20:10 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
272 0 0

Եգիպտոս կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում խոսել է հայ–եգիպտական հարաբերություններից, Ղարաբաղյան հիմնախնդրից և տարածաշրջանում Թուրքիայի ստեղծած խնդիրներից։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Եգիպտոսի Արաբական Հանրապետություն իր առաջին այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով, որ Եգիպտոսն արաբական երկրներից առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:

Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և Մնացականյանի այցը Եգիպտոս. Հայաստանը պետք է զգույշ լինի

«Մեր հայրենակիցները կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում, և մենք շատ հպարտ ենք դրանով: Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է»,–ասել է Մնացականյանը:

Նա նշել է, որ լավ քննարկում են ունեցել երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ կա լավ և հետաքրքիր ներուժ: Նախարարի խոսքով` ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր կան մեր երկրների միջև: ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար:

«Երկկողմ համագործակցության համատեքստում մենք նաև արժևորում ենք Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մենք սերտ համագործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար»,–ասել է Մնացականյանը:

Նա տեղեկացրել է, որ բավականին ծավալուն քննարկում են ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: «Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայ սպաների նկատմամբ Ադրբեջանի պահանջով Ինտերպոլով հետախուզում չի արվում. ոստիկանություն

Նա ընդգծել է, որ անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ: «Գործընկերոջս` Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում:

Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ»,–ասել է Մնացականյանը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների:

«ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը:

Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկությունները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում»,–ասել է Մնացականյանը: 

Նա ընդգծել է, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: «Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման:

Ի՞նչը կարող է «ստիպել» ՄԻԵԴ–ին պատժել Սաֆարովին ու Ադրբեջանին, կամ Հայաստանի վերջին հույսը

Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»,–պատասխանել է Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը քառօրյա աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։

Ըստ թեմայի

Եգիպտոսը բացում է հյուրանոցները, բայց ոչ բոլորը կարող են հանգստանալ այնտեղ
Եգիպտոսից դուրս եկանք, համավարակից էլ դուրս կգանք․ Ցինկերը՝ ՀՀ-Իսրայել գործակցության մասին
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Եգիպտոս
թեգերը:
ահաբեկիչ, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Եգիպտոս, Նախարար, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ