջում։ Ավելի լայն առումով խոսքը մարդկության գոյատևման մասին է», - իր հերթին ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Այդ հայտարարություններն իրենց բովանդակությամբ ու դրամատիզմով հիշեցնում են խորհրդային կառավարության հայտարարությունները, որոնք հնչում էին 30-ականների երկրորդ կեսին։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ը պնդում էր, որ պետք է համատեղ ջանքերով զսպել ագրեսորին ու հավաքական անվտանգության համակարգ ստեղծել։ Արևմուտքը չլսեց խորհրդային ղեկավարությանը։ Հետևանքը եղավ այն, որ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ու միայն դրանից հետո ստեղծվեց Յալթայի-Պոստդամի համակարգը, որի շրջանակում իբր ապրում ենք մինչև հիմա։

Փաշինյանի մոսկովյան այցը չի չեղարկվել. խոսնակ

Հենց «իբր», քանի որ Յալթայի-Պոստդամի համակարգի մեխանիզմները փաստացի վաղուց չեն գործում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ԱՄՆ–ն ինքնագլուխ, ծանուցման կարգով վերանայեց միջազգային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները։ Երբեմն ժամանակակից համակարգն անվանում են հետյալթյան, քանի որ Յալթայի-Պոստդամի պայմանավորվածություններով նախատեսված բոլոր միջազգային կազմակերպությունները ձևական գործում են, դրանցից ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվում, բայց իրականում Վաշինգտոնն է որոշում` միջազգային կազմակերպությունների որ որոշումները պետք է ինքն ու դաշնակիցները կատարեն, որոնք՝ ոչ։ Իսկ այն պետություններին, առաջնորդներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք դեմ են ամերիկյան թելադրանքին, լավագույն դեպքում սպառնում են պատժամիջոցներով, վատագույն դեպքում կամակոր ղեկավարներին կալանավորում են շինծու պատրվակներով, իսկ չափազանց ինքնուրույն պետություններին ԱՄՆ-ն «հումանիտար ռմբակոծության» է ենթարկում։

Աշխարհը հայտնվել է համակարգային ճգնաժամում

Մենք ապրում ենք մի աշխարհում, որի գլոբալ տնտեսությունը հիմնվում է Վաշինգտոնի կոնսենսուսի վրա (Վաշինգտոնի կոնսենսուսը հետյալթյան ժամանակահատվածի ևս մեկ տարածված անվանումն է)։ Իսկ քաղաքական առումով Վաշինգտոնյան կոնսենսուսի տնտեսական մոդելի գերակայությունն ապահովվում է ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնիայով։

Ավելի ճիշտ՝ դա այդպես էր մինչև վերջերս։ Ղրիմի վերադարձը հենց այն ամերիկացիների քթի տակից, որոնք արդեն պատրաստվում էին յուրացնել այն, ԱՄՆ-ի դուրս մղումը Սիրիայից, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների անարդյունավետությունը, Չինաստանին Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական պահանջներին ենթարկելու անկարողությունը, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վերնախավերի պառակտումը, Ամերիկայի ու Եվրամիության մշտական տնտեսական հակամարտությունները ցույց տվեցին, որ ամերիկյան հեգեմոնիան ավարտվում է։

Իսկ առանց ԱՄՆ-ի քաղաքական հեգեմոնիայի Վաշինգտոնի կոնսենսուսի տնտեսական քաղաքականության իրականացումն անհնար է։

Աշխարհը հայտնվել է համակարգային ճգնաժամում։ Ու ամենացավոտ հարվածները (այդ թվում` տնտեսական առումով) բաժին են ընկնում ԱՄՆ-ին ու ընդհանուր առմամբ Արևմուտքին՝ որպես Վաշինգտոնի փլուզվող կոնսենսուսի շահառուների։ Ոչ ոքի հայտնի չէ, թե արևմտյան երկրները երբ և ինչ վիճակում դուրս կգան ճգնաժամից ու ընդհանրապես ամբողջական կազմով դուրս կգան, թե ոչ։ Դրան գումարվել է կորոնավիրուսի համաճարակը, որը մեկ այլ ժամանակահատվածում մարդկությունը ոչ թե չէր նկատի, այլ կհաղթահարեր առանց լուրջ ցնցումների, իսկ տնտեսական կորուստները, որքան էլ մեծ լինեին, ճգնաժամային չէին դառնա։

Համաճարակի ու համակարգային ճգնաժամի զուգադիպության պայմաններում, երբ ռեսուրսներն առանց այդ էլ չեն հերիքում, ու պետք է նաև փող ծախսել համաճարակն ու դրա հետևանքները հաղթահարելու համար, սկսել է փլուզվել գլոբալիզմի հիմքը՝ Արևմուտքի առասպելական միասնականությունը։ Արևմուտքի երկրները սկսել են ոչ միայն կարանտինով փակվել միմյանցից, այլև հասել են եսասիրական քաղաքականության։ Նրանք հրաժարվում են դեղորայքով ու գումարով օգնել ԵՄ գործընկերներին։

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Արևմուտքը գնում է դեպի դասական միջնադար, երբ ամեն մեկն իր համար էր պատասխանատու, և բոլորը բոլորի դեմ էին։ Ու որքան երկար տևի համաճարակը, այնքան ավելի խոր միջնադար կսկսվի։

Մենք նոր աշխարհ կկառուցե՞նք

Եթե հին աշխարհն ավարտվում է, պետք է պայմանավորել «նոր հիանալի աշխարհի» կանոնների շուրջ։ Հենց դա էլ առաջարկել է Վլադիմիր Պուտինը։

Միջազգային հարաբերությունների նոր համակարգ կարող է հաստատվել կա՛մ համաշխարհային պատերազմների հետևանքով, կա՛մ համընդհանուր փոխզիջման հիման վրա։ Երկրորդ դեպքում հնարավոր է խուսափել ռազմական բախումից, որը սպառնում է ողջ մարդկությանը։

Հայտնի չէ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» գագաթնաժողովը աշնանը կկայանա, թե ավելի ուշ։ Ամեն դեպքում արժե սպասել, երբ հայտնի դառնա՝ ինչ վնաս է հասցրել համաճարակը Արևմուտքին, հայտնի դառնան նավթային պատերազմի հետևանքները, կտեսնենք նաև՝ որքան վնասներ են կրելու արևմտյան բորսաները գլոբալ համակարգային ճգնաժամի այսօրվա փուլից հետո։

Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ով է ողջ մնացել այս հետաքրքրաշարժ պայքարում, և հնարավոր կլինի որոշել, թե ում հետ և ինչ պետք է խոսել։

Միակ դրական կողմը կարծես այն է, որ համակարգային ճգնաժամի, ածխաջրածնային գների ճգնաժամի ու կորոնավիրուսի համավարակի համընկնումը կարող է փոխարինել նոր համաշխարհային պատերազմին, «անտառային սանիտարի» դեր կատարել ու վերացնել անկենսունակ քաղաքական գոյացությունները։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Կորոնավիրուսի խնդիրը ԵԱՏՄ-ում լուրջ է, բայց վերահսկելի. ԵԱՏՀ սանիտարական վարչություն

Ըստ թեմայի

Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր կլինի անել սմարթֆոնով
Ռուսաստանն ընդդեմ շանտաժի. ինչո՞ւ են Վաշինգտոնն ու Էր Ռիադը ճնշում գործադրում Մոսկվայի վրա
ՌԴ–ն ռուբլու մեծ անկումը թույլ չտալու համար ֆինանսական անվտանգության բարձիկներ է ստեղծել
թեգերը:
Ճգնաժամ, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ