ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զանգվածային զորավարժություններ կսկսի: Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Զորավարժությունների հրամանատար գեներալ Քադեր Ռահիմզադեն գործակալությանն ասել է` զորավարժությունը, որում ներգրավված են իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ուղղված է մարտական պատրաստվածության բարձրացմանը և զինված ուժերի ՀՕՊ-ի հնարավորությունների համախմբմանը:
Զորավարժությունները կկրեն «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» անվանումը, դրանցում կներգրավվեն իրանական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմական սարքավորումներ և կապի համակարգեր, որոնք օդային սպառնալիքներին հակազդում են փոքր, միջին և մեծ բարձրություններում: Զորավարժությունների ընթացքում նախատեսում են նաև գործարկել կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին։
Իրանի հակաօդային պաշտպանությունն ամեն տարի իրականացնում է նման զորավարժություններ։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության ողջ ընթացքում Իրանում մոտ 70 հրթիռ, ԱԹՍ և արկ է հայտնվել։
«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում