14:11 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

ԵՄ ժողովրդավարական գործընթացների արտաքին միջամտության հարցերով Եվրախորհրդարանի հատուկ կոմիտեի լսումների ժամանակ ելույթ ունենալիս` եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանին մեղադրեց ապատեղեկատվական արշավի մեջ։ Նրա պնդմամբ` այն ուղղված է ԵՄ ժողովրդավարության նսեմացմանը և միջազգային համագործակցության թուլացմանը:

Բորելն ընդգծել է կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության վտանգը շարունակվող համավարակի պայմաններում: «Մենք տեսել ենք, թե ինչպես են կրեմլամետ ալիքները տարածում այն պնդումները, թե դիմակ կրելն անօգուտ է կամ դեմ են հանդես գալիս լոքդաունին», – հայտարարել է նա։ Իսկ այսօր, ըստ դիվանագետի, առաջին պլան է դուրս եկել Մոսկվայի պատվաստանյութային դիվանագիտությունը, որը մի կողմից փորձում է ստվեր գցել արևմտյան դեղամիջոցների և դրանց արտադրողների վրա, իսկ մյուս կողմից` փառաբանում և ակտիվ առաջ է մղում սեփական մշակումները։

Չինովնիկի մտավախությունը կարելի է հասկանալ։ Հիմա, երբ Ռուսաստանում մարդկանց մեծ մասի համար կյանքը վերադարձել է բնականոն հուն` նվազագույն անհարմարություններով, իշխանություններն էլ աստիճանաբար չեղարկում են համավարակի պատճառով կիրառած սահմանափակումները, Եվրոպայում կարանտինային խստացումների նոր ալիք է բռնկել։ Ֆինլանդիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Աշխարհում հիվանդացության ամենաբարձր մակարդակի պատճառով Չեխիայում բնակիչներին արգելված է լքել իրենց բնակության վայրերը։ Իտալիայում ևս խստացվել են սահմանափակումները։

Շուրջ մեկ տարվա արգելքների ու տանը նստելու պատճառով տանջահար եղած Եվրոպայի բնակչությունն իր հերթին, ավելի ու ավելի վատ է ընդունում իշխանությունների փաստարկն այն մասին, որ այդ միջոցները կիրառվում են հանուն իրենց բարօրության։ Զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել աշխարհամասի գրեթե բոլոր անկյուններում։

Իրավիճակն այնքան բարդ է, որ եվրոպական համերաշխությունը փլուզվում է աչքի առաջ։ Չեխիան դիմել է Ռուսաստանին «Սպուտնիկ V»–ի մատակարարման խնդրանքով։ Եվ դա երկրի նախագահի և վարչապետի համաձայնեցված դիրքորոշումն է։ Սլովակիան էլ ավելի հեռուն է գնացել և Հունգարիայից, Սերբիայից և մի շարք այլ երկրներից հետո արագացված ընթացակարգով գրանցել է ռուսական դեղամիջոցը` չսպասելով եվրոպական կարգավորիչի հավանությանը։ Լեհերը, որոնց մոտ նույնպես կորոնավիրուսի հետ կապված բավական բարդ իրավիճակ է, Ռուսաստանին օգնության խնդրանքով չեն դիմի, քանի որ նրանք COVID-19 պատվաստանյութի գնման մասին բանակցություններ են սկսել  Չինաստանի հետ։

Իրավիճակը հիշեցնում է ուղիղ մեկ տարի առաջ եղածը, երբ ԵՄ-ն արտակարգ իրավիճակում ցուցադրեց իր անճարությունը, և միության անդամները ստիպված եղան ինքնուրույն գլուխ հանել վրա հասած սուր ճգնաժամից։

Ինչու են երբեմն առողջ մարդիկ COVID-19–ը ավելի ծանր տանում կամ մահանում դրանից

Տարբերությունն այն է (և դա իսկապես սկզբունքորեն կարևոր է), որ այն ժամանակ գլոբալ մասշտաբի ֆորսմաժորային իրավիճակ էր։ Պարզվեց, որ Բրյուսելը, ըստ էության, անգործունակ է, երբ արտակարգ հանգամանքներին օպերատիվ արձագանք է պահանջվում։ Դա իհարկե Եվրոպայի համար տհաճ բացահայտում էր, սակայն ԵՄ–ի անզորությունն այդ իրավիճակում կարելի էր եթե ոչ արդարացնել, ապա գոնե հասկանալ ծայրաստիճան անսպասելիությամբ և միաժամանակ առաջացած խնդրի գլոբալ բնույթով։ Իսկ այսօր իրավիճակը էապես տարբերվում է։

Երբ վերացավ պատուհասած համավարակի անսպասելիության գործոնը, ԵՄ–ի գործերը կրկին լավացան, քանի որ պահանջված դարձավ այն, ինչը միշտ նրա ուժեղ կողմերից էր համարվում. ռազմավարական պլանավորում, բարդ գործընթացների կազմակերպում, միջոցների կենտրոնացում ու բաշխում։ Եվրոպական իշխանությունների վերջին գործողությունների ժամանակ` տնտեսական վերականգնման աննախադեպ ծրագրի ընդունումից սկսած, ակնհայտորեն երևում էր ամբողջ աշխարհին նման սպառնալիքների դեմ պայքարի ձևը ցույց տալու մեծամիտ կեցվածքը։

Ցույց տվեցին։

Արդյունքում ձախողումներ եղան կարևորագույն ուղղություններով։ Ձախողվեց լոքդաունների եվրոպական ռազմավարությունը, իսկ բնակչության պատվաստման հետ կապված ավելի սազական է «աղետալի» սահմանումը։

Ստեղծված պատկերն էլ ավելի տխուր է այն երկրների բարենպաստ իրավիճակի ֆոնին, որոնց Եվրոպան մտադիր էր համավարակի դեմ պայքարի դասեր տալ։  

Իսկ ամենի հիմքում եվրոպական իշխանությունների ընդունած սխալ որոշումներն են։ Դա ԵՄ–ի հեղինակությանն էլ ավելի ուժեղ է հարվածում, քան մեկ տարի առաջ նրա շփոթվածությունն ու անգործությունը։

Նման իրավիճակում առավել տեսանելի են դառնում Արևելյան Եվրոպայի երկրների ինքնուրույն գործողությունների փորձերը։ Նրանք, բնականաբար, իրենց հաշիվ են տալիս, որ ԵՄ–ի կազմում երկրորդական են, ինչպես նաև, որ դատապարտված են կորոնավիրուսի խնդրի հետ կապված օգնությունը ստանալու մնացորդային սկզբունքով։ Որպես հետևանք, գնալով ավելի շատ երկրներ են դադարում համբերատար սպասել, թե երբ կհասնի իրենց հերթը և դրա փոխարեն սկսում են Բրյուսելի կողմից չարտոնված ակտիվություն դրսևորել։

Թանկ նստեց․ Եվրոպան Ռուսաստանի պատճառով միլիարդներ է կորցրել

Brexit–ի, ինչպես նաև լեհ ու հունգարացի իշխանությունների աճող եվրահոռետեսության ֆոնին, Բրյուսելին չնայող (թող որ նույնիսկ ֆորսմաժորային հանգամանքներում) երկրների ցանկի ընդլայնումը ԵՄ–ի համար լավ նշան չէ։

Շուրջ վեց  տարի առաջ Եվրոպան էնտուզիազմով  իր համար միգրացիոն ճգնաժամ կազմակերպեց, որի հետևանքները մինչ օրս մարսում է։ Համավարակի դեմ պայքարը եվրոպական քաղաքականության համար ևս մեկ աղմկահարույց ձախողում ապահովեց։ Ստացվում է, որ բավական կարճ ժամանակի ընթացքում շատ են ծանր հետևանքներով ռազմավարական սխալ հաշվարկները։

Իսկ սեփական սխալները չընդունելու Բրյուսելի սկզբունքայնությունը (խնդիրները վերագրելով եվրոպական ժողովրդավարությունն ու համերաշխությունը խարխլող արտաքին թշնամիների խարդավանքներին) երաշխավորում է, որ դրանք վերջինը չեն լինի:

Ըստ թեմայի

Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Բրյուսելը Եվրամիությունում «Սպուտնիկ V»-ն գրանցելու հայտ է ստացել
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, Ռուսաստան, Եվրամիություն, Եվրոպա

Գլխավոր թեմաներ