ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկությունը հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում։
Ընդունված բանաձևում 4 կետ է առանձնացվում։
- Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
- Դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
- Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում ուժերի ներածի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար իրավունքն ապահովելու համար:
- Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել ինքնորոշվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:
Նշենք, որ իտալական ու ֆրանսիական որոշ քաղաքներ ևս արդեն ճանաչել են Արցախի անկախությունը։