11:21 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
133112

Շատ հայտնի հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ արձագանքել են ԱՄՆ նախագահի ելույթին, որը Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Թուրքական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ, «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի խաղացող Էնես Կանտերը, որը հայտնի է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի նկատմամբ իր սուր քննադատությամբ, առաջիններից է արձագանքել ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենի ելույթին։

Ապրիլի 24–ին Բայդենը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։

Կանտերը Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է Էրդողանի լուսանկարը, որում նա անձեռոցիկով սրբում է մի աչքը։ Բասկետբոլիստը լուսանկարի տակ գրել է. «Է՜յ, Էրդողան»։

Ամերիկացի բասկետբոլիստի հետևորդները բուռն են արձագանքել նրա թվիթին.

«Շատ ուրախ եմ, որ վերջապես եկավ այն օրը, երբ իմ երկիրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն Էրդողանին քննադատելու համար», «Սա մեծ  օր է քաղաքակիրթ հասարակության համար», «Աշխարհի համար եկավ մի պահ, երբ պետք է նայել պատմության աչքերին»,- գրել են նրանք։

Շատերը նշել են, որ թեև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը կարևոր քայլ է, ընդհանուր առմամբ դեռ շատ աշխատանք կա անելու։

Բայդենի ելույթին արձագանքել է նաև հայտնի ռուս հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին։

«Եկավ այն օրը, երբ ԱՄՆ–ն ի դեմս Ջո Բայդենի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Արդարությունը վերականգնելուն ուղղված լոբբին օրեցօր ուժեղացել է։ Այո, դա պետք էր ավելի վաղ անել»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Սա բարոյական հաղթանակ է․ Արցախի ԱԳՆ-ն՝ Բայդենի հայտարարության մասին

Հաղորդավարը նաև հույս ունի, որ ակնհայտ փաստի ճանաչումը վրեժ չէ Թուրքիայից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։

«Հայոց աշխարհը վերջապես լսեց խոսքեր, որոնք, անշուշտ, պետք է լսեր ավելի քան մեկ դար առաջ», – նշեց Կանդելակին։

ԱՄՆ նախագահի հայտարարությունում հետաքրքիր մանրուք է նկատել ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան–Տերկոտը, որը հանդես է գալիս Արցախին  աջակցելու օգտին, ինչպես նաև բարձրացնում է Ադրբեջանում հայատյացության խնդիրը։

Facebook–ի իր էջում նա հրապարակել է Բայդենի հայտարարության տեքստը` ընդգծելով «Կոստանդնուպոլիս» բառը։

«Գեղեցկությունը մանրուքներում է»,– գրել է Աստվածատուրյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել է այն մասին, որ ամերիկյան առաջնորդի խոսքերին արձագանքել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը` գրառում անելով Instagram–ում։

«Հայ համայնքի համար դա երկար ճանապարհ էր, և տարեցտարի ես զգում էի, որ մենք բոլորս մոտ ենք  Ցեղասպանությունը ճանաչելուն։ Վերջապես այդ օրը եկավ։ Ես այնքան եմ հպարտանում իմ արմատներով, հայ համայնքով և երախտապարտ եմ նախագահ Բայդենին, որ նա այդ օրը նվիրեց յուրաքանչյուր հայի... Շնորհակալ եմ ճշմարտության համար։ Եվ թեև ոչինչ չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ նրանց սերունդները թեթևություն կզգան»,- գրել է Քարդաշյանը։

Նա ընդգծել է, որ շարունակելու է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, «բայց արդեն հույսով, որ դրա ճանաչմամբ մենք այլևս թույլ չենք տա անցյալի հանցագործությունների կրկնություն»։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Բայդենը բազմիցս հայտարարել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում։ 2020 թ–ի ապրիլի 24–ին նա Twitter–ում գրել է.

«Այսօր մենք հիշում ենք սարսափները, որոնք ապրել է հայ ժողովուրդը «Մեծ եղեռնի»` Հայոց ցեղասպանության ժամանակ։ Եթե ես ընտրվեմ, ապա խոստանում են աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու իրավունքները կարևորագույն գերակայություն կդարձնեմ ամբողջ աշխարհում»։

Նշենք, որ Բայդենից առաջ ԱՄՆ–ի միակ նախագահը, որը հանրային ելույթի ժամանակ ասել է «ցեղասպանություն» բառը հայերի կոտորածների մասին խոսելիս՝ եղել է Ռոնալդ Ռեյգանը 1981 թ–ին Հոլոքոսթի մասին իր ելույթում (այդ ժամանակ նրա սպիչռայթերը Քեն Խաչիկյանն էր, որը մինչ այդ եղել է Ռիչարդ Նիքսոնի օգնականը)։

Եթե խոսենք ոչ թե էպիզոդիկ, այլ նպատակային հիշատակումների մասին, ապա Ջերալդ Ֆորդից սկսած ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին, բայց ընտրվելուց հետո այդ մասին հստակ ձևակերպումներ չեն արել։

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ

Միևնույն ժամանակ ամերիկյան մտավորականության, հատկապես պատմաբանների և հրապարակախոսների շարքում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու նկատմամբ վերաբերմունքը միշտ միանշանակ է եղել։ Այդ մասին արտահայտվել են ցեղասպանության խոշոր հետազոտողներ Ռաուլ Հիլբերգը, Ռոջեր Սմիթը, Ռոբերտ Մելսոնը և ուրիշներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ հրեական մտավորականությանը, ապա տարբեր տարիներին նման արտահայտություններով հանդես են եկել Վաշինգտոնում Հոլոքոսթի թանգարանի ղեկավարությունը, ինչպես նաև Էլի Վիզելը, Նոամ Խոմսկին և ուրիշներ։

Նշենք, որ վերջին շրջանում ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ երկու տարի առաջ Թուրքիան գնել է ռուսական C-400 համակարգեր և փորձարկել դրանք։ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի նաև Էգեյան ծովում և Սիրիայում։

Ըստ թեմայի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Փաշինյանը նամակ է գրել Բայդենին
Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ