ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 21 միլիոնը: Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։
Օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել 21 068 695 մարդու։ Համավարակի զոհ է դարձել 757 444 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջատար եռյակը, ինչպես և նախկինում, գլխավորում են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը։
Միացյալ նահանգներում կորոնավիրուս է հաստատվել 5 415 666 մարդու մոտ։ Մահերի թիվը 170 415 է.
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 3 229 621 մարդու։ Մահացու ելքերը 105 564-ն են:
Հնդկաստանը՝ 2 459 613 վարակվածներով, երրորդ հորիզոնականում է։ Վարակի բարդացումներից մահացել է 48 144 մարդ։
Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանը, որը նախկինում առաջին եռյակում էր, այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվն այս երկրում կազմում է 907 758, մահերինը`15 384:
Տասնյակում են նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան, Չիլին, Իսպանիան։
Հայաստանը 53-րդ տեղում է. մեր երկրում վերջին տվյալներով գրանցվել է 41 023 վարակակիր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում: