ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 - Sputnik. Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Լաթաքիայի նահանգում պլաստիկե իրերի պահեստին։ Տեղեկությունը հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ռազմական աղբյուրի տվյալներով՝ տուժածների թվում կին ու երեխա կա։
Ավելի վաղ, ըստ գործակալության հաղորդագրության, սիրիական ՀՕՊ միջոցները Լաթաքիայի Ալ Հաֆա ու Համայի Միսյաֆ շրջաններում հետ են մղել Իսրայելի հրթիռային հարվածները:
«Իսրայելի հարվածներին է ենթարկվել պլաստիկ իրերի քաղաքացիական պահեստը Լաթաքիայի արվարձանում», - գրում է գործակալությունը:
Տուժածների մասին տեղեկություններ է տարածել նաև սիրիական «Իհբարիա» պետական հեռուստաալիքը: «Մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լաթաքիայի արվարձանում քաղաքացիական օբյեկտի վրա իսրայելական հարձակման հետևանքով»:
Միևնույն ժամանակ Լաթաքիայի նահանգապետը հայտնել է մեկ զոհի և վեց տուժածների մասին։