Մակարյան. Էլեկտրաէներգիայի սակագնից բացի խնդիր է նաև դրա որակը

© Sputnik / Самвел СепетчянГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մակարյանը տարօրինակ է համարում նախարարության այն հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքը համապարփակ խնդիր է, բացի գնից և ամենից, խնդիր է նաև հոսանքի որակը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նրա կարծիքով` հոսանքի որակը բավարար չէ ո՛չ քաղաքացիների, ո՛չ էլ բիզնեսի համար: «Հոսանքի տատանումները շատ են, այսինքն՝ բացի գնից, լուրջ խնդիր է նաև որակը»,-նշել է նա:

Տնտեսագետը նկատում է՝ եթե մի բան վաճառում են,  ապա դա երկու նպատակ ունի. առաջինը՝ որոշակի գումար հայթայթել, երկրորդը՝ կարգավորել այն խնդիրը, որը նախկին  սեփականատիրոջ ժամանակ չի լուծվում արդյունավետորեն: «Գնի մասով մեկնաբանություն չունեմ, որովհետև եթե օֆշորային ընկերություն է, ապա գործարքն այդքան թափանցիկ չէ, կարծում եմ, պետք է հօգուտ գործընթացի կատարվի»,-նկատել է բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում նախատեսված աուդիտին, ապա Մակարյանն ընդգծում է, որ նամակով դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ պարզելու, թե ինչպիսի ստանդարտների շրջանակում պետք է փորձել պահել և կատարել աուդիտը: «Կան միջազգային ստանդարտներ, որոնք վերաբերում են աուդիտ իրականացնող կազմակերպությանը և աուդիտ իրականացնող անձանց, նրանց որակական հատկանիշներին: Ես առաջարկել եմ նաև, որ աուդիտը լինի թափանցիկ: Նախարարությունը պատասխանել է, որ ոչ միայն մեզ, այլ նաև հանրությանը տեղյակ կպահվի աուդիտի արդյունքների մասին»,-ասել է տնտեսագետը:

Մակարյանի համար տարօրինակ է նախարարության այն հայտարարությունը, որ  սակագինը չի  փոխվելու:

«Եթե գնորդը նրանք չեն, ապա ինչպե՞ս կարող են ենթադրել: Ինձ համար աբսուրդ է, որ նախարարությունն առաջ է ընկնում և հայտարարում է մի բան, որն արդեն իր լիազորություններից դուրս է: Այդ նույն նախարարությունն այս պրոցեսներում բազմաթիվ անգամ պատճառաբանում էր, որ չունի լծակներ ազդելու այդ գործընթացի վրա, որ դա հանձնաժողովի կամ ցանցերի խնդիրն է: Ես մի քանի անգամ նշել եմ, որ նախարարությունն ունի լիազորություններ, և կարող է դրանք կիրառել ՀԷՑ-ի նկատմամբ, բայց չի կիրառել: Հիմա էլ հանկարծ ասում են, որ գները չեն փոխվի, այսինքն, եթե չունի նման լիազորություններ, ապա հիմա որտեղի՞ց այդ լիազորությունը նման հայտարարություն անելու համար: Ինձ համար դա շատ տարօրինակ է»,-ընդգծել է Գագիկ Մակարյանը:

Լրահոս
0