02:18 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
454 0 0

26-ամյա Կատյա Յանոֆֆը ծնվել ու ապրում է Լոնդոնում։ Նա մի քանի անգամ Հայաստան է այցելել, եղել է իր նախապապի՝ Միքայել Արամյանցի Ախթալայի դղյակում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի –Sputnik. «Պատերազմը զգացել եմ ծննդյանս օրվանից, երբ մայրս օրորոցային էր երգում ու ասում էր․«Մի լա, փոքրիկս»։ Այս խոսքերով է սկսվում «I've Known War» («Տեսել եմ պատերազմը») երգը, որը ծնվել է Արցախում մարտական գործողությունների ֆոնին։ Երգի հեղինակը 26-ամյա Կատյա Յանոֆֆն է։

Կատյան ծնվել ու ապրում է Լոնդոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հայ նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցի ծոռնուհին է։ Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում, վերջերս էլ հետևել է Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Հետևում էի Ղարաբաղյան հակամարտության մասին վերջին լուրերին, շատ էի հուզվում։ Իսկ հրթիռակոծության ենթարկված Շուշիի Ղազանչեցոցում Սևակի (Սևակ Ավանեսյանը բելգիահայ թավջութակահար է -խմբ․) ելույթը լացացրեց ինձ։ Այդ հույզերն այնքան ուժեղ էին, որ միանգամից մոտեցա դաշնամուրին», - պատմում է Կատյան։

Հոկտեմբերի 9-ին թավջութակահար Սևակ Ավանեսյանը կիսավեր եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։ Կատյան ասում է, որ ենթագիտակցաբար սկսել է «Կռունկի» տոնայնությամբ ակորդներ նվագել։

Катя Янофф
© Photo : provided by Katya Janoff
Կատյա Յանոֆֆը

 «Չէի պատրաստվում երգ գրել, պարզապես բազում հույզեր էի ապրում և ուզում էի դրանք ինչ-որ կերպ արտահայտել։ Մոտս գաղափար ծնվեց` օգտագործել Սևակի ելույթից մի հատված, ասենք թե մենք միասին ենք ձայնագրել իմ գործը։ Սևակի հետ ծանոթ չէինք, բայց երաժշտության միջոցով ծանոթացանք։ Այժմ կապի մեջ ենք ու հույս ունենք, որ ապագայում կհանդիպենք» , - ասում է երգչուհին։

Յանոֆֆը ոչ միայն երգ է գրել, այլև տեսահոլովակ է հավաքել Արցախյան պատերազմի կադրերից` պայթյուններ, մարտեր, ականատեսների, անտուն մնացած մարդկանց խոսքեր։ Այդ կադրերին միախառնված են Շուշիի Ղազանչեցոց վանքում Ավանեսյանի կատարման կադրերը։

Կատյայի տեսահոլովակը սկսել է տարածվել սոցցանցերի հայկական տիրույթում։ Այն իր էջում տեղադրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Կատյան 12 տարեկանից երաժշտությամբ է զբաղվում։ Հենց այդ տարիքից էլ սկսել է երգեր գրել, դաշնամուր նվագել։ Նա երաժշտության ոլորտում բակալավրի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Այս պահին աղջիկը պատրաստում է իր առաջին EP-ին (կարճ ալբոմ – խմբ․)։ Այս ալբոմի ստեղծագործություններում նա անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսին է ինքնանույնականացումը, արմատների կարևորությունը, կյանքի աբսուրդ լինելը։

«I've Known War» երգն ալբոմի մեջ չմտավ։ Զգացի, որ այն պետք է հնարավորինս արագ թողարկել», - ասաց Կատյան։

Արցախյան իրադարձությունները Կատյանի վրա շատ են ազդել նաև, որովհետև նա հայկական արմատներ ունի, այդ պատմությունը նրա համար շատ անձնական է։ Յանոֆֆը XIX դարի հայ նավթային մագնատ, բարերար Միքայել Արամյանցի ծոռնուհին է։ Արամյանցը ծնվել է Արցախի Քյաթուկ գյուղում (եռակողմ հայտարարության համաձայն` այն մնացել է հայկական կողմի վերահսկողության տակ)։

«Առանձնահատուկ կապ եմ զգում Հայաստանի հետ, ուսումնասիրել եմ իմ տոհմածառն ու իմացել եմ իմ պապի հոր` բարերար Միքայել Արամյանցի մասին, որն Արցախում է ծնվել։ Մենք ընտանիքով մի քանի անգամ Հայաստան ենք այցելել, եղել ենք տարբեր շրջաններում, այդ թվում նաև՝ Լոռվա մարզի Ախթալայում, որտեղ տեսել ենք Արամյանցի դղյակը։ Հայաստանում ծանոթացել ու շփվել ենք մեր հեռավոր բարեկամների հետ։ Նրանցից ոմանք Արցախում են ապրել ու ստիպված են եղել լքել իրենց տները։ Հուսով եմ՝ առաջիկայում նորից Հայաստան կգամ», - ասաց Յանոֆֆը։

2019 թվականին երգչուհին որոշ ժամանակ Թբիլիսում է ապրել, մեկ ամիս անցկացրել է Երևանում, որտեղ մի քանի երգ է ձայնագրել Սերգեյ Գասպարյանի հետ Alpha Sounds Studios-ում, նաև դուետ է ձայնագրել The Beautified Project-ի մենակատար Անդրե Սիմոնյանի հետ։

«Պատրաստվում էի այս տարի Հայաստանում մասնակցել խմբի համերգներին, բայց համավարակի պատճառով դրանք չեղարկվեցին։ Լոնդոնում երկու անգամ ելույթ եմ ունեցել ամենամյա Հայկական փառատոնում, այդ միջոցառումների ժամանակ ծանոթացել եմ հայ համայնքի բազում ներկայացուցիչների հետ», - ասաց Կատյան։

Նա Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ մասնակցելու է Shine light for Artsakh («Լույս սփռիր Արցախի համար») բարեգործական համերգին, որն անցկացվելու է դեկտեմբերի 17-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում։ Համերգի ժամանակ Արցախի համար հումանիտար օգնություն կհավաքվի։ Այն կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները՝ Փոլ և Ժակի Գյուլբենկյանները։

Կատյա Յանոֆֆը հայկական ծագում ունեցող արվեստի այն բազում գործիչներից է, որոնք ակտիվորեն հետևել են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին ու իրենց աջակցությունն են հայտնել պատմական հայրենիքին։ Նրանց շարքում էին Շերը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Քիմ Քարդաշյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սարիկ Անդրեասյանը, Մարիա Գուլագինան, Աբրահամ Ռուսոն։

«Անունս Արցախ է». Երևանում կայացած համերգների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել. տեսանյութ

Նշենք, որ Հայաստանի ու Արցախի շահերն են պաշտպանել նաև ոչ հայկական ծագում ունեցող հայտնիները, ինչպես օրինակ Շոն Պենն ու Մել Գիբսոնը, Ալեն Դելոնը, Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, մոդելներ Հեյլի Բիբերը, Լորի Հարվին ու Կայլի Ջենները, երաժիշտներ Փի Դիդին, Օֆսեթը, Ne-Yo-ն, Big Sean-ը, Վալերի Տոլստովը, Դանիել Դեքերը, Իգոր Բուտմանն ու Եվգենի Կիսինը։

Ըստ թեմայի

Վերջին սեպտեմբերը... նոր տեսահոլովակ` նվիրված արցախյան պատերազմի մասնակիցներին
Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը

Գլխավոր թեմաներ