ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամաբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում։ Տեսնենք՝ կկարողանանք արդյոք բախումները դադարեցնել», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես էր եկել կրակի անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու կոչով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից ինտենսիվ հրետակոծության էին ենթարկվել ԼՂՀ բնակավայրերը, ինչպես նաև զորամասերը։ Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Գիշերը մարտերը շարունակվել են. հայկական կողմը զգալի հաջողություններ ունի
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։