16:45 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
27110

Մեր հայրենակից Ալեկո Էսկանդարյանի մասին խոսելիս մասնագետների կարծիքներում ավելի շատ ափսոսանքի նոտաներ են հնչում, քան տաղանդի մեծարման գնահատականներ։

Ալեկոն գուցե ամենահաղթանդամը կամ ամենաարագավազը չէր իր տարեկիցների մեջ, բայց նրա ֆուտբոլային աշխարհայացքը, նպատակասլացությունը և անհերքելի ֆուտբոլային գենետիկան նրան օգնեցին մեծ համբավ ունենալ ԱՄՆ–ում ու հասնել տպավորիչ հաջողությունների։

«Շուտով դուք կլսեք նրանց մասին, նրանք շատ արագ են մեծանում»,- այս խոսքերի հեղինակը հայտնի Անդրանիկ Էսկանդարյանն է, աշխարհի 1978 թվականի առաջնության մասնակիցը, Իրանի հավաքականի առաջատար պաշտպանը, ով դեռ 1991 թվականին կայացած «Կոսմոսն» ընդդեմ Բրազիլիայի բոլոր աստղերի խորհրդանշական ընտրանու հետ հանդիպումից հետո խոսեց իր տղաների մասին: Եվ նա չէր սխալվում, որովհետև որդիներից մեկը` Ալեկոն, ժամանակի հետ իսկապես դարձավ ամերիկյան սոքերի (եվրոպական ֆուտբոլի անվանումը ԱՄՆ-ում – խմբ.) առաջատար խաղացողներից մեկը, ով աչքի էր ընկնում ռմբարկուի հատկանիշներով։ Ու եթե չլիներ ծանր վնասվածքը, Ալեկո Էսկանդարյանն անպայման կմասնակցեր 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Տաղանդավոր ֆուտբոլիստը շարքից դուրս մնաց գերմանական ստուգատեսի նախաշեմին։ Ալեկոն խառնվածքով հիշեցնում էր հորը. Անդրանիկ Էսկանդարյանն իրոք կարող էր հպարտանալ ֆուտբոլային գեներով։  

Ալեկոյի մարզական լեգենդը գրավիչ և յուրահատուկ «ամերիկյան հեքիաթ» է, որն արտացոլվում է ֆուտբոլային ուղու և մշակույթների միախառնման մեջ:

Ֆուտբոլի ամերիկյան լիգայի խաղացողի երեխաները հայերեն գրել են սովորում․ տեսանյութ

Էսկանդարյան-կրտսերը ծնվել է 1982 թվականի հուլիսի 9-ին ԱՄՆ–ի Մոնտվեյլ քաղաքում, Նյու Ջերսի նահանգում։ Սերելով ֆուտբոլային ընտանիքից` նա փոքր հասակից հոր անմիջական օգնությամբ սովորեց խաղի այբուբենը և զարգացրեց իր տաղանդը` հանդես գալով տարբեր ուսումնական հաստատությունների թիմերում: Ալեկոն հաճախում էր Բերգենի կաթոլիկ ավագ դպրոց: «Խաչակիրների» կազմում անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում խփեց 154 գոլ, այդ թվում 66-ը՝ առաջին մրցաշրջանում: 2000 թվականին ավագ դպրոցի թիմի կազմում դարձավ տարվա մարզիկ և ստացավ համամերիկյան մրցանակ: Այդ նահանգում ոչ ոք նախկինում կամ դրանից հետո չի մոտեցել Ալեկոյի գոլային ցուցանիշներին:

Ալեկոն երեք տարի խաղացել է նաև Վիրջինիայի համալսարանի «Կավալերս» թիմի կազմում: 2002 թ.-ին նա սահմանեց համալսարանական ռեկորդ 25 գոլով և շահեց Հերմանի անվան մրցանակը ՝ որպես համալսարանական ֆուտբոլի լավագույն խաղացող: «Կավալերսի»  կազմում անցկացրած 60 խաղերում նա խփել է 50 գոլ, որոնցից 15-ն անմիջականորեն հաղթանակ են պարգևել իր թիմին:

Հիմքը շատ լավ էր դրվել և արդեն ժամանակն էր, որպեսզի Ալեկոն անցներ պրոֆեսիոնալ ասպարեզ։ 2003-2006 թվականներին նա հանդես եկավ «ԴԻ ՍԻ Յունայթեդ» ակումբում։ Առավել հաջող ստացվեց հենց առաջին մրցաշրջանը, երբ ակումբը նվաճեց ԱՄՆ–ի ֆուտբոլային լիգայի գավաթն ու չեմպիոնի կոչումը։  Ալեկոն ճանաչվեց գավաթի մրցաշարի լավագույն խաղացող և ընդգրկվեց աստղերի խորհրդանշական հավաքականում։ «Յունայթեդի» մարզիչը՝ Լեհաստանի հավաքականի նախկին ավագը, իսկ հետագայում նաև ամերիկյան լիգայի լավագույն խաղացողներից մեկը ՝ Պետեր Նովակը, հաճելիորեն զարմացած էր հայ վունդերկինդի ցուցադրած խաղից։ «Ալեկո, քանի՞ գոլ կխփես այս անգամ»,– հերթական խաղից առաջ հարցնում էին թիմակիցները, «Իսկ քանի՞սն եք ուզում»,– պատասխանում էր Ալեկոն և ամեն անգամ ձգտում էր չհիասթափեցնել խաղընկերներին ու երկրպագուներին։ 

Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ռմբարկու է ճանաչվել

Սակայն 2005 թվականի խաղերից մեկում Էսկանդարյանը ստացավ ուղեղի ցնցում, ինչը հետագայում խարանի կամ անեծքի պես այլ վնասվածքների հետ ուղեկցելու էր նրան` կասեցնելով խոստումնալից ֆուտբոլիստի բացառիկ թռիչքը։ Որոշ ժամանակ կազդուրվելուց հետո Ալեկոն վերադարձավ, սակայն նրա խաղը որոշակիորեն խամրել էր։ 2007-2009 թվականներին Էսկանդարյան-կրտսերը հանդես եկավ «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լայք» և «Չիվաս» ակումբներում։

Երկար ժամանակ չանցավ, որպեսզի Ալեկոն նորից բարձրանար ֆուտբոլային սանդուղքն ի վեր ՝ գոլեր խփելով բնատուր տաղանդի շնորհիվ: Ընդ որում` արագաշարժության պակասը նա համառորեն լրացնում էր կրեատիվ ու արդյունավետ գործողություններով: Արդյունքում նրան արժանիորեն գնահատեցին «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի ներկայացուցիչները, և Ալեկոն 2009 թվականին համալրեց ամերիկյան սոքերի գրանդ–ակումբի կազմը, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս բրիտանական ֆուտբոլի լեգենդ Դեյվիդ Բեքհեմը։ Նրանց համագործակցությունը խաղադաշտում նոր մակարդակի վրա բարձրացրեց առաջատար ակումբի խաղը։ Ալեկոն դեռ կշարունակեր իր տպավորիչ ելույթները, սակայն իտալական «Միլանի» հետ ընկերական խաղում ստացավ ևս մեկ ուղեղի ցնցում ու այդպես էլ չկարողանալով վերականգնվել վնասվածքից` 2010 թվականին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ընդամենը 27 տարեկան հասակում:

Футбольный тренер и бывший профессиональный футболист Алеко Эскандарян во время презентации SiriusXM (13 ноября 2017). Нью-Йорк
© AFP 2020 / Monica Schipper / Getty Images for SiriusXM / AFP
Ֆուտբոլային մարզիչ Ալեկո Էսկանդարյանը SiriusXM-ի շնորհանդեսի ժամանակ. 13 նոյեմբերի, 2017, Նյու Յորք

Հատկանշական է, որ Ալեկոյի կարիերան սրընթաց վերելք արձանագրեց նաև ԱՄՆ–ի տարբեր տարիքային հավաքականներում հանդես եկած տարիներին։ Սկզբում նա խաղաց 17 տարեկանների, այնուհետև՝ 20 և 23 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև ԱՄՆ–ի օլիմպիական թիմում` ընդհանուր առմամբ դառնալով 5 գոլի հեղինակ։ Ինքնին հասկանալի է, որ նման վերելքը չէր կարող չնկատել հանրահայտ Բրույս Արենան` «աստղաշերտավորների» ավագ մարզիչը, ով այդ երկրի ընտրանուն առաջնորդեց աշխարհի երեք առաջնություններում։ Բրյուսը վստահում էր հայ ֆուտբոլիստին և մեծ հուսեր կապում նրա հետ։ Ալեկոն ազգային հավաքականի կազմում 2003 թվականին մասնակցեց Ուելսի ընտրանու հետ մրցավեճին, բայց ցավոք այդ հանդիպումը դարձավ միակն այդ կարգավիճակում։ Ինչպես արդեն նշեցինք` վնասվածքներն ու գերմանական ստուգատեսից առաջ ստացած ուղեղի ցնցումն ընդհատեցին Ալեկոյի ֆուտբոլային թռիչքը։

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

Էսկանդարյան-կրտսերը հետագայում զբաղվեց մարզչական աշխատանքով և իր թեկուզ կարճ, սակայն վառ ֆուտբոլային կարիերայի շնորհիվ ապացուցեց, թե ինչի կարող է հասնել ԱՄՆ–ի շարքային քաղաքացին, եթե նրա հավատամքը դառնում են նպատակասլացությունն ու տքնաջան աշխատանքը։     

Ըստ թեմայի

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ ևս մեկ տարվա պայմանագիր է կնքել
Մեսսին որակազրկվել է դաշտում ոչ մարզական պահվածքի համար
թեգերը:
Ալեկո Էսկանդարյան, հայ, ԱՄՆ, ֆուտբոլիստ

Գլխավոր թեմաներ