12:07 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
866 0 0

Օլավսվերնի ռազմածովային բազան Նորվեգիայում կառուցել են դեռևս 1960-ականներին։  Այն տեղակայված է Ռուսաստանի սահմանից ընդամենը 350 կմ հեռավորության վրա։ Արդիականացման դեպքում բազան ՆԱՏՕ–ի կողմից Ռուսաստանի համար ևս մեկ լուրջ սպառնալիք կդառնա։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Քարքարոտ հողի հարյուրավոր մետրեր, ուղիղ միջուկային հարվածին և հրթիռային զենքով ատոմային սուզանավերին դիմակայելու ունակություն. ԱՄՆ ռազմածովային ուժերը մտադիր են վերակենդանացնել սառը պատերազմի տարիներից մնացած Նորվեգիայի Օլավսվերնի ռազմածովային բազան։ Այստեղից Seawolf տեսակի մի քանի հետախուզական սուզանավեր դուրս են գալու պարեկություն իրականացնելու և Հյուսիսային նավատորմի նավերին հետևելու համար։ ՆԱՏՕ–ի ամենապաշտպանված օբյեկտներից մեկի մասին` ՌԻԱ Նովոստիի նյութում։

Քաղաք ժայռի մեջ

Օլավսվերնում ակտիվ ռազմական գործունեությունը դադարել է 2000–ականների սկզբին, վերջնականապես օբյեկտը սառեցրել են 2009-ին։ Սակայն վերջերս ամերիկացիները որոշել են կրկին այստեղ տեղափոխել ատոմային սուզանավերը. ինչպես հայտարարում են Արևմուտքում՝ Արկտիկայում Ռուսաստանի ուժեղացման պատճառով։

Օլավսվերն կտեղափոխեն Seawolf դասի բոլոր սուզանավերը։ Օգոստոսին դրանցից մեկն արդեն փորձնական անցում է կատարել Նորվեգիա` Բանգորի ռազմածովային բազայից (Վաշինգտոնի նահանգ) նորվեգական Տրոմսե։ Այս նավահանգիստն ամերիկացիներն օգտագործում են ատոմային սուզանավերի միջանկյալ կանգառների համար. Լրացնում են պահուստային պաշարներն ու ընթացիկ վերանորոգում իրականացնում։

Seawolf դասի ատոմային սուզանավերը ԱՄՆ–ի ամենագաղտնի սուզանավերից են։ Դրանք արտադրել են 1980-ականներին՝ հատուկ հակառակորդի լիարժեք վերահսկողության տակ գտնվող շրջաններում գործելու համար։ «Ծովային գայլերը» բավական անաղմուկ և գաղտնի են։ Սուզանավի վրա հզոր հականավային զենք կա։ Այսպես օրինակ մի նավը հիսուն հատ «Տոմահավք» կամ «Հարպուն» տեսակի թևավոր հրթիռներ կամ նույնքան հականավային տորպեդներ ունի։ ХХ դարի վերջին ամերիկացիները նախատեսում էին նման շուրջ 30 սուզանավ ստեղծել, բայց ԽՍՀՄ փլուզումից և Վարշավյան պայմանագրի կազմակերպության վերացումից հետո մտափոխվեցին։ Արդյունքում ԱՄՆ ՌԾՈւ-ն միայն 3 սուզանավ ստացավ։

Օլավսվերնի ռազմածովային բազան կառուցվել է դեռևս 1960-ականներին։  Այն տեղակայված է Ռուսաստանի սահմանից ընդամենը 350 կմ հեռավորության վրա` Հյուսիսային նավատորմի սուզանավերի պարեկության երթուղիների անմիջական հարևանությամբ։ Սառը պատերազմի տարիներին ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները բազայում պահում  էին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրային տարածքի համար պատասխանատու ստորջրյա ուժեր։  ՆԱՏՕ–ի սուզանավերը պատրաստ էին ցանկացած պահի փակել Հյուսիսային նավատորմի ելքը դեպի Նորվեգական ծով ու դրանից այն կողմ` Հյուսիսային Ատլանտիկա։

Հսկայական ստորգետնյա համալիրը կառուցված է ժայռերի մեջ և պաշտպանված 300 մետր հաստությամբ լեռնային ապառաժի շերտով։ Ավելի քան 25 հազար քմ մակերեսով տարածքի վրա պահեստներ են, զինամթերքի պահոցներ, վերանորոգման կառամատույցներ։ Թունելների նախագծման և կառուցման, ինչպես նաև օբյեկտը ժամանակակից սարքավորումներով համալրելու համար ավելի քան 500 մլն դոլար է ծախսվել։ Համեմատության համար նշենք, որ 1961 թվականին գործարկված աշխարհում առաջին USS Enterprise ատոմային ավիակիրն արժեր մոտ 450 մլն։

Ավելի մոտ Արկտիկային

Հյուսիսային նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վյաչեսլավ Պոպովի կարծիքով` Օլավսվերնի թարմացված բազան ՆԱՏՕ–ի կողմից Ռուսաստանի համար ևս մեկ լուրջ սպառնալիք կդառնա։

«Seawolf–ները լավ են հարմարեցված սառույցների տակ լողալու համար, – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է ծովակալը։ – Ամերիկացիները հույս ունեն դրանց տեղակայման վայրը մոտեցնել գործողության գոտիներին, ձգտում են ավելի մոտենալ մեր սահմաններին և Արկտիկային, որտեղ մենք այսօր առաջատար ենք ատոմային սառցահատների շնորհիվ։ Իհարկե, Հյուսիսային նավատորմը ստիպված կլինի վերահսկել Օլավսվերնը. անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցները դրա համար կան»։

Ի դեպ, ինչպես նշում են փորձագետները, ամերիկացիները կարող են դժվարությունների հանդիպել, քանի որ իրավաբանորեն բազան այսօր մասնավոր անձի է պատկանում։ 2000-ականների վերջին արևմտյան վերլուծաբանները համարեցին, որ  ռուսական նավատորմն այլևս ՆԱՏՕ–ի համար վտանգավոր չէ, իսկ Օլավսվերնի սպասարկումը չափազանց թանկ է։ Եվ նորվեգիայի կառավարությունը բազան աճուրդի դրեց։

2011 թվականին Օլավսվերնը 4.5 մլն դոլարով ձեռք բերեց նորվեգիացի մի գործարար։ Նա համալիրը վարձակալության հանձնեց, այդ թվում նաև ռուսական ընկերություններին։ Այստեղ ժամանակ առ ժամանակ հանգրվանում էին «Ակադեմիկոս Նեմչինով» և «Ակադեմիկոս Շատսկի» գիտահետազոտական նավերը։ Գործարքից հետո մի շարք նորվեգիացի զորահրամանատարներ քննադատեցին երկրի ղեկավարությանը։ Այսպես, օրինակ, փոխծովակալ Էյնար Սկորգեն օբյեկտի վաճառքը «մաքուր խելահեղություն» անվանեց։

«Մենք զրկեցինք մեզ կարևորագույն պլացդարմից և ստիպեցինք սուզանավերին լրացուցիչ հարյուրավոր մղոններ անցնել։ Մենք Ռուսաստանի հետ Բարենցի ծովում ընդհանուր սահման ունենք։ Հասկանալի է, որ մեր ռազմածովային նավատորմը պետք է տեղակայվի Արկտիկայի ծովային բազայում», – հայտարարել է Սկորգենը։

Երկակի չափանիշներ

10 տարի անց ՆԱՏՕ–ում գիտակցեցին իրենց բացթողումը։ Նորվեգական NRK հեռուստաալիքի տվյալներով`  Պենտագոնի բարձրաստիճան զինվորականները վերջին շաբաթների ընթացքում բազմիցս Օլավսվերն են այցելել։  Իսկ Նորվեգիայի ՊՆ–ն հավանություն է տվել համաձայնագրին, որը թույլ է տալիս երկրի ԶՈւ–ին, ԱՄՆ–ին և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին կրկին օգտագործել բազան ըստ նշանակության։

«Նորվեգիայի ղեկավարությունն իրեն բարյացակամ չի դրսևորում Ռուսաստանի նկատմամբ, թեև բոլորովին վերջերս նրանք մեզ հետ պայմանագիր են կնքել Բարենցի ծովում տարածքի սահմանազատման վերաբերյալ, – ասում է Նավատորմի աջակցության համառուսաստանյան շարժման նախագահ, 1-ին աստիճանի կապիտան Միխայիլ Նենաշևը: – Մենք գնացինք դրան` ելնելով բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանում համագործակցության զարգացման քաղաքականությունից, հույս ունենալով, որ Նորվեգիան ևս իրեն համապատասխան կդրսևորի։ Սակայն վաշինգտոնյան «շրջկոմից» ավագ ընկերների թելադրանքով, հակառակը, ավելացնում է Ռուսաստանի դեմ ագրեսիան Հյուսիսային Ատլանտիկայում  և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում»։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ռազմական տեսանկյունից Օլավսվերնը հյուսիսային լայնություններում շատ քիչ օգուտ կտա ԱՄՆ–ին և ՆԱՏՕ–ին, քանի որ բազայի կոորդինատներն ու հնարավորությունները վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Սպառնալիքի ժամանակ այն կարելի է արագ արգելափակել ականներով սուզանավերի, ինքնաթիռների կամ ստորջրյա սարքերի օգնությամբ։

Օլավսվերնի ստորջրյա բազան բացառիկ չէ։ Սառը պատերազմի տարիներին նման տասնյակ օբյեկտներ են կառուցվել։ Ամենամեծ բունկերը կառուցել էին շվեդներն անցած դարի կեսերին։ Մուսկյո ռազմածովային բազան «փորել էին» գրանիտե ժայռի մեջ, որն ըստ էության, Ստոկհոլմի արշիպելագի հարավում առանձին կղզի է։ Այդտեղ կահավորվեցին 3 դոկեր նավերի և սուզանավերի ընդունման համար, զորանոցներ, վերանորոգման գործարան, պահեստներ և հոսպիտալ։

Բազայում թիրախավորված հրթիռային հարվածից կամ նույնիսկ միջուկային ռմբակոծումից մինչև հազար զինծառայող կարող է պաշտպանվել։ Ցամաքից դեպի օբյեկտ ծովի հատակով 3 կմ–անոց թունել է տանում։ 2000-ականներին բազայի գործունեությունը դադարեցրին, սակայն 2019-ին հայտնում էին, որ Շվեդիայի ՌԾՈւ–ն այնտեղ է տեղափոխել իր շտաբ-բնակարանը։ Այնտեղ մտադիր են տեղակայել շուրջ հարյուր զինծառայողներ և «Վիսբյու» տեսակի հինգ հետախուզական ռազմանավ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ամենամեծ գաղտնազերծած ստորգետնյա բազան գտնվում է Ղրիմում։  Տավրոս լեռան մեջ` Բալակլավայի ծովածոցի հարևանությամբ միանգամից երկու օբյեկտ կա. չոր դոկ սուզանավերի պատսպարվելու և վերանորոգման համար և տորպեդների ու հրթիռների ատոմային մարտագլխիկների պահեստ։

Միջուկային պատերազմի դեպքում գետնի տակ 3 հազար մարդ կարող էր բավական հարմարավետ ապրել  մոտ մեկ ամիս. մշտապես թարմացվում էին վառելիքի, պարենի և ջրի պաշարները։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո բազան բաժին հասավ Ուկրաինային։  Այն, ինչպես  և մի շարք այլ օբյեկտներ, թալանվեց և անտերության մատնվեց, գունավոր մետաղների «սիրահարները» գողացան սարքավորումները։ 2000-ականներին  Բալակլավայում թանգարան բացեցին.  զբոսաշրջիկներին ցուցադրում են վերանորոգման գործարանի ստորգետնյա հատվածը, զինանոցը, կառամատույցն ու մի քանի շինություններ։

Փորձագետների գնահատականներով` անհրաժեշտության դեպքում բազան հնարավոր է վերասարքավորել և կրկին շահագործել, սակայն ժամանակակից սուզանավեր այն չի կարող ընդունել դրանց չափսերի պատճառով։

Ըստ թեմայի

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը
Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը
«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ
թեգերը:
Սուզանավ, Ռուսաստան, ՆԱՏՕ, Նորվեգիա

Գլխավոր թեմաներ