ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Օրերս ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում կրակ են արձակել հայկական Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում հայկական Asbarez պարբերականը։
Տեղական ոստիկանությունը պարբերականին հայտնել է, որ շաբաթ առավոտյան հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Վնասվել է դպրոցի պաստառը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի, քննություն է իրականացվում։
Նույն դպրոցում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել․անհայտ անձիք շենքի վրա հայատյաց բնույթի, ադրբեջանամետ գրություններ են թողել։ «Քարդաշյանները մարմնավաճառներ են», «Ամեն ինչի համար վճարելու եք», «Աղդամ» և այլն։ Անհայտ անձիք դպրոցի պատերը նաև ադրբեջանական դրոշի գույներով են ներկել։ Ոստիկանությունը «ատելության հողի վրա կատարված հանցանք» հոդվածով գործ է հարուցել։