00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացիները հասան նաև Խորհրդային Հայաստան, բայց միայն որպես ռազմագերի։ Մենք նրանց անվանում ենք գերմանացի, բայց իրականում նրանց շարքերում եղել են իտալացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, ավստրիացիներ, բուլղարացիներ, ֆիններ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք հիտլերյան բանակի կազմում կռվում էին Խորհրդային Միության դեմ։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում տարբեր տվյալներով՝ խորհրդային բանակը մոտ 2,5 միլիոն զինվոր է գերեվարել։
1943 թվականին նրանց թիվն այնքան մեծ էր, որ արդեն, այսպես ասած, պահելու խնդիր կար։ Որոշվեց նրանց տեղափոխել միութենական տարբեր երկրներ, հիմնականում` որպես բանվորական ուժ. աշխատում էին շինհրապարակներում, տարբեր գործարաններում, հանքերում, երբեմն էլ գյուղատնտեսական աշխատանքներում էին ներգրավվում։
ՀՀ ԱԱԾ հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչությունից տեղեկացրին, որ ԱԱԾ արխիվային տվյալների համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի կողմից գերեվարվել և շինարարական աշխատանքներ կատարելու համար ԽՍՀՄ ՆԳՆ Հայաստանի թիվ 115 ճամբար են բերվել մոտ 20 ազգության 16 160 ռազմագերիներ:


«Նրանց Հայաստան տեղափոխման տարեթվերը հայտնի չեն», - տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Թիվ 115-ը Հայաստանում գտնվող ճամբարի ընդհանուր անվանումն էր. ռազմագերիները հանրապետության տարբեր բնակավայրեր են «գործուղվել»։ Որոշ տվյալների համաձայն՝ գերմանացի ռազմագերիները Հայաստանում մոտ կես միլիարդ ռուբլի արժողությամբ աշխատանքներ են կատարել։ Հանրապետության տարածքում ռազմագերիների 10-ից ավելի փոքր ճամբարներ են եղել Երևան, Գյումրի (Լենինական), Աբովյան, Վանաձոր (Կիրովական), Սպիտակ (Համամլու), Սևան, Արթիկ և Արարատ քաղաքների ռազմագերիների ճամբարներում:

Բնակիչների խոսքով՝ ռազմագերիների ճամբար է եղել նաև Կապանում:

Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
Երբ Հայաստանում խոսք է գնում գերմանացի ռազմագերիների մասին, ավագ սերնդից չեք հանդիպի մեկին, որ միանգամից չասի՝ նրանք կառուցել են Հաղթանակի կամուրջը։ Իրականում` գերմանացի ռազմագերիները մասնակցել են կամրջի շինարարությանը, որն ավելի վաղ էր սկսվել, քան նրանք գերի էին ընկել։ Կամրջի կառուցումը սկսվել էր 1941 թվականին։ Ստալինգրադի ճակատամարտից հետո նացիստական զինվորները միացան շինարարներին։ Գրող, լրագրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանն ասում է՝ հազիվ թե կամուրջն ավարտին հասցվեր այդ տարիներին, եթե ռազմագերիները չլինեին, որովհետև գրեթե բոլոր տղամարդիկ պատերազմ էին մեկնել։
Կամրջի շինարարությունը գրեթե 5 տարի տևեց
Յոթկամարանի կամրջի շինարարության աշխատանքների ղեկավարն է եղել նախկին Պոլիտեխնիկի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Սիմոն Հովնանյանը, ճարտարապետները` Ա. Մամիջանյանն ու Ա. Ասատրյանը:

Շինարարների տարբեր բրիգադներ էին կազմվել, դրանցից մեկի բրիգադիրը Հրանտ Հովհաննիսյանն էր, որի հայրը ժամանակին ժողովրդի թշնամի էր համարվել` սկզբում բանտում հայտնվել, ապա Սիբիր աքսորվել։

Ասում են՝ պատճառը նրա ուղիղ խոսելն էր և ազգայնական գաղափարները, որոնք չէր թաքցնում։ «Ժողովրդի թշնամու» որդին թեպետ խորհրդային ժամանակներում վստահելի չէր համարվում, բայց նրան բրիգադիր նշանակեցին, որովհետև ձեռքի շնորհք ուներ (հայրն էլ էր արհեստավոր եղել)։

Հրանտ Հովհաննիսյան
Կենտրոնոմ՝ Հրանտ Հովհաննիսյանը
Ամենահիշարժան պատմությունը, որի մասին անգամ շատ տարիներ անց էլ նախկին բրիգադիրը չէր մոռացել, վերապատմում է նրա որդին՝ Արամայիս Գարեգինյանը (ազգանունը փոխել են. խորհրդային տարիներին ապահովության համար հայր-որդի կապը փորձում էին թաքցնել)։

«
«Շինարարներից մեկը հորս ձայն է տվել, թե՝ Հրա՛նտ, արի, տես` ինչ ենք գտել։ Կամրջի հիմքի համար փոս փորելիս հսկայական երկաթե սյուն էին գտել։ Անգամ շատ տարիներ անց էլ հայրս կարծում էր, որ դա պատահական գտածո չէր. սյունն ինքն էր ցույց տվել, թե որտեղ պետք է հիմքը փորվի, որ իրեն գտնեն»,
- պատմում է Գարեգինյանն ու նշում, որ հայրն այդ հատվածում շինարարությունը կարճ ժամանակով դադարեցրել է, որ մասնագետներ գան, սյունն ուսումնասիրեն, բայց ստրատեգիական շինարարություն էր գնում՝ խորհրդային զինվորների խիստ հսկողությամբ։ Այստեղ ամեն սխալ ու հապաղում կարող էր կյանք արժենալ, այնպես որ, կարճ ժամանակ անց շինարարությունը վերսկսվում է, իսկ երկաթե հսկայական սյունն էլ` թաղվում բետոնի մեջ ու մնում կամրջի հիմքում։
Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
«Մեկ-մեկ գերիներին հարցնում էին՝ էդքան ուժ ունե՞ս, որ սափրվում ես։ Ձեռքդ ո՞նց չի դողում»,
- Արամայիս Գարեգինյանը հիշում է, որ հայրը զարմանքով պատմում էր գերմանացի ռազմագերիների խնամված լինելու մասին։ Նույնիսկ ռազմագերու կարգավիճակում նրանք ուշադիր էին իրենց արտաքինին և հիգիենային, սափրվում էին գետի ջրով, լվացվում, իրենց կարգի բերում։ Հայրը հաճախ է պատմել նաև գերմանացիների ազնվության, աշխատասիրության ու ճշտապահության մասին։
Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
«Ուժասպառ էին, բայց ինչ հանձնարարում էիր, հնարավորինս լավ էին անում»,
- պատմում է Գարեգինյանը։

»
Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Գևորգյանն էլ հիշում է մի պատմություն, որը լսել է Հաղթանակի կամրջի աշխղեկներից մեկից։

«
«Գերմանացիների շրջանում մի տեսակ շրշյուն էր տարածված։ Անհասկանալի ձայն էր։ Ուշադրություն է դարձնում, լսում է, որ մեկմեկու քար կամ ջրով լի դույլ փոխանցելիս գերմանացիներն ասում են՝ bitte schön (բիթը շույն, այսինքն՝ խնդրեմ), danke schön (դանքը շույն՝ նշանակում է շնորհակալություն)»,
- պատմում է տիկին Գևորգյանն ու եզրակացնում՝ գերի էին, բայց եվրոպական քաղաքավարության կանոնները չէին մոռանում։

»
Լուսանկարները տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
Հաղթանակի կամրջից հետո երկրորդ հայտնի գործը, որին մասնակցել են ռազմագերիները, Հաղթանակի զբոսայգի տանող` Սարալանջի ճանապարհի բազալտե հենապատերն են։ Գերմանական որակն այստեղ էլ է երևում. գրեթե 75 տարի առաջ շարված քարերից ընդամենը մի քանիսն են պոկվել, ընկել։ Մյուսները կանգուն են։
Արվեստաբան Սերգեյ Առաքելյանի հիշողությունից ոչ մի պատառիկ չի կորել՝ դեմքերը, դեպքերը, իրադարձությունները հիշում է երեկվա պես։ Օրինակ` այն, թե ինչպես իր դպրոցի շենքը 1942-43 թվականներին ռազմական հոսպիտալ դարձավ, իրենց դպրոցն էլ դիմացի շենք տեղափոխվեց (խոսքը Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի մասին է)։

Սերգեյ Առաքելյան
Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց
Առաքելյանն այսօրվա պես հիշում է նախորդ դարի քառասունականներին դպրոցից փախուստները։

«

Սերգեյ Առաքելյան
«Գնում էինք «Պլանի գլուխ», որ աշխատող ռազմագերիներին տեսնենք։ Մեր հայոց լեզվի ուսուցչուհին գիտեր, թե ուր ենք գնում, ասում էր՝ գնացեք, բայց զգույշ եղեք, որ պարետը չիմանա։ Մենք ի՞նչ գիտեինք, թե պարետն ինչ է»,
- ծիծաղելով պատմում է հայտնի արվեստաբանը, հիշելով, թե ինչքան լավ տպավորություն էին իրենց վրա թողնում ռազմագերիները։ Քիչ ու միչ ռուսերեն էին խոսում, այդպես էլ հաղորդակցվում էին՝ «мальчик, здравствуй»։ Այսքանը բավական էր հետաքրքրասեր փոքրիկներից հաց ու շաքար ստանալու համար։
Լուսանկարը` hinyerevan.com-ի
Լուսանկարը` hinyerevan.com-ի

Սերգեյ Առաքելյան
«Մի տղա կար՝ գերմանացի էր, երաժիշտ։ Հաճախ շրթհարմոն էր նվագում։ Մի անգամ «Կռունկը» լսեցինք, մի ձևով հասկացրինք, որ հայկական է, ինքն էլ բացատրեց, որ Գերմանիայում հայ ընկեր ուներ, նա է սովորեցրել հայկական երգեր»։

»
Մի այսպիսի պատմություն կա, որի իրական կամ հորինված լինելը նույնպես չգիտենք, բայց սա քաղաքային սիրելի պատմություններից է։ Ասում են՝ մի անգամ մեքենա վարելիս վարորդն այդ պատի մոտ մի տղամարդու է տեսել, որը հենվել էր քարերին ու արտասվում էր։ Կարծելով, թե վատ է զգում՝ անմիջապես օգնության է շտապել։ Օտարախոս տղամարդը մի կերպ բացատրել է, որ ժամանակին ռազմագերի է եղել, և այս քարերը նաև իր ձեռքերով են շարվել։

Լուսանկարը` hinyerevan.com-ի
Լուսանկարը` hinyerevan.com-ի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնվել է 1933 թվականին։ Այն ժամանակ նացիստ ռազմագերիներ չկային։ Դա այն տարին էր, երբ Ադոլֆ Հիտլերը Գերմանիայի կանցլեր դարձավ։ 1946 թվականին Նինա Ալեքսանյանն ընդամենը 13 էր։ Ապրում էին օպերայի շենքի հարևանությամբ՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի անկյունային շենքում։ Դպրոցում սովորում էր երկրորդ հերթափոխով, դասը սկսվում էր 13:30–ին:

Կենտրոնում ժպտացողը՝ Նինա Ալեքսանյան

«

Նինա Ալեքսանյան
«Հերթական մի օր դասի գնալիս` տեսա նրանց թատրոնի բակում։ Շենքը կառուցված էր, բայց ներսում շինարարական աշխատանքներ էին կատարվում, որոնց նրանք էլ էին մասնակցում»,
- հիշում է մասնագիտությամբ միկրոբիոլոգ տիկին Նինան, որն այդ օրվանից հետո դպրոց գնալու համար միշտ ընտրում էր այգու միջով անցնող ճանապարհը, որ նորեկներին մոտիկից տեսնի։
«Ռուսերեն մի քանի բառ գիտեին, այդ թվում՝ «девочка, хлеб»»։
Տիկին Նինայենց ընտանիքում այն ժամանակ չորս երեխա էր մեծանում, այնպես որ, մայրը յուրաքանչյուր շնչի դիմաց գրամով ստացվող հացը կտորների էր բաժանում, ծրագրում, թե քանի կտորն օրվա որ ժամին պետք է ուտեն, առանձնացնում կտորներ երեխաների դպրոցական ընդմիջման համար։ Փոքրիկ Նինան սկսեց մայրիկի` խնամքով դրած հացի կտորները կիսել ռազմագերիների հետ երբեմն մոր գիտությամբ, բայց ավելի հաճախ` թաքուն։ Թեպետ փոքր էր, բայց լավ հիշում է, որ նրանք երիտասարդ էին, շատերը՝ հմայիչ։ Այդպես էլ ընտրում էր, թե ում է հացը բաժին հանելու։ Բնականաբար՝ ամենահմայիչների բախտն էր բերում։
«Ոմանք անունս էլ գիտեին․ Նինա էին կանչում։ Մոխրագույն հագուստով էին ու գլխարկ ունեին։ Հիշում եմ՝ նրանցից մեկը նույնիսկ ինձ համար փայտե տիկնիկ էր պատրաստել ի նշան երախտագիտության։ Մի հերթական օր էլ թեքվեցի այգի, տեսա` նրանք չկան։ Տեղում բանվորներ էին աշխատում. մոտեցա, հարցրի, ասացին, որ արդեն իրենց երկրներ են գնացել»։

»
Քառասունականներին երևանցի փոքրիկներից շատերն են ռազմագերիներից փայտե, նաև քարե տարբեր խաղալիքներ նվեր ստացել՝ տիկնիկներ, արձանիկներ։

Լրագրող, հրապարակախոս Ռուբեն Գյուլմիսարյանն, օրինակ, հիշում է իր մանկության տարիներին հայրիկի դարակում պահվող փայտե սուլիչը, որով խաղալ, տանը սուլել թույլ էին տալիս, բայց տնից դուրս հանելն արգելված էր։ Միայն տարիներ անց իմացավ, որ սուլիչը հայրը նվեր էր ստացել ռազմագերուց։

Ռուբեն Գյուլմիսարյան
Այդ տարիներին Երևանում մեծ թափով բնակելի շենքեր էին կառուցվում։ Գերմանացի ռազմագերիները մասնակցում էին նաև այդ աշխատանքներին։ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը հիշում է` քաղաքն այն ժամանակ ուրիշ էր. Բաղրամյան փողոցը, որպես այդպիսին, չկար։ Անտառներ էին։ Այդտեղ 1946-47 թվականներին ռազմագերիները սկսեցին կառուցել փողոցի թիվ մեկ տունը` վարդագույն տուֆից։

Ձախից` Սպարտակ Խաչիկյան, Արթուր Թարխանյան, Հրաչ Պողոսյան
Բաղրամյան 1
Բաղրամյան փողոց, 1948 թ․
Լուսանկարը` hinyerevan.com-ի
Բաղրամյան փողոց, 1948 թ․
Լուսանկարը` hinyerevan.com-ի

«

Հրաչ Պողոսյան
«Հիշում եմ նրանց` զինվորական մաշված շորերով, մայթին նստած` քարեր տաշելիս։ Շինհրապարակում աշխատում էին, նաև մանր-մունր բաներ էին պատրաստում, դրանք փոխանակում սննդի հետ»։
Պողոսյանը լավ հիշում է տուֆից էլեկտրական վառարանները, որոնք այդ կողմով անցնողները «գնում էին»՝ դրա դիմաց վճարելով մթերքով։
«Նաև տուֆից փոքրիկ արձանիկներ էին պատրաստում, նվիրում երեխաներին։ Չեմ հիշում, թե երբ ռազմագերիները գնացին, բայց հիշում եմ, որ Երևանի մեծ ջրհեղեղի ժամանակ ես նրանց արդեն չէի տեսնում»։

»
Երևանի մեծ ջրհեղեղը 1946 թվականի մայիսի 25-ին է եղել։ Իրականում այդ ժամանակ ռազմագերիները դեռ Խորհրդային Հայաստանում էին, պարզապես անընդհատ տեղից տեղ էին տեղափոխվում՝ մի տեղում աշխատանքն ավարտում էին, մյուսում՝ սկսում։

Երևանի մեծ ջրհեղեղը (1946 թ․)
Լուսանկարը՝ hovikcharkhchyan.wordpress.com-ի
Երևանյան հիշողություններով է իր պատմությունը սկսում նաև Ռոբերտ հայրիկը։ Ապրում էին Նալբանդյան 130 հասցեում։ Հիմա իրենց բակն արդեն չկա, Երևանում շատ բան է փոխվել։

Ձախից՝ Ռոբերտ Դաշտոյան

«

Ռոբերտ Դաշտոյան
«Այն ժամանակ կարմիր տուֆից ոստիկանության շենք կար, որի հետևում կաթսայատունն էր։ Այդպես էինք տաքանում։ Ռազմագերիները քարածուխ էին էդտեղ բերում, լցնում։ Դժվար տարիներ էին, մենք լավ չէինք ապրում, բայց մորս մեղքը գալիս էին, երբեմն ասում էր՝ էս հացը տարեք, տվեք, բայց զգույշ կլինեք, որ զինվորները չտեսնեն։ Մի քիչ այն կողմ կանգնած զինվորներ էին նրանց հսկում․ դե, երեխեք էինք, խաղալով տանում, տալիս էինք, ոչինչ չէին ասում»։

»
Շինություն Բաղրամյան փողոցում, 1950թ.
Սերգեյ Բաբլումյանն ապրում էր Հաղթանակի կամրջից ոչ հեռու, Շահումյան փողոցի համար 14 տանը։ Հիշում է՝ ամեն օր զինվորների հսկողությամբ ռազմագերիներին բերում էին շինարարությունը շարունակելու։

«

Սերգեյ Բաբլումյան
«Մի մեծ պահեստարան (цистерна) կար, որի մեջ իրենց պատրաստած խաղալիքներն էին պահում՝ տարբեր չխչխկաններ, փայտից խաղալիքներ, սուլիչներ»։
Դրանք այն նվերներն էին, որ բաժին էին հասնում փոքրիկներին մի կտոր հացի, մրգի կամ կոնֆետի դիմաց։ Բաբլումյանը թեպետ երեխա էր, բայց լավ հիշում է՝ նրանց որպես թշնամիների չէին վերաբերվում, նրանք էլ բարեխղճորեն էին աշխատում։
«Մեզ հետ նույն մուտքի երրորդ հարկում ապրում էր Սպարտակ Կնթեղցյանը, որը հետո հայտնի ճարտարապետ դարձավ։ Երիտասարդ տղա էր, նոր էր պատերազմից վերադարձել` առանց մի ոտքի։ Հետաքրքիր է՝ նրա ծնողներն էլ էին գերմանացիներին կերակրում։ Նրանց որդին վիրավորվել էր պատերազմում, նրանց դեմ կռվելով հաշմանդամ դարձել, բայց նրա ծնողներն այդպիսի մարդասիրություն էին ցուցաբերում»։
Բաբլումյանը հիշում է, որ հարևաններով կատակում էին, թե իրենց տներում գերմանական կահույք է։ Ռազմագերիները սննդի դիմաց նաև տարբեր աթոռակներ, սեղաններ էին պատրաստում, որոնցից շատերն ունեին։

»
Օպերատոր Լևոն Գրիգորյանը շատ ավելի երիտասարդ է և իր աչքերով գերմանացի ռազմագերիներին չի տեսել։

Փոխարենը ռազմագերիներին Լևոնի հայրն է տեսել՝ Իվան Գրիգորյանը։ Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, մինչև Բեռլին էր հասել։ Երբ պատերազմից վերադարձավ, Զաքյան փողոցում բնակելի շինություններ էին կառուցվում։ Հիմնական բանվորական ուժը ռազմագերիներն էին, տարբեր աշխատանքներում մասնակցում էին նաև ապագա բնակիչները, այդ թվում՝ Լևոնի հայրը։

Իվան Գրիգորյան՝ Լևոն Գրիգորյանի հայրը
Իվան Գրիգորյանը՝ կենտրոնում

«

Լևոն Գրիգորյան

«Ինքը կռվել էր այդ մարդկանց դեմ, բայց բացարձակ «լցված» չէր։ Անգամ հաց ու ջուր էր տալիս նրանց»,-
ասում է Լևոնն ու ավելացնում, որ գերմանացիների կառուցած գոնե այս շենքերը տարբերվում են պատերի ամրությամբ՝ հաստությունը մոտ մեկ մետր է։ Հիշում է, որ երբ փոքր էր, խաղում էր պատուհանագոգին: Մայրն այնտեղ էր իրեն նստեցնում կերակրելու համար։

»
Զաքյան փողոց
Գերմանացի ռազմագերիները մասնակցել են նաև Մատենադարանի շենքի հիմնարկեքին, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի, Մաշտոցի, Թումանյան, Նար-Դոսի փողոցների տարբեր բնակելի տների, Մաշտոցի պողոտան մանկական երկաթուղուն կապող թունելի, «Դինամո» մարզադաշտի կառուցմանը։ Հանրապետության այլ բնակավայրերում ևս ռազմագերիներից մնացած շինարարական հիշատակներ կան, օրինակ` Սևանի հոգեբուժարանի շենքը, Արմավիրի երկհարկանի հանրակացարանը և այլն։

«Դինամո» մարզադաշտը 50-60-ական թվականներին
Երևանի մանկական երկաթուղին (1950-ական թթ.)
Մաշտոցի պողոտան Մանկական երկաթուղուն կապող թունելը
Խորհրդային Հայաստանում, ինչպես ամբողջ Միությունում, ակտիվ շինարարական աշխատանքներ էին կատարվում. զարգանում էր արդյունաբերությունը, այդ թվում՝ քիմիական արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը։ Այսպիսով՝ աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան տեղափոխված ռազմագերիներին բաժանեցին հանրապետության ամբողջ տարածքով։ Հիմնականում նրանք մասնակցում էին շինարարական աշխատանքներին, բայց նաև գործարաններում էին աշխատում։

ԱԱԾ տվյալներով՝ ռազմագերիները մասնակցել են Սևանի ՀԷԿ-ի և Սպիտակի շաքարի գործարանի կառուցման աշխատանքներին, Արարատի ցեմենտի կոմբինատում կատարել բանվորական աշխատանքներ: Վերը նշված քաղաքներում շինարարական աշխատանքներ իրականացնող ռազմագերիների թվաքանակի և նրանց կողմից այլ շինությունների կառուցման վերաբերյալ այլ տվյալներ ԱԱԾ-ում առկա չեն:

Ավագ սերնդի մարդիկ պատմում են, որ ռազմագերիներն աշխատել են նաև «Քանաքեռ» ՀԷԿ-ում, Վանաձորի քիմիական կոմբինատում, «Նաիրիտում», նախկին Կիրովի գործարանում, Քանաքեռի ալյումինի գործարանում։
Երևանի «Նաիրիտ» գործարանը (1960-կան թթ.)
Քանաքեռի ալյումինի գործարան (1945-1948թթ.)
Սպիտակի շաքարի գործարան (1946-1947թթ.)
Սևանի ստորգետնյա ՀԷԿ-ը (1947-49թթ.)
Ազգային արխիվում թերթելով հարյուրավոր լուսանկարներ՝ հաջողվեց գտնել Ալյումինի` հայտնի Կանազի գործարանի տարածքում գտնվող ռազմագերիների ճամբարի լուսանկարը։
Քանաքեռի ալյումինի գործարանում ռազմագերիների ճամբարը (1945թ.)
Ռազմագերիներն աշխատել են նաև Սևանի ստորգետնյա ՀԷԿ-ի տարածքում։ Հայտնի է, որ ռազմագերիների շարքում եղած լավ մասնագետներին չէին ներգրավում տաժանակիր աշխատանքներում. նրանք մասնակցում էին որպես խորհրդատուներ։ Միգուցե Տիդենը նրանցից մեկն էր։ Ի դեպ՝ ՀԷԿ-ի արխիվային լուսանկարներում մենք գտանք գլխավոր ինժեների լուսանկարը՝ մակարգրված Н.В. Тиден։
Սևանի ստորգետնյա ՀԷԿ-ի գլխավոր ինժեներ Ն.Վ. Տիդեն (1940-ական թթ.)
Տիդեն ազգանունը շվեդական է։
Ռազմագերիների շարքերում տարբեր տեսակի մարդիկ կային՝ թե՛ սովորական, պարզ զինվորներ, որոնք պարզապես հրաման էին կատարել, թե՛ երդվյալ նացիստներ` պատերազմի իսկական հանցագործներ։ Կային նաև շնորհալի արհեստավորներ, ինժեներներ, ճարտարապետներ ու նույնիսկ գիտնականներ։ Նրանց անունները մենք չգիտենք․ թերևս միակ բացառությունը Կոնրադ Լորենցն է։ Ավստրիացի հայտնի կենդանաբան-էթնոլոգը, կամ այլ կերպ ասած՝ կենդանիների հոգեբանն իր կյանքի երկու տարին անցկացրել է Հայաստանում՝ ռազմագերու կարգավիճակում, իսկ հետագայում նա նույնիսկ Նոբելյան մրցանակակիր է դարձել։

Կոնրադ Լորենց
որԿապանի տարեց բնակիչների հիշողություններում իրենց մոտ եղած ռազմագերիները հիմնականում ռումինացիներ էին։ Բնակիչները հիշում են՝ նրանց բարաքները կայարանին մոտ էին. հանքերում էին աշխատում, ճանապարհներ կառուցում, օրինակ՝ Կապան-Քաջարան ճանապարհը։

Պատմաբան, Խորհրդային Հայաստանի պատմության մասնագետ Կլիմենտ Հարությունյանը ցավով նշում է, որ իր աշխատանքի շուրջ քառասուն տարիների ընթացքում հնարավորություն չի ունեցել անդրադառնալու ռազմագերիների թեմային։ Այն ժամանակներում դա արգելված թեմա էր։ Հերոսական պատմություններ՝ ինչքան կցանկանաք, իսկ խորհրդային պատմության այս էջը փակ էր պատմաբանների համար։ Ասում է` գրեթե ամեն տարի Պոդոլսկ էր մեկնում արխիվներն ուսումնասիրելու համար, կատարած գրառումները նույնիսկ մանրամասն ստուգվում էին, միայն դրանից հետո տետրերը փոխանցում գիտնականներին։ Ծնունդով կապանցի Կլիմենտ Հարությունյանը թեման, որպես պատմաբան, ուսումնասիրել չի կարողացել, բայց մանկությունից ուղեկցող հիշողություններ ունի քաղաքում աշխատող ռումինացի ռազմագերիների մասին։ Ասում է` այնքան կարգապահ էին, որ անգամ խիստ հսկելու կարիք չկար։ Հիշում է, որ սովետական կալանավորների հանդեպ նույնիսկ ավելի խիստ էին, քան ռազմագերիների։

«

Կլիմենտ Հարությունյան

«Ֆաշիստ էին, բայց լավ մարդիկ էին։ Բնակիչներն այնքան լավ հարաբերություններ ունեին ռազմագերիների հետ, որ իրենց տուն էին կանչում, ճաշ տալիս»,
- պատմում է Հարությունյանը։ Հիշում է, որ հաճախ երեխաներն էին գերիներին հաց տանում. դա իրենց համար խաղի նման մի բան էր։ Ինքն էլ է հաճախ հաց տարել։ Դրա փոխարեն փայտե խաղալիք է նվեր ստացել։
«Շատ հետաքրքիր խաղալիք էր՝ փայտե «տուռնիկից»՝ ձողից կախված մարդուկ էր, փայտի կողքերին սեղմում էիր, մարդուկը պտտվում էր։ Բայց չպահեցի խաղալիքը։ Այն ժամանակ մտքովս չէր անցնում, որ հետո կարևոր բան է լինելու»,
- հիշում է պատմաբանն ու ավելացնում, որ իր աչքերով է տեսել, թե ինչպես են ռումինացիները Կապանում նաև կամուրջ կառուցում։
Կապանում, ռազմագերիների կառուցած կամուրջը, որը վերանորոգվել է մի քանի տարի առաջ

Կլիմենտ Հարությունյան
«Այնքան լավ որակ ուներ նրանց կառուցածը, հիշում եմ` 1947-48թթ. ջրհեղեղից գետը վարարեց, բոլոր կամուրջները քշեց, տարավ, բայց նրանց կառուցածը մնաց։ Շատ լավ եմ հիշում, որովհետև դպրոցական էի, ռումինացիների կառուցած կամրջի վրայով անցնում, դպրոց էի գնում»,
–պատմում է Կլիմենտ Հարությունյանը։

»
Կան կապանցիներ, որոնք պնդում են, թե ռումինացիները ոչ թե մեկ, այլ երեք կամուրջ են իրենց քաղաքում կառուցել։ Ամենից հաճախ նրանց խոսքում Դավիթ Բեկի արձանի հարևանությամբ գտնվող կամուրջն է հիշատակվում: Իհարկե՝ դրա հին տարբերակը։ Տարիներ առաջ կամուրջը վերանորոգվեց ու նոր տեսք ստացավ։
Ռազմագերիների գերեզմանատունը Գյումրիում
Ռազմագերիների գերեզմանատունը Գյումրիում
ԱԱԾ տվյալներով` շուրջ 14,800 ռազմագերիներ 1945-1949թթ. տեղափոխվել են այլ երկրների ճամբարներ կամ հոսպիտալներ: 1948 թվականին երկրով մեկ հայտարարվում է համաներում, արդեն նախկին ռազմագերիներին թույլատրվում է վերադառնալ իրենց երկրներ։ Սակայն ոչ բոլորն են տուն վերադառնում։ Մի մասը պատերազմում ստացած վերքերից կամ տարածված հիվանդություններից այստեղ կնքել էին իրենց մահկանացուն։ Ըստ որոշ տվյալների՝ նախկին ԽՍՀՄ տարածքում
1722
ռազմական գերեզմաններ կան, որոնցում մոտ 230 հազար գերմանացի ռազմագերիներ են թաղված։
ԱԱԾ տվյալներով` շուրջ 14,800 ռազմագերիներ 1945-1949թթ. տեղափոխվել են այլ երկրների ճամբարներ կամ հոսպիտալներ: 1948 թվականին երկրով մեկ հայտարարվում է համաներում, արդեն նախկին ռազմագերիներին թույլատրվում է վերադառնալ իրենց երկրներ։ Սակայն ոչ բոլորն են տուն վերադառնում։ Մի մասը պատերազմում ստացած վերքերից կամ տարածված հիվանդություններից այստեղ կնքել էին իրենց մահկանացուն։ Ըստ որոշ տվյալների՝ նախկին ԽՍՀՄ տարածքում 1722 ռազմական գերեզմաններ կան, որոնցում մոտ 230 հազար գերմանացի ռազմագերիներ են թաղված։

Ըստ ԱԱԾ տվյալների` Հայաստանում 1945-1949թթ. մահացել են մոտ
1360
ռազմագերիներ։
Ըստ ԱԱԾ տվյալների` Հայաստանում 1945-1949թթ. մահացել են մոտ 1360 ռազմագերիներ։
Նրանք թաղվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Գյումրու Էնգելսի փողոցում` երկաթյա ցանկապատով առանձնացված տարածքում, Աբովյանի Էլլար թաղամասում, Սպիտակի նախկին շաքարի գործարանի դիմաց` երկաթյա ցանկապատով առանձնացված տարածքում, Արթիկի հարավ-արևմտյան մասում` պարսպապատված և կանաչապատված տարածքում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում մահացել են 1300-1500 ռազմագերիներ, և նրանց գերեզմանները 14-ն են։ Հայաստանում թաղված են նացիստական զորքերի կազմում կռված տարբեր ազգերի ներկայացուցիչներ, կան տվյալներ նույնիսկ 5 լյուսքսեմբուրգցիների մասին։

Գերմանիայում գործող հիմնադրամը ֆինանսավորում է այդ հուշարձանների պահպանումը։ Ամեն տարի նոյեմբերի երրորդ կիրակի օրը նշվում է համագերմանական ազգային վշտի օր (Volkstrauertag)։ Ի սկզբանե այս օրը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմում զոհված գերմանացիների հիշատակի ոգեկոչմանը, իսկ 1948թ.-ից նշվում է որպես երկու համաշխարհային պատերազմներում զոհվածների հիշատակի համար վշտի օր։ Այս օրը հիշեցնում է բռնության զոհերի մասին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։
Ռազմագերիների գերեզմանատունը Երևանում
Ռազմագերիների գերեզմանատունը Գյումրիում
Հրանտ Մաթևոսյանի թանգարանի առջև կանգնեցված հունգարացի ռազմագերիների հուշարձանը
Ոմանք էլ հայրենիք չվերադարձան, որովհետև իրենց նոր տունն այստեղ՝ Հայաստանում գտան։ Թեպետ ԱԱԾ-ում Հայաստանում մնացած ռազմագերիների մասին տվյալներ չկան, սակայն Կապան քաղաքում նրանց մասին բազմաթիվ պատմություններ են հիշում։ Իրենց տունը Հայաստանում գտած ռումինացիներից ամենահայտնին Վասյա Կոգուրն էր։
Կապանի պատմությունն իր գրքում շարադրած Նինա Դանիելյանը մանրամասն պատմում է Վասյայի մասին, որը հենց գերության տարիներին ծանոթանում է տիկին Վահանուշի հետ։ Նրա ամուսինը պատերազմ էր մեկնել ու չէր վերադարձել։ Այդպես ռումինացի Վասյայի ու կապանցի Վահանուշի ճակատագրերը միավորվում են, նրանք ընտանիք են կազմում։

Վասյա Կոգուր
Տիկին Նինայի պատմությունը շարունակում է Վասյայի ու Վահանուշի դուստրը՝ Վեներա Սարգսյանը։ Ինքը ևս Կոգուր է եղել, ամուսնությունից հետո է ազգանունը փոխել։ Պատմում է, որ հայրն Արևմտյան Ուկրաինայի գյուղերից մեկում է ապրել, Ռումինիայի սահմանին մոտ։ Շատ բան չգիտի, որովհետև հայրը չէր սիրում անցյալի մասին խոսել. նախկին ռազմագերին դեռ չէր կարողանում մի կողմ թողնել վախերը։ Վեներան միայն լսել է, որ հայրն ու համագյուղացիները նույնիսկ չեն էլ հասցրել Խորհրդային Միության դեմ զենք վերցնել. առաջ ընթացող Կարմիր բանակի զինվորները Վասյայի գյուղ մտնելով՝ տղամարդկանց միանգամից գերեվարել են։ Այսպես ապահովել են, այսպես ասած, թիկունքի ամրությունը՝ թերևս մտավախություն ունենալով, որ նրանք հետագայում կարող են միանալ հիտլերյան բանակին։ Հոր պատմություններից գիտի, որ հանքում, հետո նաև փայտի սղոցարանում է աշխատել։
Ձախից՝ Վասյա Կոգուր, Վասյայի մայրը, Վահանուշն ու երեխաները
Ձախից՝ Վասյա Կոգուր, Վասյայի մայրը, Վահանուշն ու երեխաները

«
«Հայրս պատմում էր, որ ծանր են ապրել, դժվար է եղել, բայց մարդիկ իրենց այնքան լավ են վերաբերվել, որ շատերը մնացել, այստեղ էլ ամուսնացել են։ Ինքն էլ Գորիսում ատամնաբուժական դասերի է գնացել, դարձել ատամնաբույժ, շատ սիրված ու հարգված մարդ էր Կապանում»,
- հիշում է տիկին Վեներան ու ավելացնում, որ Ռումինիայում հայրը Վազգեն 1–ին վեհափառի հետ գիմնազիայում է սովորել։ Չգիտի, թե ինչպես, բայց կաթողիկոսն իմանում է, որ Վասյան Հայաստանում է, որպես ռազմագերի է բերվել ու մնացել։ Ասում են՝ դրանից հետո վեհափառը շատ էր օգնում նախկին դասընկերոջը։

»
1982 թվականին Վասյա Կոգուրը մահացավ, իսկ նրա ատամնաբուժական գործը շարունակեց որդին, հետո էլ թոռը՝ պահպանելով Կապանում ռումինացի ռազմագերի Վասյայի մասին հիշողությունները։
Հայաստանի տարբեր քաղաքներում ինչպես անսպասելի հայտնվեցին գերմանացի ռազմագերիները, այնպես էլ մի օր անհետացան։ Նրանց մասին խոսելիս հաճախ օգտագործեցինք «ասում են», «պատմում են», «ըստ որոշ աղբյուրների» արտահայտությունները, որովհետև նրանց մասին բոլոր տվյալները երկար տարիներ ծայրաստիճան գաղտնի են պահվել ԱԱԾ-ի արխիվներում։ Նրանց վերաբերող փաստաթղթերը, անուններ, միգուցե նաև լուսանկարներ` հիմա էլ հանձնված չեն ՀՀ ազգային արխիվ, դեռևս իրավապահ մարմինների հսկողության տակ են պահվում։ Այս ամբողջ պատմության բոլոր կամ գրեթե բոլոր հարցականները կջնջվեն, երբ այդ փաստաթղթերը հասանելի դառնան։

Հստակ է մի բան՝ ֆաշիստները Հայաստան հասան, բայց քանդելու փոխարեն` կառուցեցին։ Քարը քարի վրա չթողնելու իրենց կարգախոսներին հակառակ՝ քարը քարի վրա դրեցին։ Այստեղ հայերն իրենց վերաբերմունքով, հյուրասիրությամբ, ուշադրությամբ սովորեցրեցին՝ թշնամու հանդեպ կարելի է նաև գթասիրտ լինել, ներել նրան ու անգամ բարեկամանալ նրա հետ։ Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայերին օգնության շտապած գերմանացիների թվում նաև նախկին ռազմագերիներ կային, որոնք դեռ չէին մոռացել այն հասարակ մարդկանց, որոնք գերության տարիներին իրենց հաց ու ջուր էին տվել։

Հեղինակ՝ Մարիաննա Փայտյան

Խմբագիր՝ Անժելա Մամաջանյան

Ֆոտոխմբագիր՝ Անդրանիկ Ղազարյան

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

Տեսանյութերը՝ Արամ Ներսեսյանի

Ձևավորումը՝ Շուշանիկ Սարգսյանի

Նախագծի ղեկավար՝ Նաիրա Մելքումյան



Լրահոս
0