ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Այդ մասին է վկայում Twitter-ի պաշտոնական միկրոբլոգումում Կանադայի ԱԳՆ–ի գրառումը։
«Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Canada is concerned by the capture of six Armenian soldiers by Azerbaijani forces and the ongoing tensions along the Armenia-Azerbaijan border. We call for all issues to be resolved peaceful negotiations through the @OSCE Minsk Group.
— Foreign Policy CAN (@CanadaFP) May 28, 2021
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։